«Տեղ գյուղում մարդիկ չեն կարողանում իրենց վարելահողերից օգտվել, թուրքերը կրակում են, իսկ դա գյուղացու ապրուստի միակ միջոցն է». Արգամ Հովսեփյան

Արգամ Հովսեփյանը՝ ձախից. (Լուսանկարը՝ Անուշ Բաբաջանյան)

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Տեղ համայնքի ավագանու անդամ, Արավուս գյուղի նախկին ղեկավար Արգամ Հովսեփյանը

– Պարո՛ն Հովսեփյան, օրերս Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե ադրբեջանցիները Տեղ համայնքի որոշ հատվածներից հետ են գնացել՝ չհստակեցնելով՝ կոնկրետ որտեղի՛ց և քանի՛ մետր։ Դուք կհստակեցնե՞ք։

– Սիրով ու ուրախությամբ կհստակեցնեի, եթե ադրբեջանցիները հետ գնացած լինեին, բայց նրանք հետ չեն գնացել։ Ո՛չ հետ են գնացել, ո՛չ առաջ են եկել, ոնց կանգնել են այս տարվա ապրիլի 11-ից, նույն կերպ էլ հիմա են։ Հիմնական ինժեներական աշխատանքները տարել են, հիմա էլ թեթև աշխատանքներ են անում։

– Այդ դեպքում մարզպետն ինչո՞ւ է նման բան հայտարարել։

– Կներեք, բայց այդ հարցին չեմ ուզում պատասխանել։ Ես, համենայնդեպս, այդ հետ գնալը չեմ նկատել, ոնց եկել են, այդպես էլ մնում են։

– Հողի հետ աշխատանքների սեզոնն արդեն բացվել է, պարո՛ն Հովսեփյան, այդ պայմաններում գյուղացիներն ինչպե՞ս են մշակում իրենց վարելահողերը։

– Արավուսում մեր գյուղի պոստերն ավելի շատ են, քան Տեղ գյուղում, դե, մեր գյուղում 2020 թվականին են, չէ՞, առաջ եկել, մենք կարողանում ենք մեր գործերն անել, բայց Տեղ գյուղում չեն կարողանում։ Մի անգամ փորձել են աշխատանք իրականացնեն, թուրքերը կրակել են։ 

– Գյուղացիներն ուրիշ եկամտի աղբյուր ունե՞ն, թե՞ միայն դա է իրենց ապրուստի միջոցը։

– Իհարկե միայն դա է։ Գյուղացին անասնապահությամբ ու դաշտավարությամբ է զբաղվել, հիմա ո՛չ անասուն ունենք, 20 թվից մինչև այսօր ամբողջ անասունները վաճառել ենք, որովհետև արոտավայրեր չկա, ո՛չ դաշտավարությամբ ենք զբաղվում՝ 68 հեկտարը մնացել է թշնամու հսկողության տակ։

– Իսկ այդ դեպքում գյուղացիներն ինչպե՞ս են ապրում, ո՞նց են հոգում իրենց կարիքները։

– Արդեն նկատում ենք, որ մարդիկ գնում են։ Արավուսից երկու ընտանիք է հեռացել, այսպիսի բան չէր եղել:

– Պարո՛ն Հովսեփյան, ասում են՝ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները որ սկսվեն, ադրբեջանցիները դուրս են գալու ՀՀ սուվերեն տարածքից։ Ձեր տպավորությամբ՝ ադրբեջանցիները պատրա՞ստ են այդ քայլին։

– Չեմ կարծում, մինչև նրանց ուժով հետ չշպրտենք, իրենք իհարկե հետ չեն գնալու, նրանց միայն զենքով կարող ենք հետ շպրտել։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am