«Բադասյանի գործով պատվիրատուն կա՛մ ուղիղ վարչապետն է, կա՛մ դատախազության ձեռքով արջի ծառայություն է մատուցվում վարչապետին». Պապիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատերազմի մասնակից Վահան Բադասյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը

– Պարո՛ն Պապիկյան, Վահան Բադասյանի գործով դուք միջնորդություններ էիք ներկայացրել, բացի այդ, Հասմիկ Պապյանի ու Զարուհի Մուրադյանի անձնական երաշխավորությունը: Կներկայացնե՞ք՝ ի՞նչ ընթացք է ստացել, ունե՞ք պատասխան:

– Այո՛, միջնորդությունները ներկայացրել ենք դատախազություն, բայց և՛ միջնորդության, և՛ անձնական երաշխավորության վերաբերյալ դեռևս որևէ պատասխան չունենք: 

– Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունեք, ի՞նչ պատասխան եք սպասում: 

– Ողջամիտ պատասխաններ, քանի որ դրա համար անհրաժեշտ հանգամանքները կան: Հույսով սպասում ենք: Հավանաբար մինչև շաբաթվա վերջ նաև Վերաքննիչ դատարանը կքննի մեր միջնորդությունը, Վահան Բադասյանին կալանավորելու դեմ մեր բողոքը:

Ձեզ հետ խոսելուց առաջ Ազգային ժողովի պատգամավոր էր զանգել երաշխավորություն տալու համար: Ընդ որում, նման պատգամավորները շատ են: Ուզում եմ հավատալ, որ դատախազությունում վերջապես որոշում կկայացնեն՝ արդարացի, օրինական:

– Իշխանական պատգամավորնե՞ր են նաև:

– Կան և՛ ընդդիմադիր, և՛ անկախ պատգամավորներ: Համենայնդեպս, իշխանական խմբակցությունից որևէ մեկը նման ցանկություն չի հայտնել:

– Պարո՛ն Պապիկյան, դուք վիճարկում եք Բադասյանին կալանավորելու մասին որոշումը և, բացի այդ, ինչպես ասացիք, միջնորդություններ եք ներկայացրել: Ձեր բողոքների ու միջնորդության առանցքային խնդիրը ո՞րն է, ի՞նչ եք պահանջում իրավապահներից, ի՞նչ հիմքերով եք ներկայացնում բողոք, միջնորդություն:

– Մեր ամենամեծ պահանջը խափանման միջոցի փոփոխությունն է, որովհետև այն վտանգը, այն ռիսկերը, որոնք իրավապահները՝ քննիչը, դատախազը և դատավորը, տեսել են կալանավորման ժամանակ, գոյություն չունեն:

Իսկ վտանգը և ռիսկերը բառացի հետևյալ ձևակերպումն ունեն՝ Բադասյանը կթաքնվի քննությունից և քննության համար նշանակություն ունեցող նյութերը կոչնչացնի: Այդ երկու ռիսկերը, որոնք մատնանշել է նախաքննական մարմինը, չեն կարող օբյեկտիվորեն գոյություն ունենալ:

Պետք է հասկանալ, որ այդ անձը չի թաքնվի քննությունից, իսկ թաքցնելու համար էլ նյութեր, մեծ հաշվով, չկան, որովհետև այդ հայտարարությունը եղել է տեսախցիկների առջև, տեսագրված է, և ինչպե՞ս է հնարավոր բոլորին հասանելի տեսանյութերը թաքցնել: Հետևաբար նախաքննական մարմնի մատնանշած երկու ռիսկերը չկան: Իսկ փախչելու հավանականությունը տրամաբանական չէ, մեղմ ասած: Վերացական նշումներ անել ու չհիմնավորել՝ անթույլատրելի է: 

Բացի այդ, խափանման միջոցը փոխելու պահանջով վերաքննիչ դատարան ներկայացված բողոքում վիճարկում ենք մեղադրանքի հիմնավորվածությունը՝ արդյոք պարոն Բադասյանը հնչեցրել է մտքեր, որոնց նպատակը եղել է իշխանություն զավթելը, կամ հնչեցրել է մտքեր, որոնց նպատակը եղել է սահմանադրական կարգը բռնությամբ տապալելը:

Գուցե նրա հայտարարության մեջ եղել է ենթադրյալ սպառնալիք՝ ուղղված ինչ-որ մեկի դեմ: Եթե այդպիսի բան կա, ապա քրեական օրենսդրությամբ դրա համար կա հատուկ հոդված: Բացի այդ, կա նախադեպ, երբ վերջերս կառավարության շենքի դիմաց Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հնչեցված սպառնալիքով հարուցվել է քրեական գործ բոլորովին այլ հոդվածով: 

– Որն ավելի մե՞ղմ պատիժ է նախատեսում:

– Այո, այդ դեպքով որպես պատիժ նախատեսվում է ազատազրկում առավելագույնը մեկ տարի ժամկետով, իսկ կալանավորելը գրեթե բացառված է, որովհետև, ըստ օրենքի, եթե մեկ տարուց պակաս ժամկետ է սահմանում պատիժը, ապա չեն կալանավորում անձանց:

