Հայաստան է ժամանում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին

Այսօր երկօրյա պետական այցով Հայաստան է ժամանում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Ինչպես տեղեկացնում են նախագահական նստավայրից, այցի շրջանակներում Ֆրանսիայի նախագահը հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ, կայցելի Մեծ եղեռնի հուշահամալիր եւ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Երեւանում Նիկոլա Սարկոզին Սերժ Սարգսյանի հետ միասին կմասնակցի նաեւ Շառլ Ազնավուրի կեցավայրի բացմանը, ներկա կգտնվի Օգյուստ Ռոդենի հեղինակած Ժյուլ Բաստիեն Լըպաժի արձանի նվիրաբերության արարողությանը:

Քանդակը, որը կտեղադրվի Երեւանի Ֆրանսիական հրապարակում, Ֆրանսիայի Հանրապետության նվերն է Հայաստանի Հանրապետությանը:

Ի դեպ, ինչպես Սարկոզիի այցի մասին տեղեկացնում է Ֆրանսիայի նախագահի պաշտոնական կայքը, Սարկոզին Հայաստանից հետո` հոկտեմբերի 7-ին կայցելի նաեւ Ադրբեջան եւ Վրաստան:

Ֆրանսիայի նախագահին կուղեկցեն Ֆրանսիայի Արդյունաբերության, էներգետիկայի եւ թվային տնտեսության նախարար էրիկ Բեսոնը, Համագործակցության նախարար պարոն Ռեյնկուրը, Տրանսպորտի նախարար Տիերի Մարիանին, արտաքին առեւտրի գծով պետքարտուղար Պիեռ Լալուշը:

© Medialab.am