«Հասարակությունն ուզում է արագ փոփոխություններ, բայց դա անելու համար պետք է դու նախ շտկես քո մեջքը». Արտակ Մանուկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը։

– Պարո՛ն Մանուկյան, հարկային օրենսդրության մեջ փոփոխություններ լրացումներ կատարելու նախագիծն արդեն ԱԺ-ում է։ Դուք «Ֆեյսբուքում» արդեն ներկայացրել եք այդ փոփոխությունները։ Ո՞րն է այս Հարկային օրենսգրքի առանձնահատկությունը։

– Այս Հարկային օրենսգրքի գլոբալ տրամաբանությունն այն է, որ նախ մինչև 2023 թվականը որոշ հարկատեսակների մասով հարկային բեռը կթեթևանա, որի արդյունքում ենթադրվում է, որ ավելի մրցունակ կլինի մեր տնտեսությունը։ Արդեն ԱԺ կայքում գտնվող նախագծերը երկու ուղղություն ունեն։ Այսօր գործող հարկային օրենսդրությամբ սահմանվում է հարկային գաղտնիք եզրույթը և նշվում է, որ սա, սա, սա չեն դիտարկվում հարկային գաղտնիք, իսկ մնացածը հարկային գաղտնիք է։

Բայց, օրինակ՝ հայտարարագրված աշխատողների թիվն ինչո՞ւ պետք է դիտարկվի որպես հարկային գաղտնիք։ Հիմա խնդիր է դրված, որ այն տեղեկությունը, որը բովանդակային առումով չի կարող գաղտնիք դիտարկվել, այդ եզրույթի տակից հանվի։ Որովհետև շատ դեպքերում, երբ դու ուզում ես մանրակրկիտ ուսումնասիրություններ անել, պատասխանը լինում է, որ դա հարկային գաղտնիք է։

Երկրորդ հոդվածը վերաբերում է ներկայացուցչական ծախսերի մասով սահմանաչափերի, մոտեցումների վերանայմանը, որովհետև այդտեղ էլ, օրինակ՝ հանրային կազմակերպությունների, այլ կազմակերպությունների մասով երբ մենք մոտեցումները չենք հստակեցնում, կարծում եմ՝ խնդիրներ են լինում։ Օրինակ՝ այնտեղ գրված է 0,5 տոկոս և որոշակի գումարային շեմ, մենք առաջարկում ենք շեմը 1 տոկոս դարձնել, այսինքն՝ վերևից գումարային սահմանափակում չկա։

Երրորդը վերաբերում է ՀԴՄ-ներին։ Հիմա պատկերացրեք կրթական հաստատություն, որտեղ իմ երեխան էլ է սովորում։ Դասամիջոցին բոլոր երեխաները գնում են բուֆետ, և պրակտիկորեն հնարավոր է իրավիճակ, որ մարդիկ չհասցնեն ՀԴՄ կտրոն խփել։ Կարծում եմ՝ տրամաբանական է, որ դա մենք ևս բացառություն դիտենք, որովհետև մեծ հաշվով վերահսկելի է, թե ինչ սնունդ է մտնում դպրոց։ Նաև մենք հանդիպել ենք ֆինանսական շուկայի խաղացողների հետ, որոնք ընդհանրապես արժեթղթերի շուկայի ակտիվացմանը միտված որոշ առաջարկներ են արել, օրինակ՝ «մարքեթ-մեյքինգի» ծառայություններն ԱԱՀ-ից ազատելը, որը մենք փորձել ենք բավական մանրամասն ներկայացնել։

