Հարգելի պարոն Չարլզ Լոնսդեյլ
Ես ափսոսանք եւ խորը հիասթափություն ապրեցի՝ տեղեկանալով Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին:
Կարծում եմ, որ դա անհարգալից մոտեցում է նախեւառաջ ՀՀ քաղաքացու,ապա նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորի նկատմամբ:
Հարկ եմ համարում նշել, որ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը Շիրակի մարզում եւ ամբողջ հանրապետությունում մեծ հարգանք ու հեղինակություն վայելող բանիմաց անձնավորություն է:
Լինելով եկեղեցու ազնիվ սպասավոր եւ քրիստոնեական հավատքի նվիրյալ հետեւորդ՝ սրբազանը նաեւ ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության առաջամարտիկ է:
Նրա հոգեւոր, մշակութային եւ քաղաքացիական գործունեությունը ընդունվում ու խրախուսվում է թեմի հավատացյալների, եւ ընդհանրապես, Շիրակի մարզի բնակիչների կողմից:
Կարծում եմ, որ Սրբազանի հանդեպ դեսպանատան հյուպատոսական բաժնի նման վերաբերմունքը որպես անձնական վիրավորանք կընկալի Շիրակի մարզի ցանկացած քաղաքացի:
Լավ իմանալով Սրբազանի ներդրումը ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատությունների, համամարդկային արժեքների խրախուսման և տարածման բարդ գործում, մեզ համար անհասկանալի է, թե ի՞նչ հիմունքներով է հյուպատոսական բաժինը նման վարքագիծ դրսևորել:
Հույս ունեմ, որ դա սխալմունք է, որը կշտկվի: Այլապես դա կարող է ընկալվել որպես սխալ ուղերձ բոլոր նրանց, ովքեր չեն նահանջում Հայաստանում ժողովրդավարական արժեքների պաշտպանության հավատամքից:
Հարգանքով՝ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյան