Կրթությունը փող է

Վահրամ Թոքմաջյան

Ինձ հաճախ հարցնում են, թե ինչ է անհրաժեշտ կրթության մեջ փոփոխություններ կատարելու, որակ ստանալու, արդյունավետ դպրոց ունենալու համար։ Իմ պատասխանը միշտ մեկն է՝ փող։ 

Հարց տվող բարեպաշտ մարդիկ, որոնք ակնկալում էին վեհ, ճոռոմաթույր պատասխաններ ազգասիրության, մանկավարժի պանծալի առաքելության և կրթության տատասկոտ ճամփի լուսավոր վերջնակետի մասին, առաջին հայացքից ապշահար են լինում նյութապաշտ ուսուցչի պատասխանից։

Նրանց մեծ մասը չի հասկանում, որ փող ասելով ես միայն բարձր աշխատավարձ նկատի չունեմ։ Իհարկե նկատի ունեմ նաև բարձր աշխատավարձ, քանի որ 80-120 հազար դրամ ստացող, օրվա հոգսի, վարկերի բեռի, կոմունալների մտորումների, երեխայի կոշիկի մասին մտածող մարդը չի կարող որակյալ կրթություն ապահովել։ 

Որակներ ունենալու պարագայում էլ դրանք շատ արագ կկորցնի, ժամանակի պահանջներից հետ կմնա, որովհետև շարունակաբար մտածելու է օրվա հոգսի, վարկերի բեռի, կոմունալների, երեխայի կոշիկի մասին։ 

Իսկ հոգսաշատ մարդը, հատկապես, կենցաղի նյութական հոգսով խեղդված մարդը չի կարող ինքնակրթվել, չի կարող ավելի շատ հմտություններ ձեռք բերել, չի կարող մրցունակ լինել։

Իհարկե պատասխանատուներն առաջին հայացքից կուռ տրամաբանությամբ կարձագանքեն, թե որակ տվեք՝ հետո նոր փող ուզեք։ Ւսկ այդ տրամաբանությունն աշխատո՞ւմ է, երբ խոսքը պետական համակարգի կամ Երևանի քաղաքապետարանի աշխատավարձերի մասին է։ Ո՛չ, որովհետև ծուռ հայելիները միշտ ակտուալ են։

Եթե դու որպես պետություն, Սահմանադրությամբ հանրակրթության պատվիրատու՝ փող չես դնում քո պատվիրած ոլորտում, հետագայի հետևանքները շատ ծանր ես կրելու։ Կա փող, կա մրցակցություն, կա որակ։ Չկա փող, կենացները և վեհ զգացմունքները բավարարում են մինչև առաջին պատահած խանութից օգտվելը։

Փողով միայն աշխատավարձի խնդիրը չէ։ Փողով է լուծվում միջավայրի հարցը, որտեղ սովորողը սովորում է։ Փողով է լուծվում նորարար միջոցների ներառումը դպրոց, որով սովորողը, ուսուցիչը զարգանում են և դառնում մրցունակ, փողով է որոշվում սովորողի առողջ ապրելակերպի, հայրենիքի ճանաչողության հարցը։ 

Եթե հայաստանցի սովորողը կյանքում մեկ անգամ լիներ Արցախում, իրական հայրենաճանաչության դաս ստանար, դա մտած լիներ հանրակրթության մեջ, տեսներ հողն ու շոշափեր, շատ ավելի իրենը կհամարեր, քան տարիներ շարունակ քարտեզների դիմաց ճառեր լսելու արդյունքն էր։ 

Չի կարող սովորողը սովորել, եթե զուգարան է գնում դպրոցի բակում՝ դռան փոխարեն մեկի տնից ճարած «զանավեսկի» կտորի հետևում։ 

Չի կարող սովորողն արդյունավետ լինել, եթե նրա դասասենյակը լուսավոր չէ, կահավորված չէ, պատերից խունացած հոտ է գալիս, գրատախտակը խորհրդային նախավերջին ծաղկուն էպոխայի ժառանգություն է, իսկ միջանցքի պատերն ու լուսամուտից բացվող հարևանի լվացքի տեսարանը կասեցնում են մտածելու, երազելու բոլոր հորիզոնները։ 

Կրթության մեջ մենք խնդիր ունենք անգամ տարրական միջավայրի։ 

Ի վերջո, փող է պետք կարիքը գնահատելու համար։ Հասկանալու, թե ինչո՛ւ հասանք այս օրին։ Ընդհանրապես մենք վատ բնավորություն ունենք. բուժում ենք նշանակում՝ առանց հիվանդության խնդիրը հասկանալու ու վերջում զարմանում, թե ինչու պացիենտը մեռավ։ Իսկ մեռավ, որովհետև հերթական անգամ մատից հոտ քաշեցինք ու կարիքի գնահատում չարեցինք։ 

Մենք չենք հասկանում, թե մեր սովորողն իրեն անհրաժեշտ գիտելիքների քանի տոկոսն է վերցնում դպրոցից, քանիսը՝ փողոցից, քանիսը՝ տեխնոլոգիաներից և համացանցի բաց տիրույթից։ 

Մենք փնովում ենք «պիղծ Եվրոպան», «ազգիս արժեքները խաթարած ամերիկաները (ոչինչ, որ սեռավարակների փունջը ռուսական «բիչիխաներից» են ներկրում)», «փչացած սերունդներին», բոլոր-բոլորին, բայց սեփական խնդիրը տեսնելու ունակություն չունենք։ Ինչո՞ւ։ 

Կարիքի գնահատում չունենք, չենք հասկանում, թե որ պահին դպրոցը դադարեց սովորողի համար գրավիչ լինելուց։ 

Որ պահին դպրոցը պարտվեց 21-րդ դարի պահանջմունքին ու զարգացող աշխարհի տված հնարավորությանը։ Չէ՞ որ սովորողն այլևս ունի ճախրելու ազատ տիրույթ՝ համացանց, որի տված հնարավորությունները մենք ըստ պատշաճի մինչ օրս չենք կարողանում ներառել կրթության մեջ, եթե կուզեք՝ անգամ վերահսկելի դարձնելով։ 

Մեր քառակուսի մտածողությունը կրթության հարցերում վաղուց պարտվել է։ Զուբրիտի դպրոցը հանգուցյալ է։ Սովորողը պետք ունի մտածելու, քննադատելու, կասկածելու, կիրառելի հմտություններ ձեռք բերելու, մրցունակ լինելու, կոմֆորտ միջավայրում սովորելու։

Ուսուցիչը պետք ունի հոգսով չխեղդվելու, ինքնակրթվելու, հմտություններն անընդհատ թարմացնելու, մրցակցելու, ցկյանս կրթության։

Կենացները և կրթության գործի սրբազնության մասին ճոռոմ խոսքերը վաղուց խեղդվել, մեռել են իրականության ճիրաններում։

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am