Վարազդատ Կարապետյանի և Բաբկեն Թունյանի հետ համահեղինակած մյուս նախագիծը միտված է ֆինանսական շուկայի մասով հնարավորությունների մեծացմանը։ Սրա մասին կառավարության շատ պաշտոնյաներ էլ են խոսել, նաև ծրագրում կա։ Հիմա մեր հասարակության այն խավը, որն ունի գումար, բայց դա բավարար չէ ներդրումներ իրականացնելու համար, բայց ինքը չի ուզում բարձի տակ պահել, մենք առաջարկում ենք ավանդ դնել։ Հիմա մենք նպատակ ունենք այլ ֆինանսական շուկաներ, այլ գործիքակազմեր ակտիվացնել։

– Որքանո՞վ այս Հարկային օրենսգիրքը ներդրողներին կբերի հայկական շուկա՝ հաշվի առնելով, որ նախորդ շաբաթ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ շատ սփյուռքահայ ներդրողների գիտի, որոնք ոտքները «տոռմուզին են դրել», չեն շտապում գալ Հայաստանում ներդրումներ անելու։ Այս օրենսգիրքը նրանց համար գործնականում ի՛նչ նոր հնարավորություններ է տալու։

– Առաջին գործնական հնարավորությունը անգամ Հարկային օրենսգիրքը չէ, այլ խաղի կանոնների հավասարությունը և համընդհանուր լինելը։ Այս իմաստով դրական ազդեցություններ կան։ Ներդրումների համար չափազանց կարևոր է նաև ներքին ներդրողների մոտ մոտեցումների փոփոխությունը։ Դուք բազմիցս լուսաբանել եք, որ մեր տնտեսությունը մի խումբ անձանց կողմից ներդրումների առումով կենտրոնացվածություն ուներ։

Եթե հիմա ուսումնասիրեք 2018 թվականը, կտեսնեք, որ տարբեր խաղացողներ տարբեր ուղղություններով ներդրումներ են անում։ Այսինքն՝ ներքին ներդրողը որոշակիորեն հույս, հավատ ունի խաղի կանոնների հավասար լինելու առումով։ Որպեսզի միջազգային հարթակներում ունենանք մրցակցության որոշակի աճ, կարևոր է, որ Հարկային օրենսգիրքը լինի պարզ և միտված արտահանմանը։ Գաղտնիք չէ, որ մենք պետք է զարգացնենք մեր արտահանման կողմնորոշումը։

Արտահանման մասով մենք էլ ավելի լուրջ անելիքներ ունենք, հատկապես երբ հասկանում ենք, որ հանքարդյունաբերության դերակատարումը հնարավորինս նվազում է, դրա համար պետք է մտքի հետ կապված ուղղությունները զարգացնենք։ Այս համատեքստում Հարկային օրենսգիրքը կարող է լրացուցիչ ազդակ հանդիսանալ։ Առիթ կլինի ներկայացնել ներդրումների ոլորտում մեր կատարած ուսումնասիրությունը։ Չափազանց կարևոր է նաև մտավոր սեփականության պաշտպանությունը։

– Վարչապետը նշում է, որ տնտեսական հեղափոխությունը տեսնում է առավել ներառականություն ապահովելով։ Որքանո՞վ է դա հնարավոր իրականություն դարձնել։

– Երկու բան պետք է տարանջատել. նախ՝ ինչպես անել, որ արտոնյալներ չլինեն, և երկրորդ՝ մարդիկ, որոնք ուղղակիորեն չեն մասնակցում, բայց անուղղակիորեն կարողանան ավելի հավասարաչափ տնօրինել այն արդյունքը, որ ստեղծվում է։ Այսինքն՝ պետությունն իր վերաբաշխողական ֆունկցիան իրագործելիս ևս պետք է փորձի ապահովել առավելագույնս ներառականություն։ Եկամուտներ գեներացնելուց բացի մեզ համար կարևոր է, որ մենք հնարավորինս թիրախային, հասցեական դարձնենք ծախսերի արդյունավետությունը։ Այսինքն՝ պետությունը փորձում է համադրել հարկային արդյունավետությունն ու արդարությունը։

