Ասք կարմիր կովի եւ Սահմանադրության մասին

Վահրամ Թոքմաջյան

Բրիտանացի գիտնականները եւ բախտագուշակ Վարսիկը վաղուց արդեն պարզել են, որ մեր ողբերգությունների մեջ մեղավոր են ամեն ինչ եւ յուրաքանչյուր ոք, բացի գործող իշխանությունից։ Մեղավոր է, օրինակ՝ Տիգրան Մեծը, որը կնքեց Արտաշատի կապիտուլյացիան, մեղավոր է Մասիս սարը, ուրիշ տեղ չունե՞ր կանգնելու։ Չնայած չար լեզուներն ասում են, որ սահմանադրական փոփոխությունների համատեքստում կապամոնտաժվի նաեւ Մասիս սարը։

Մեղավոր են Լեւոնը, Վազգենը, Վանոն, բոլոր այն կռվողները, որոնք ժամանակին ազատագրեցին Ղարաբաղը։ Է ինչի՞ էիք ազատագրել, որ էս խեղճ մարդն էլ պատերազմի մեջ ընկներ։ Հիմա արդեն մեղավոր են Սահմանադրությունն ու Անկախության հռչակագիրը։ Հռչակագրի շուրջ չեմ ծավալվի, դրա վերաբերյալ փոքրիկ հաղորդում ունեմ, ում հետաքրքիր է՝ թող դիտի։ 

Պատմական ռեմարկ

Իշխանությունն ասում է, որ Հայաստանում որեւէ Սահմանադրություն չի արտացոլել ժողովրդի կամքը։ Դա մեր ժողովրդի արտահայտած կամքը չէ։ Ի դեպ, սա ասում է մի իշխանություն, որի առաջնորդը 2015 թ․ սահմանադրական փոփոխությունները համարում էր կեղծ օրակարգ, մինչ որոշ ազնիվ մարդիկ տեղամասերում կռիվ էին մղում Սերժ Սարգսյանի ընտրակեղծարարների հրոսակախմբերի դեմ։ Բայց իշխանության արտահայտած մտքի առաջին մասի հետ համաձայն եմ։ Այո՛, Հայաստանում մեկ անգամ ընդունվել է Սահմանադրություն 1995 թ․, որի հիմքն Անկախության հռչակագրի 12-րդ հոդվածն էր։ 1995 թ․ ընտրությունները դեռ կշահարկվեն։ 

Ռոբերտ Քոչարյանը երկրորդ փորձից կարողացավ փոփոխել Սահմանադրությունը, որը նուրբ ռումբ էր՝ տեղադրված հաջորդ իշխանության, ի մասնավորի՝ Սերժ Սարգսյանի տակ։ 2003-ին նա ձախողեց, ավելին, այս հանրաքվեի ժամանակ կողմերն անգամ քարոզարշավի չգնացին։ Քոչարյանը խրատվեց յուր մեծամտությունից եւ հաջողեց միայն 2005-ին՝ բարոյազրկված ընդդիմության դիմադրությանն անգամ չարժանանալով։ 

Պաշտոնական տվյալներով՝ կողմ քվեարկեց 1 միլիոն 411 հազար 711։ Այս տվյալներն իհարկե եփած հավի ծիծաղը կշարժեն, բայց հոգեդարձ չանենք այդ ազնիվ կենսատու թռչունին։ Այդ հանրաքվեն ստացավ «ուրվականների հանրաքվե» անվանումը։ Դա բնութագրում էր այն կեղծիքների եւ լցոնումների ծավալը, որը տեղի էր ունեցել հանրաքվեի ժամանակ։ Իսկ այն չեմ անվանի աննախադեպ, քանի որ նման՝ զանգվածային կեղծումներ մենք արդեն տեսել էինք։ 

