Աշուղ Ոսկեհուրը չի ստորագրել Քոչարյանին ազատ արձակելու հայտարարության տակ․ «Իմ անունն արդեն չկա ցուցակում, ես պահանջել եմ հանել այն»

Աշուղ Ոսկեհուրը չի ստորագրել Քոչարյանին ազատ արձակելու հայտարարության տակ․ «Իմ անունն արդեն չկա ցուցակում, ես պահանջել եմ հանել այն»
Աշուղ Ոսկեհուրը չի ստորագրել Քոչարյանին ազատ արձակելու հայտարարության տակ․ «Իմ անունն արդեն չկա ցուցակում, ես պահանջել եմ հանել այն»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Աշուղ Ոսկեհուրը, որը, ըստ տարածած հաղորդագրության, միացել էր Հայաստանի և Ռուսաստանի արվեստի և մշակույթի շուրջ 60 գործիչների, որոնք պահանջում են փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը և ազատել նրան կալանքից։

– Տիկի՛ն Ոսկեհուր, ինչո՞ւ որոշեցիք միանալ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի ստորագրահավաքին։

– Հիմա արդեն իմ անունը չկա ցուցակում, ես պահանջել եմ հանել անունս բոլոր լրատվականներից։ Տեղի է ունեցել թյուրիմացություն։ Ինձ երեկ զանգել են, ես տրանսպորտի մեջ էի, զանգողը չներկայացավ, անծանոթ համարից էր զանգում։ Ես ասացի, որ ես քաղաքականությունից հեռու մարդ եմ, իմ գործը արվեստն է, և ես քաղաքականության հետ ոչ մի առնչություն չունեմ։ Ես խնդրեցի ուղարկել տեքստը, որին ծանոթանալուց հետո նոր կարող եմ իմանալ՝ ինչի՛ մասին է խոսքը։

Երբ ես չեմ կարդացել տեքստը, ինտերնետ էլ չունեմ, ինչպե՞ս կարող էի իմ համաձայնությունը տալ։ Այսօր առավոտյան իմ գործընկերներից իմանում եմ այն մասին, որ իմ անունը ցուցակում է։ Զանգեցի նույն համարով, որպեսզի հասկանամ՝ ինչի՛ց են ենթադրել, որ ես համաձայն եմ, որ իմ անունն ընդգրկեն ցուցակում։ Ինչքան զանգում էի, չէր պատասխանում։ Եվ երբ արդեն տեքստ էի պատրաստել հրապարակելու, հետ զանգեց։

Հարցրի՝ ինչո՞ւ եք իմ անունը նամակում ընդգրկել, ես պատրաստվում եմ բաց նամակ գրել։ Կարդացի նամակիս պարունակությունը, վիրավորվեցին, թե սա մեր հեղինակության հարցն է։ Ուրեմն դուք ձեր հեղինակության մասին մտածում եք, բայց չե՞ք մտածել, որ այս մարդը չգիտի՝ ինչի՛ մասին է խոսքը։

Ես եթե չգիտեմ, ծանոթ չեմ՝ ինչի մասին է խոսքը, ես ինչպես ստորագրեմ, ես ինչպե՞ս կասեմ՝ իմ անունը գրեք այդ ցուցակում։ Մեկ ժամ բանակցությունից հետո հանել են իմ անունը ֆեյսբուքյան էջից, ես զգուշացրի՝ եթե մյուս կայքերում իմ անունը ցուցակում շարունակի մնալ, ես կհրապարակեմ նամակս։

– Այսինքն՝ առանց ձեզ հետ համաձայնության ձեր անունն ընդգրկե՞լ են ցուցակում։

– Ինքն ասում է՝ ես ձեզ հարցրի՝ մենք ընդգրկե՞նք ձեր անունը ցուցակում, դուք ասացիք այո։ Ասացի՝ մի՞թե ես հիմարի տեսք ունեմ։

– Իսկ ո՞վ էր ձեզ զանգել։

– Իրենց կազմակերպչական աշխատանքներով զբաղվող մեկը։ Ես ասացի, որ եթե անունս նորից որևէ կայքում հայտնվի, ինձ ասում է՝ դուք սպառնո՞ւմ եք։ Ես էլ ասացի՝ ոչ մի շանտաժ, ես պարզապես համաձայն չեմ, որ իմ անունը գրեք։ Ես ի սկզբանե ասել եմ, որ քաղաքականությամբ չեմ զբաղվում։

Ես իրեն ասացի, որ Սիրուշոյին շատ-շատ սիրում եմ որպես երգչուհու, որպես մարդու։ Շատ սիրում եմ Սյուզան Մարգարյանին որպես երգչուհու, գիրք եմ հրատարակել, գրքի մեջ գործ եմ իրեն նվիրել։ Ես ասացի, որ իրենց շատ սիրում եմ, բայց այս գործը որևէ առնչություն չունի իրենց սիրելու հետ։

– Եվս մեկ հարց, ո՞վ է ձեր անունը դրել Ուսկեհուր, ինչո՞ւ Ոսկեհուր։

– Իմ իսկական անունը Ոսկեհատ է, դուստրս՝ երգչուհի-երգահան Լիլիթ Համբարձումյանը, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, իմ շատ տեքստերի մեղեդիներ աղջիկս է գրել։ Իմ անվան սկզբի վանկը վերցրինք, Լիլիթը ստուգանաբանությամբ հուր է նշանակում, միացրինք, դարձավ Ոսկեհուր։

MediaLab.am