– Անընդհատ հնչում է մի կարևոր հարց. ե՞րբ է քաղաքացին իր վրա զգալու տնտեսական բեկումը։

– Ես կարող եմ հիմա բերել մի քանի օրինակներ, թե ինչ կլիներ, եթե չլիներ այս կառավարությունը։ Օրինակ՝ ի՛նչ կլիներ Ռենկոյի նախագծի մեջ ամրագրված սակագների և դրա արդյունքում սպառողների վրա ինչ հավելյալ բեռ կավելանար և այլն։ Կամ՝ ի՛նչ կլինեին այն կոռուպցիոն սխեմաները, որոնք տարբեր քննություններով ընթանում են։ Բայց հասկանում եմ, որ հասարակությունն ուզում է փոփոխություններն արագ և հիմա զգալ։ Բայց դա անելու համար պետք է դու նախ շտկես քո մեջքը, հասկանաս՝ ինչ ունես, որքանով ես կարողանում այդ ռեսուրսները հասանելի դարձնել, կարողանաս կենսաթոշակ ու աշխատավարձ բարձրացնել։

Հիմա շատերն են խոսում պոպուլիզմից։ Բայց եթե պոպուլիզմ լիներ, ամենահեշտ ձևն այն է, որը տարիներ շարունակ նախկին իշխանություններն արել են, այսինքն՝ վարկեր վերցնես, առանց եկամուտներ գեներացնելու ոչ թե լուծես խնդիրները, այլ դրանք տեղափոխես հաջորդ սերունդների վրա և մեծ հաշվով զոհաբերես քո երկրի զարգացման հեռանկարները։ Կարծում եմ, որ այս կառավարությունն ավելի խորն է գիտակցում խնդիրը և փորձում է ավելի երկարաժամկետ լուծումներ ներգրավել։ Այս առումով չափազանց կարևոր է, որ մենք փորձենք աստիճանաբար նաև ծախսային արդյունավետության բարձրացմամբ ավելի տեսանելի դարձնել զարգացումը։ Կարծում եմ՝ մեկ տարվա ընթացքում, այսինքն՝ 2019-2020 թվականի բյուջեի մեջ մենք կտեսնենք դրական միտումները։

– Արդյոք նախկին կոռուպցիոներների, օլիգարխների դեմ պայքարը բավարար է։ Օրերս ականատես եղանք, որ Միհրան Պողոսյանը ՌԴ-ում ձերբակալվեց։ Արդյոք այս պայքարը բոլորի վրա կտարածվի, թե՞ ամեն դեպքում կլինեն արտոնյալներ։

– Չեմ կարծում, որ կլինեն արտոնյալներ։ Ես ուզում եմ նաև մի ռիսկի մասին խոսել։ Ակնհայտ է, որ անհրաժեշտ պայմանները կան, կա քաղաքական կամք, բայց որպեսզի սա ավելի արդյունավետ լինի, չափազանց կարևոր է նոր գործիքակազմերի կիրառությունը իրավապահ մարմինների կողմից։ Նախկինում, երբ նույնիսկ չկային բավարար ապացույցներ, կարող էին գործեր կարվել, ներկայումս նման բան չկա, ինչը հավելյալ գրագիտության անհրաժեշտություն է առաջացնում։

Սա երբեմն կարող է բերել նրան, որ այն գործիքակազմը, որ նրանք կիրառում են, բավարար չէ։ Այս առումով արդյունավետությունը բարձրացնելու կարիք կա, և այդ մասին վարչապետն ինքն էլ բազմիցս հայտարարել է, որ այդ արդյունավետությունից գոհ չէ։ Բայց, այնուամենայնիվ, համար մեկ գրավականը՝ քաղաքական կամքը, առկա է։ Մնում է, որ այդ ինստիտուտների բավարար մոտիվացիոն մեխանիզմներ ներդնելով արագացվեն գործընթացները:

Մանե Հարությունյան

MediaLab.am