Ամեն ինչ փոխեց «Հայաստան» դաշինքի հանրահավաքը, շատերը որոշեցին ձայն տալ ՔՊ-ին, որպեսզի «Հայաստան» դաշինքի դեմն առնեն. Ռուբեն Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը 

– Պարո՛ն Բաբայան, ԱԺ արտահերտ ընտրությունների արդյունքներն ամփոփված են։ Խորհրդարան են անցնում Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները։ Ընտրության արդյունքները ի՞նչ են հուշում, մարդիկ ընտրություն կատարելիս ի՞նչը կարևորեցին։

– Նայած ով, դժվար է ասել։ Կարծում եմ՝ տարբեր մոտեցումներ են եղել, բայց հիմնականում երևի թե ավելի շատ առաջնորդվել են՝ ուզում ենք խաղաղություն։ Անկեղծ ասած՝ և՛ ինձ, և՛ շատերի համար անակնկալ էին նման արդյունքները, ես կարծում էի, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կստանար մոտավորապես 40 տոկոս: Կարծում էի՝ այդպես էլ գնում էր, բայց ամեն ինչ փոխեց ամսի 18-ի «Հայաստան» դաշինքի հանրահավաքը։

Շատ ու շատ մարդիկ, ես շփվել եմ նման մարդկանց հետ, ասում էին՝ կոնկրետ մտածում էին ուրիշ կուսակցության ձայն տալու մասին, բայց այդ օրը որոշեցին տալ ՔՊ-ին, որպեսզի «Հայաստան» դաշինքի դեմն առնեն։ 

Այդ հանրահավաքը հակառակ դերը կատարեց։ Սա իմ ենթադրությունն է։ 

Մեր կուսակցությունները շատ վատ են տիրապետում մարդկային հոգեբանությանը, մտել են մի ոլորտ, որտեղ գործ ունեն մարդկային հոգեբանության հետ, բայց շատ վատ են տիրապետում։ 

Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մեր քաղաքական ուժերը չունեն ոչ վերլուծական կենտրոններ, նրանք հանրային տրամադրությունների, կարծիքների մասին դատում են հանրահավաքներով, բայց դա ժողովորդի փոքր մասն է և չի արտահայտում մարդկանց մոտեցումը, շատ քիչ են շփվում մարդկանց հետ, որոնք իրենց կողմնակիցը չեն, արհամարհում են, պիտակավորում, բայց եթե վիրավորում ես, դու կտրում ես բոլոր ճանապարհները։

Ես, օրինակ՝ տխրում եմ, որ ԱԺ-ում ներկայացված չէ որևէ եվրոպամետ ուժ, բայց իրականում իրենք են մեղավոր, որովհետև, եթե իրենք միավորվեին հանուն այդ գաղափարի, Հայաստանի ապագան տեսնեին այդ քաղաքակրթական դաշտում, մանր-մունր տարաձայնությունները մի կողմ դնեին, հանդես գային մի ճակատում, հաստատ ներկայացված կլինեին ԱԺ-ում, կունենային ամբիոն։

Ես կարծում եմ՝ ոչ մի ուժ հաղթանակ չի տարել, իրականում հաղթել ենք մենք, եթե տեղի են ունեցել արդար ու ազատ ընտրություններ, սա ամենակարևորն է, համակրանքները թող մնան հետագայի համար, և, ի վերջո, սա դեռ ոչինչ չի նշանակում, հետագա աշխատանքը ցույց կտա՝ որքանով էր արդարացված այս ամեն ինչը, ընդ որում՝ և՛ իշխանության, և՛ ընդդիմության հետագա աշխատանքը։

– Պատերազմում ջախջախիչ պարտությունից հետո իշխանության հասցեին տարաբնույթ կոշտ որակումներին էին տրվում՝ «դավաճան», «կապիտուլյանտ»… Պատերազմի ավարտից հետո առաջ եկան անվտանգության լրջագույն հարցեր, չնայած այդ հանգամանքին, սահմանամերձ գյուղերում, մարզերում մեծ տոկոսով կրկին հաղթել է իշխող ուժը։ Ի՞նչն է մարդականց հույս տվողը։

– Ընդհանրապես, ՔՊ-ն գյուղական շրջաններում մեծ տոկոս է ստացել, սա ևս պետք է վերլուծեին նրանք, որ մասնակցում էին ընտրությանը՝ որտեղի՞ց է գալիս այդ համակրանքը, ազատ շփվել գյուղացիների հետ, հասկանալ՝ ինչ են ձեռք բերել նրանք 3 տարվա ընթացքում։ 

Իրականում նրանք շատ բան են ձեռք բերել, ձեռք են բերել ազատություն, այլևս տարբեր չինովնիկների հարկեր չեն մուծում, իրենց սեփականությունը ձեռքից չի խլվում, տեղական մարմինները նրանց ստրուկի նման չեն վերաբերվում։

Ինչպես պատերազմի լուրջ վերլուծության կարիք կա, այնպես էլ պարտադիր պետք է արվի ընտրությունների վերաբերյալ։ Ամենահեշտ բանը, որ կարելի է հիմա անել, որը և արվեց պատերազմից հետո, պարզապես հանրության հասցեին հնչող մեղադրանքներն են՝ տգետ են, այս են, այն են, եթե անգամ դա այդպես է, դա մեր մեղքն է։

– Սոցիալական ցանցերում շարունակվում են քննարկումները ընտրությունների արդյունքների շուրջ, հաճախ վիրավորանքի թիրախում են հայտնվում ընտրողները։ 


Այն քաղաքացիները, որոնք կայացած են, ունեն իրենց գործը, իրենց ճակատագրի տերն են, չեն խառնվում նման բաների: Մարդը, որն ունի աշխատանք, ընտանիք, հարաբերություններ, սիրում է բնություն, արվեստ, քաղաքականությանը նվիրում է տարին մեկ ամիս կամ 20 օր, չի կարելի, որ մարդն ամբողջ կյանքում ապրի քաղաքականության մեջ, չի կարելի, դա հիվանդություն է։ Մարդը մոռացել է ամեն ինչի մասին, ոչ մի հաճույք չի ստանում կյանքից, նստած է Ֆեյսբուքում ու ամբողջ օրը հայհոյում է, փոխադարձ հայհոյանք ստանում։

– Նոր խորհրդարանի աշխատանքի հետ կապված ի՞նչ սպասելիքներ ունեք։

– Ցավոք սրտի, 30 տարվա ընթացքում խորհրդարանին վերապահված է շատ չնչին դեր։ Երբ մենք խորհրդարանական երկիր դարձանք, ես հույս ունեի, որ խորհրդարանի դերը կբարձրանա, բայց նման բան չեղավ, խորհրդարանը շարունակեց մնալ զուտ օրենքներ դակող, մշակող մարմին: 

Եթե այդպես պետք է շարունակվի, պետք է պարզապես փոխել երկրի կարգավիճակը՝ վերադառնալ նախագահական կառավարման, ստեղծել բալանս, որպեսզի կարողանան աշխատել բոլոր վերահսկող մարմինները՝ օրենսդիր, գործադիր, դատական և այլն, կրկին փոփոխություն է պետք խորհրդարանի ֆունկցիայի մեջ։

Կուզենա՞ խորհրդարանը լինել իրական օրենսդիր մարմին, այլ ոչ թե կառավարության կցորդ՝ շատ լավ, եթե ոչ՝ կունենանք որոշումների տեսանկյունից անդեմ, նույն ձևի խորհրդարան, միգուցե մի քիչ ավելի լավ ամբիոն՝ ընդդիմադիրների համար։

– Ընտրություններից հետո ինչպիսի՞ ժամանակներ են մեզ սպասում՝ դժվա՞ր, հուսահատ, թե՞…

– Ես, ճիշտն ասած, չեմ կապում ընտրությունների հետ, կապում եմ մարդկային որակի հետ։ Կարծում եմ՝ մենք պետք է մարդուն դեպի կյանքը հավատ, սեր ներշնչենք, անկախ նրանից, թե ով է երկրի ղեկավարը, կամ ով է ընդդիմությունը։

Կյանքը շատ ավելի լայն ու հետաքրքիր երևույթ է, քան որևէ քաղաքական ուժի սպասարկելը կամ որևէ քաղաքական ուժի հետ սեփական ճակատագիրը կապելը։ 

Ամենակարևորն այն է, որ ստեղծվեն պայմաններ, որ հանրության յուրաքանչյուր քաղաքացի զգա իրեն այս երկրի տերը, ոչ միայն ընտրության քվեաթերթիկով, այլև սեփական ճակատագիրը կառուցի՝ գործ գտնելու, կրթություն ստանալու։ Ստեղծել պայմաններ, որ կրթությունը գնահատվի այս երկրում, ոչ թե զոռբայությունը։

Սեփական ճակատագիրը կապել ընտրության արդյունքների հետ՝ նշանակում է հրաժարվել այդ տիրոջ մոտեցումից։ Չեմ ուզում նման զուգահեռ անցկացնել, բայց ես աշխատել եմ բոլոր իշխանությունների օրոք, և իմ գործունեությունը բացարձակապես կապված չի եղել նրանց առկայության հետ, թատրոնը որևէ առավելություն չի ստացել, թատրոնը զբաղվել է իր գործով, ինչի հասել ենք, հասել ենք մեր ուժերով։ 

Նման շերտեր կան, որոնց համար ընտրությունը կյանք է կամ մահ։ Հիմնականում չկայացած մարդիկ են, որովհետև կայացած մարդիկ կայանում են, անկախ քաղաքական նախասիրություններից։ 

Սիրել ընտանիքը, սիրել երեխաներին, սիրել աշխատանքը՝ շատ ավելի կարևոր է, քան սիրել որևէ քաղաքական ուժ։

Արփինե Արզումանյան

MediaLab.am