Կեղծիքներն այնքան ակնհայտ էին, որ անգամ շառից-փորձանքից հեռու, մշտապես դոնդողանման կարծիքներ արտահայտող եվրոպացի դիտորդներն էին ստիպված հստակ գնահատական տալ։ Իսկ «Ոչ»-ի ճամբար ըստ էության չէր ձեւավորվել, քանի որ այն հարամել էին Քոչարյանի սիրելի ընդդիմադիրներ, իսկ հետագայում արդեն գործընկերներ՝ Վազգեն Մանուկյանը եւ Արտաշես Գեղամյանը։ Այս փոփոխությունները բազմաքայլ կոմբինացիայի մի մասն էին, որոնք հաջողությամբ վիժեցրեց Սերժ Սարգսյանը։ Այսինքն՝ 2005 թ․ սահմանադրական փոփոխությունները Ռոբերը Քոչարյանի համար էին։ 

Հաջորդ նախաձեռնությամբ հանդես եկավ արդեն Սերժ Սարգսյանը, երբ փոխեց ամբողջ կառավարման համակարգը։ Սա նրա նախավերջին վատությունն էր հայ ժողովրդին։ Սահմանադրությունն անվանվեց «Սերժ Սարգսյանի հագով կոստյում», որը, ինչպես հետագայում պարզվեց, համապատասխանում է նաեւ Նիկոլ Փաշինյանի չափսերին։ Ի դեպ, այս հանրաքվեն նույնպես կեղծվեց՝ ավելի նորարար մեթոդներով։ Մի առիթով կհրապարակեմ հուշերս։

Ի՞նչ ունենք այսօր

Վերադառնալով իշխանության շրջանառած առաջնային պոպուլիստական մտքին, որ «Հայաստանում Սահմանադրությունները երբեք չեն արտահայտել ժողովրդի կամքը», ապա ստիպված եմ փաստել, որ եթե անգամ իշխանությունը, մաքրված ցուցակներից հետո, ամենաազնիվ ճանապարհով փոխի Սահմանադրությունը եւ ստանա 580.001 ձայն, այն նորից չի արտահայտի ժողովրդի կամքը։ Սա պոպուլիստների սիրելի թեզն է՝ հղում անել կայուն փոքրամասնությանը, նրանց անվանելով ժողովուրդ, իսկ լուռ մեծամասնությանն օտարել, ծայրահեղ դեպքերում անվանել նաեւ ժողովրդի թշնամի։ Սա գյուտ չէ, այսպես են վարվել Իտալիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի պոպուլիստները, իսկ ծայրահեղ մեթոդներով՝ ֆաշիստները եւ կոմունիստները։ 

Իշխանությունը որքան էլ ջանա, չի ստանալու «ազնիվ աշխատավորների բազմաթիվ խնդրանքով» թեզը։ 

Յուրաքանչյուր տառաճանաչ, անգամ կիսագրագետ քաղաքացու համար ակնհայտ է, որ սա ներհայաստանյան օրակարգ չէ։ Այն պարտադրված է դրսից, որի մասին շատ բաց տեքստով ասաց նաեւ Իլհամ Ալիեւը։ 

Իհարկե, ինձ կարող եք մեղադրել ադրբեջանական խոսույթ տարածելու մեջ, սակայն այստեղ կա մեկ ԲԱՅՑ։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը՝ որպես հաղթող կողմ, ջանալու է վտիտ, կենսական օրգաններից զրկված ու իմունային համակարգը գրեթե կորցրած Հայաստանից քամել ամեն ինչ։ Իսկ Հայաստանը, ելնելով բազմաթիվ հանգամանքներից, չի կարող պատշաճ դիմադրել։ Սակայն հավատացած եղեք, զիջման այլ, ավելի ընկալելի ձեւեր կան, քան տառացի կատարել այն բոլոր պահանջները, որոնք քեզ ներկայացվում են։

Նիկոլ Փաշինյանն այս պահին իր լեգիտիմության կորի ամենաստորին հատվածում է։ Շատ ավելի ցածր հեղինակությամբ եւ հանրային աջակցությամբ, որն անգամ անհամեմատելի է նոյեմբերի 9-ից անմիջապես հետոյի հետ։ 

