«Պաշտոնից ազատելը դեռևս ոչինչ չի նշանակում». Արմեն Բադալյան

«Պաշտոնից ազատելը դեռևս ոչինչ չի նշանակում». Արմեն Բադալյան
«Պաշտոնից ազատելը դեռևս ոչինչ չի նշանակում». Արմեն Բադալյան

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և մի շարք այլ պաշտոնյաների պաշտոնանկությունները ոչ թե երկրում փոփոխությունների համար են արվում, այլ պարզապես նոր վարչապետը եկել ու իր կադրերին է առաջ քաշում: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը:

«Նախորդ կադրերը ոչ թե ընդհանրապես դուրս են գալիս քաղաքական կյանքից, այլ ընդամենը վարչական պաշտոններից են դուրս գալիս: Դա չի նշանակում, որ Հանրապետական կուսակացությունը կհրաժարվի ընտրությունների ժամանակ նրանց օգնությունից, որովհետև Հայաստանում ընտրությունների ինստիտուտը չի աշխատում, կա ընտրական միջոցառում, որի ժամանակ կիրառվում է, այսպես կոչած, ոչ ֆորմալ ռեպրեսիվ ապարատը: Իսկ այդ պաշտոնյաները ոչ ֆորմալ ռեպրեսիվ  ապարատի մաս են կազմում»,- «Մեդիալաբին» ասում է Արմեն Բադալյանը:

Հոկտեմբերի 6-ի նիստին կառավարությունը որոշեց երկրորդ անգամ Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատել Սուրիկ Խաչատրյանին: Նա մարզը ղեկավարում էր 2004 թվականից և առաջին անգամ այդ պաշտոնից ազատվել էր 2013 թվականի հունիսին, այն բանից հետո, երբ նույն տարվա հունիսի 1-ին նրա առանձնատան մոտ հնչած կրակոցների ժամանակ մահացել էր Ավետիք Բուդաղյանը:

Այնուհետև 2014 թվականի սեպտեմբերին Սուրիկ Խաչատրյանը դարձյալ նշանակվել էր Սյունիքի մարզպետ: Սուրիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի անունը մշտապես կապվել է սկանդալային պատմությունների ու քրեական գործերի հետ: Չնայած դրան, նա երկարակյաց մարզպետներից էր, քանի որ հատկապես ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի օգտին մեծ աշխատանք էր տանում մարզում:

Արմեն Բադալյանը նշում է, որ Սուրիկ Խաչատրյանն ու մի շարք այլ պաշտոնյաներ, որոնք ազատված են աշխատանքից, իրենց գործունեությունը կշարունակեն 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

«Կապ չունի, նրանք պաշտոն ունեն, թե ոչ: Նրանք ունեն իրենց կլանային խմբավորումները, որոնք շատ ավելի են, քան պաշտոնները»,- ասում է նա:

Ընդհանուր առմամբ, պաշտոնանկությունների այս գործընթացից, ըստ Արմեն Բադալյանի, հասարակությունը չպետք է փոփոխությունների ակնկալիք ունենա:

Նրա խոսքով՝ պետք է տեսնել, որ հանուն ինչ-որ բանի կոնկրետ գործ է արվում:

«Պաշտոնից ազատելը դեռևս ոչինչ չի նշանակում: Դու պետք է տեսնես՝ մենաշնորհը վերացավ, թե ոչ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ինչպես են անցկավում և այլն: Իսկ մենք տեսանք, թե այդ պաշտոնանկություններից հետո և Գյումրիում, և Վանաձորում ՏԻՄ ընտրություններն ինչպես անցան: Դու նայում ես՝ դատաիրավական համակարգը նորմալ գործում է, թե՞ խեղկատակային իրավիճակ է, ներդրումներ լինում են, թե՞ ոչ, այսինքն՝ դու գործնական քայլեր պետք է տեսնես, որ ըստ այդմ էլ արդեն որոշումներ կայացնես՝ այս կամ այն փոփոխությունները դրականի հանգրեցրել են, թե ոչ»,- ասում է մասնագետը:

Այնինչ, այս պահի դրությամբ, ըստ Բադալյանի, Հայաստանում ընդամենը կադրային փոփոխություններ են եղել, ոչ ավելին:

Իսկ այն, որ Սերժ Սարգսյանը խոսում է կտրուկ փոփոխությունների գնալու մասին, ըստ Արմեն Բադալյանի, առաջին անգամ չէ, որ լսում ենք:

«Գործող նախագահն արդեն 2008 թվականից սկսած այնքան բաների մասին է հայտարարել՝ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցում, Երևան-Ստեփանակերտ օդային թռիչք, Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագիր և այլն: Այնքան ծրագրերի մասին է խոսել, որոնք չեն եղել կամ, եթե անգամ եղել են, իր ասածից 180 աստիճանով տարբեր են եղել: Այնպես որ խոսելն այլևս նշանակություն չունի, գործնական պետք է տեսնենք»,- ասում է Բադալյանը՝ հավելելով, որ գործանականում այս պահի դրությամբ ոչինչ չի փոխվել:

Էմմա Մանուկյան

MediaLab.am