Բայց պարոն Բադասյանին առաջադրված մեղադրանքով սահմանված պատիժը մինչև երեք տարի ազատազրկում է պահանջում, այդ պատճառով էլ կիրառվել է կալանք: Արհեստական ճանապարհով ստեղծել են հիմք՝ անձին կալանավորելու համար:

Վերաքննիչ քրեական դատարան ներկայացրած բողոքով այս հարցն ենք վիճարկում: Նաև խնդրում ենք ուշադրություն դարձնել պարոն Բադասյանի առողջական վիճակին: Ճիշտ է, պարոն Բադասյանը չի գանգատվում, չի կարևորում այդ հանգամանքը, բայց նա ունի ճնշման տատանումներ, և մի փոքր խանգարումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների:

– Դուք հանդիպում, խոսում եք ձեր պաշտպանյալի հետ, ի վերջո, նա ի՞նչ է ասում իր հայտարարության առնչությամբ՝ դրանք սրտից բխող խոսքե՞ր էին, ունեցե՞լ է նման մտադրություն, թե՞ պարզապես նյարդային պոռթկում էր:

– Խափանման միջոցի ընտրության ժամանակ նա (նկատի ունի Վահան Բադասյանին – հեղ.) դատարանում խոսեց այդ մասին և ասաց, որ նման մտադրություն ունեցող անձը երբեք չի կանգնի և հրապարակային այդ մասին ասի: Այն զայրույթը, որը կուտակված էր ու այդ պահին պոռթկաց ու նման բառեր հնչեցվեցին, պետք է գնահատվի ընդհանուր իրավիճակի ու անձի առողջական վիճակը հասկանալով:

Ի վերջո, չպետք է մոռանալ, որ նա կորցրել է իր հայրենի տունը, ծնողների գերեզմանը, ամեն թանկագին բան նա կորցրել է: Այդ բոլոր զգացումները կուտակվել էին, ինչի հետևանքով նման պոռթկում առաջացավ: Վերջին շրջանում ավելի կոշտ հայտարարություններ են հնչել բողոքի ակցիաների ժամանակ, բայց մենք տեսնում ենք, որ քրեական հետապնդում նույնիսկ չեն իրականացվում դրանց առնչությամբ:

Մինչդեռ պարոն Բադասյանի դեպքում ուղղակի ոչ միայն սխալ որակում տվեցին գործողությանն ու հնչած մտքերին, այլև միանգամից կալանքի որոշում կայացրին: Այն էլ՝ կալանքի հիմքերին ծանոթանում ես ու հարց է առաջանում՝ արդյոք այս պրոցեսի մեջ իրավաբանություն կա՞:

– Արդյոք այս պրոցեսի մեջ պատվեր տեսնո՞ւմ եք:

– Չեմ բացառում: Անկեղծ ասած, օր օրի սկսում եմ համոզվել, որ այդ հարցում պատվերը շատ հստակ է: Արդեն 12-13 օր է՝ Վահան Բադասյանը կալանքի տակ է, ոչ մի քննչական գործողություն չի իրականացվել: Ամենայն հավանականությամբ, ոչինչ չի կատարվում, որովհետև անելու ոչինչ էլ չկա: 

– Իսկ ո՞ւմ կողմից է այդ պատվերը:

– Կա՛մ ուղիղ վարչապետի կողմից, կա՛մ դատախազության նախաձեռնությամբ արջի ծառայություն է մատուցվում վարչապետին: Միևնույն է, վարչապետը հնարավոր չէ՝ տեղյակ չլինի մանրամասներին: 

– Կներե՛ք, պարո՛ն Պապիկյան, գուցե հարցը կոպիտ հնչի, բայց ի՞նչ վտանգ է իրենից ներկայացնում Բադասյանը վարչապետի համար, որ նման պատվեր իջեցվի:

– Պարոն Բադասյանը այն քիչ զինվորականներից է, պատերազմին մասնակցած այն քիչ մարդկանցից է, որ ականատեսն է եղել ռազմական գործողություններին: Ոչ միայն ռազմական գործողություններին, այլ նաև նախապատրաստական աշխատանքներին և այլն:

Նա շատ է հարցազրույցներ տվել ու դավաճանական գործողությունների մասին է խոսել, և, բնականաբար, գործող իշխանությանը ցանկալի չէ, որ նման տեղեկատվություն գեներացվի հանրության մեջ, քանզի նման տեղեկությունները կարող են Փաշինյանի ու նրա իշխանության համար անցանկալի հետևանքներ առաջացնել:

Նրան բանտարկելու միջոցով փորձ է արվում լռեցնել, թեպետ պետք է ասեմ, որ թեկուզ բանտում, նա եթե ասելիք ունի, կասի: Բադասյանի նկատմամբ այս գործողությունը նաև մեսիջ է մյուսներին առ այն, որ եթե դուք էլ փորձեք նման կերպ վարվել, դուք էլ նույն ճակատագրին կարժանանաք:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am