«Տղա երեխան շատերի համար աստված է». Մասնագետները քննարկում են սելեկտիվ աբորտները վերահսկելու մեխանիզմները

«Տղա երեխան շատերի համար աստված է». Մասնագետները քննարկում են սելեկտիվ աբորտները վերահսկելու մեխանիզմները
«Տղա երեխան շատերի համար աստված է». Մասնագետները քննարկում են սելեկտիվ աբորտները վերահսկելու մեխանիզմները

Թեև Հայաստանում սելեկտիվ աբորտների շուրջ ստեղծված մտահոգիչ իրավիճակը մեղմելու համար կառավարությունը փորձում է իրավիճակը վերահսկողության տակ առնել` օրենսդրական փոփոխությունների միջոցով առաջարկելով արգելել տեղեկություններ տրամադրել պտղի սեռի վերաբերյալ, այնուամենայնիվ շատերը թերահավատ են, թե դա մեծ հաշվով ինչ-որ բան կփոխի:

Այս մասին այսօր կրկին անգամ մտահոգություններ են հնչել ԱԺ-ում «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» թեմայով հրավիրված աշխատաժողովին ժամանակ: Աշխատաժողովի ժամանակ հայտարարվել է, որ Առողջապահության նախարարության քննարկման դրված նախագծով առաջարկվում է մինչև պտղի՝ երեսուն շաբաթական դառնալն արգելվի ծնողներին ապագա երեխայի սեռը հայտնելը:

«Համոզված եմ, որ ուղղակի վերցնել և ճակատային մտցնել արգելքը՝ բերելու է ընդամենը կոռուպցիոն ռիսկերի աճին»,- «Մեդիալաբին» ասում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը` նշելով, որ արդյունավետ աշխատելու համար բազմաթիվ գործոններ պետք է հաշվի առնել:

Թեև ոչ մեկի համար էլ գաղտնիք չէր երկրում ընտրովի աբորտների առկայությունը, այնուամենայնիվ, 2011-ին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի նախաձեռնած հետազոտությունն ավելի ակնառու ցույց տվեց, որ հայաստանյան ընտանիքների մի մասն աբորտի միջոցով թույլ չի տալիս աղջիկ երեխաներին լույս աշխարհ գալու՝ նախընտրելով տղա երեխա ունենալ:

Այս ամենի հետևանքով 1990-ականներից ի վեր Հայաստանում շեղվել է նորածինների հարաբերակցությունը՝ 100 աղջկա դիմաց կազմելով 114 տղա (2012) այն դեպքում, երբ նորմայի դեպքում պետք է 102-106 լիներ:

«Իրականացված հետազոտությունը հաստատեց, որ նորածինների սեռերի շեղված հարաբերակցությունը նախածննդյան փուլում երեխայի սեռի ընտրության հետևանք է,-նշված է «Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում» ուսումնասիրության մեջ, և այն ցույց տվեց, որ Հայաստանը տարեկան կորցնում է շուրջ 1400 աղջիկ, ինչը մեծ հարված է Հայաստանի` առանց այն էլ ծանր վիճակում գտնվող ժողովրդագրական իրադրությանը»:

Եթե Հայաստանում շարունակվեն ապագա երեխայի սեռը կանխորոշող կամ, այսպես կոչված, սելեկտիվ, աբորտները, ապա մինչև 2060 թվականը 93 000 մայր չի ծնվի:

Ըստ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանի՝ հաշվի առնելով ստեղծված մտահոգիչ վիճակը և առկա մարտահրավերները, աշխատանքներ են կատարվում օրենքը խստացնելու և վերահսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ:

«Այժմ աշխատանքներ են կատարվում օրենսդրական նախաձեռնության շուրջ: Այդ սահմանափակումը պետք է աշխատի,- հույս ունի Ավագյանը: – Պիտի նաև տեսնենք՝ ռիսկեր կարող են լինել: Վերահսկում իհարկե կլինի ծննդատան ղեկավարության կողմից, որպեսզի սեռի մասին բժիշկներն ինֆորմացիա չտրամադրեն»:

Սակայն բոլոր չէ, որ լավատես են:

«Մեր ավանդական հայկական ընտանիքներում տղան է, որ տոհմը շարունակում է, տան ծուխը վառ է պահում, ի՞նչ օրենք, ի՞նչ բան: Եթե մարդու մտքին մի բան լինի, ամեն ինչ էլ կանի, Հայաստանում բոլոր հարցերն էլ լուծվող են»,- ասում է նա Երեւանի բնակչուհի 56-ամյա Լուսյա Մարգարյանը` ակնարկելով կաշառքով հարցեր լուծելը:

28-ամյա Արմինե Հովհաննիսյանը, ով երկու երեխաների մայր է, հիշում է, որ երկրորդ հղիության ժամանակ սկեսուրն իրեն ասել է. «Առաջինն աղջիկ ունեցար՝ ներեցինք, երկրորդը պիտի անպայման տղա լինի: Եթե աղջիկ է, էնքան աբորտ կանես, մինչև տղես տղա ունենա»:

«Ես օրերով լաց էի լինում, թե ինչպես կարելի ա էդպես անսիրտ խոսել երեխայի մասին,-«Մեդիալաբին» ասում է Հովհաննիսյանը: – Տղա երեխան շատերի համար աստված է, և եթե նման օրենք ընդունեն, չգիտեմ՝ ի՛նչ իրավիճակ կստեղծվի Հայաստանում»:

Արտաշատ քաղաքի «Արտաշատ» բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ-գինեկելոգ Վեներա Բարսեղյանը հավատում է, որ օրենքը իրավիճակը կփոխի:

Նա նշում է, որ Արտաշատում շատերն են սեռով պայմանավորված աբորտներ անում, իրենք փորձում են համոզել, հատկապես առաջին-երկրորդ հղիությունների դեպքում, սակայն ոչ միշտ է հաջողվում:

«Եթե այդ օրենքը ընդունեն, շատ կօգնի, ամեն դեպքում  30 շաբաթականից հետո չեն կարող ընդհատում անել, արդեն ռիսկի չեն դիմի, որ երեխային հանեն: Օրենքը իրավիճակը կկարգավորի»,- «Մեդիալաբին» ասում է Բարսեղյանը:

Ըստ օրենքի՝ Հայաստանում հղիության արհեստական ընդհատումը թույլատրելի է համարվում մինչև 12 շաբաթական ժամկետը:

Հղիության արհեստական ընդհատում կատարվում է ստացիոնար պայմաններում` 30-50 դոլարի սահմաններում: Վիճակագրության համաձայն՝ վերջին տարիներին Հայաստանում աբորտների նվազման միտում է նկատվում, ինչը վկայում է նաև ՀՀ ազգային վիճակագրական ծառայության և առողջապահության նախարարության համատեղ ջանքերով իրականացրած «2010-ի Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտությունը» (ՀԺԱՀ-2010):

«Հարցմանը նախորդած երեք տարվա ընթացքում տեղի ունեցած բոլոր հղիությունների 63 տոկոսն ավարտվել է կենդանի ծնունդով, իսկ 29 տոկոսը` աբորտով: 2005 թ.-ից ի վեր, երբ աբորտով էին ավարտվում հղիությունների 45 տոկոսը, աբորտի ցուցանիշը զգալիորեն նվազել է»,- նշված է հետազոտության մեջ:

Սակայն մասնագետները հավատացնում են, որ տարեցտարի նվազող ծնելիության դեպքում այս թվերն իրական պատկերը չեն արտացոլում, հատկապես եթե հաշվի առնենք, որ աբորտների մի զգալի մասը տեղի ունենում օրենքով արգելվող ժամանակաշրջանում` թույլատրելի 12 շաբաթականից անց, երբ երևում է պտղի սեռը: Իսկ կանանց մի մասն էլ օգտվում է տնային պայմաններում վիժում առաջացնող հայտնի «Սայտոտեկ» պրեպարատից, որի ներկրման ծավալները, 2010-ի համեմատ վերջին տարիներին աճել է առնվազն 10 անգամ:

Մարզային «Վայքի բուժմիավորում» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Ռուզաննա Վարդանյանը այնքան էլ վստահ չէ, որ օրենսդրական լծակները հարցը կլուծեն, և կարծում է, որ նախ հարկ է հասարակության հետ աշխատանքներ կատարել:

«Այդ օրենքի փոփոխությունը չի գործի Հայաստանում, միևնույն է՝ սեռը կկարողանան ճշտել,- «Մեդիալաբին» ասում է նա: – Հնարավոր է՝ «Սայտոտեկի» վաճառքն ավելանա այդ օրենքի ընդունմամբ, այսինքն՝ կինն ընդհանրապես չփորձի երկրորդ-երրորդ երեխան ունենալ, հղիության ընթացքում սեռը չորոշելով՝ ընդհատի: Դա ռիսկ է: Չեմ կարծում, թե դա գործող օրենք է, և, բացի այդ, դա անձի իրավունքն է՝ իմանալ սեռը»:

Սակայն Գայանե Ավագյանը նշում է, որ ամեն ինչ կանեն վերահսկողություն սահմանելու համար:

«Սա պետք է լինի ընդհանուր հանրային խնդիր: Մենք սակայն չենք կարծում, որ Հայաստանում բոլոր բժիշկներն օրինազանց կլինեն և համատարած օրենքը կխախտեն: Կլինեն պատժամիջոցներ, երբ մարդը տասնապատիկ կտուգանվի այդ տեղեկությունը հայտնելու համար, կարծում եմ՝ դա տեղեկությունը չտրամադրելու զսպող հանգամանք կլինի»,- նշում է նա:

Գարիկ Հայրապետյանն այնուամենայնիվ վստահ է, որ բժշկական կենտրոնները չեն կարող իրենք իրենց նկատմամբ վերահսկողություն սահմանել: Ըստ նրա՝ պետք է «ավելի լավ ուսումնասիրել համաշխարհային փորձը այս բնագավառում, հետո նոր որոշում ընդունել»:

«Կարծում եմ՝ մենք ընդհանուր հայտարարի կգանք, որը կլինի հնարավորինս գործուն, հնարավորինս աշխատող Հայաստանի պայմաններում, որ մենք կարողանանք խթանել և՛ ծնելիությունը, և՛ սեռի խտրականության դեմ պայքարը, որը սեռերի միջև որոշակի հավասարակշռության կբերի»,- ասում է Հայրապետյանը՝ նշելով, որ արդյունավետ կլինի նաև աղջիկ երեխայի դեպքում բարձր նպաստ, երեխայի կրթության ծախսերը հոգալ և այլ առավելություններ սահմանելը, ինչը ևս իրավիճակ կփոխի:

Մարի Ներսեսյան

Լուսանկարները` Անաստասիա Թեյլոր-Լինդի

© Medialab.am

http://www.youtube.com/watch?v=8eJfw-LMbr0