Ակնհայտ է, որ նա չունի հստակ հիմնավորումներ, թե ինչո՛ւ է ուզում փոխել Սահմանադրությունը կամ հռչակել Հայաստանի չորրորդ հանրապետություն։ 

Ակնհայտ է, որ նա կիլոմետրերով հեռու է Շառլ դը Գոլից։ Հանրային ռադիոյին տված հարցազրույցում նա այնքան խճճվեց «հիմնավորումների» մեջ, որ անգամ շփոթեց ժողովրդի ու ազգի աստիճանակարգությունը։ 

Պարզվում է, որ մենք հիմա ազգ ենք, որը պետք է դառնա ժողովուրդ։ Դասական ազգաբանության մեջ ցեղից են դառնում ժողովուրդ, իսկ ազգն արդեն էթնիկ համայնքի կազմակերպման բարձրագույն տիպն է, օժված նաեւ քաղաքական ինքնությամբ։ Բայց թողնենք այս բարդ բաները եւ վերադառնանք սահմանադրական օրակարգին։ 

Այս հարցում ակնհայտ է, որ չկա անգամ իշխանական կոնսոլիդացիա։ Ես ուզում եմ տեսնել այն մարդկանց դեմքերը, իշխանության մեջ մնացած գիտակից մարդկանց դեմքերը, որոնք ամենայն լրջությամբ «Այո՛» կքարոզեն։ 

Խոսքս ժամանակին ՀՀԿ կամ ԲՀԿ երիտթեւերում տեղավորված կամ չորս քաղաքական քավոր փոխածների մասին չէ։ Խոսքս հատկապես եւ ի սկզբանե ՔՊ թիմում եղած մարդկանց մասին է։ Էլ չեմ խոսում քաղաքական դաշտի ուրվական-կուսակցությունների կոնսոլիդացիայի մասին։ Ուրվականն ինչ-որ շատ օգտագործեցի այս տեքստում, բայց դե սիրուն բառ է, թող լինի։

Ինչի՞ն եմ կողմ

Այո՛, Հայաստանը պետք է ունենա փոփոխված Սահմանադրություն։ Կառավարման համակարգի այս մոդելը, հատկապես այս հավաքածու, անդեմ ԱԺ-ով, չարիք է Հայաստանի Հանրապետության համար։ Դեմ եմ եղել 2015-ի փոփոխություններին եւ շարունակում եմ պնդել, որ Հայաստանին առայժմ պետք է նախագահական կառավարման համակարգ։ Բայց այդ փոփոխությունները չպետք է անի այս իշխանությունը, քանի որ այն ձախողել է Հայաստանի համար կենսական բոլոր օրակարգերը։ Այդ փոփոխությունները չպետք է անի ու ռեսուրս էլ չունի անելու նախկին որեւէ իշխանություն։ Անկախության հռչակագիրը մեր պատմության միակ կոնսենսուսային փաստաթուղթն է՝ ամրագրված այդ ժամանակի բոլոր քաղաքական ուժերի կողմից։

Հ Գ Հետաքրքիր է, իսկ արդյոք նոր Սահմանադրության երկրորդ հոդվածում ամրագրվելո՞ւ է, որ ՀՀ քաղաքացին «տուգանքի մատերիալ է», իսկ արդյոք երրորդ հոդվածն ամրագրելո՞ւ է իշխանության՝ քաղաքացու վրա թքելու աստվածատուր իրավունքը։ Թերեւս այդ փոփոխություններից հետո կատարվի նաեւ կառավարության կառուցվածքային փոփոխություն, եւ ստեղծվի Թքակոծման եռամեծար նախարարություն։

Հ․ Գ․ 2. Ի՞նչ կապ ուներ կարմիր կովը։ Որեւէ կապ չուներ, զուտ ուշադրություն հրավիրելու համար էր։

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am