Ամենաթողության հասնող ազատության միտումը շարունակվում է, լսարանն էլ բավարար չափով կրթված չէ, չի կարողանում տարանջատել կեղծիքը. Բորիս Նավասարդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը

– Օրերս ՀՌՀ-ն բաշխեց հանրապետական և մայրաքաղաքային սփռման լիցենզիաները հեռուստաընկերություններին: Մասնավորապես, «Արմնյուզը» և TV5-ը իրավունք ստացան միայն Երևանում հեռարձակվելու: Ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացը, նշվում է, որ մեծ հաշվով ՀՌՀ-ն էլի չի կարողանալու վերահսկողություն իրականացնել:

– Եթե խոսքը «Արմնյուզի» մասին է, ապա այն մինչ այդ էլ մայրաքաղաքային հեռարձակում ուներ, այսինքն՝ նրա կարգավիճակում որևէ բան չի փոխվել, թեև հավակնում էր դառնալ հանրապետական հեռուստաալիք:

Բայց ըստ մրցույթների արդյունքների՝ նա պահպանեց նույն սփռումը: Ճիշտն ասած, հաշվի առնելով, որ բոլորս ավելի շատ կենտրոնացած էինք այլ խնդիրների վրա, հայտերի ներկայացմանը չէի հետևում և դժվարանում եմ հիմա գնահատել, թե որքանո՛վ օբյեկտիվ էր հանձնաժողովի որոշումը:

Սակայն ինչ վերաբերում է մեր վերգետնյա հեռարձակողների հետագա աշխատանքին, ես կարծում եմ՝ այո՛, շատ դժվար կլինի ապահովել այն կարգավորումը, որը ենթադրվում է օրենսդրությամբ, քանի որ մեր լրատվական դաշտը ահավոր քաղաքականացված է, և գնալով այդ խնդիրը խորանում է:

Ամեն մեկի գործունեությունը կապված է լինելու առաջին հերթին նրա հետ, թե ով է կանգնած այս կամ այն լրատվամիջոցի հետևում, և տեղեկատվական հոսքերի այս բևեռացման պայմաններում շատ դժվար է ունենալ չափորոշիչներ, թե ինչը՝ կարելի է, ինչը՝ չի կարելի, ինչը պատժելի է, ինչը՝ պատժելի չէ:

Ես ենթադրում եմ, որ այստեղ լինելու են շատ սուր և նյարդային զարգացումներ: Ամեն դեպքում նոր օրենքն ինքը նորույթ է առաջարկում, փաստորեն հանրային մուլտիպլեքսում ներառված բոլոր հեռարձակողները պարտավոր են մասնակից լինել ինքնակարգավորման համակարգերին և հետևել էթիկայի կանոններին:

Եթե այս մեխանիզմները նորմալ աշխատեն, և այդ հեռուստաընկերությունները փորձեն հետևել այն էթիկական կանոններին, որոնք դարձել են իրենց լիցենզիոն պայմանների մաս, որոշակի առողջացում հնարավոր է:

Բայց այստեղ էլ էլի գնահատողից է կախված, թե ինչքանով կլինեն մեխանիզմներ, որոնք թույլ կտան հետևել, թե ինչքանով այն հանձնառությունները, որ վերցրել են իրենց վրա, իրենք կկատարեն, որքանով շահագրգռված կլինեն դրանում, արդյոք այն քաղաքական ճնշումները, որոնք կան լրատվամիջոցների վրա, թույլ կտա՞ն, որպեսզի որոշակի նորմերի շրջանակներում աշխատեն:

Սրանք բոլորը մարտահրավերներ են, որոնց առջև մենք դեռ կանգնելու ենք: Եվ մինչև Հայաստանում չլինի քաղաքական դաշտի առողջացում, դժվար է իհարկե ակնկալել ինչ-որ լուրջ փոփոխություններ նաև հեռարձակվող լրատվամիջոցների ոլորտում: 

Ես ունեմ մեկ ակնհայտ մտահոգություն՝ կապված մրցույթների արդյունքների հետ: Դա առաջին հերթին կապված է մարզային հեռուստաընկերությունների հետ: Մենք, փաստորեն, և դա նաև ընդունված օրենքն է ենթադրում, չենք ունենալու վերգետնյա տեղական հեռարձակողների մրցակցություն:

Ամեն մի մարզում հանրային մուլտիպլեքսի միջոցով շարունակում է հեռարձակում իրականացնել միայն մեկ հեռուստաալիք:

Իհարկե, պետք է դեռ ուսումնասիրել, թե այդ մեկի ընտրությունը որքանո՛վ է օբյեկտիվ չափորոշիչներով տեղի ունեցել, բայց կասկածներ կան, որ այդպես է եղել, և այդ մենաշնորհացումը իհարկե շարունակում է մտահոգություններ առաջացնել:

Այդ մտահոգությունների հիմնական խնդիրը նաև նոր օրենքի անկատար լինելն է և նաև իշխանությունների ինչ-որ բան փոխելու ցանկության բացակայությունը և ավելի ժամանակակից, քաղաքակիրթ մոտեցումներ դրսևորելը:

– Ընդհանուր առմամբ, մեդիա դաշտի ընդհանուր վիճակն ինչպե՞ս եք գնահատում: Շատերը նշում, են, որ անհրաժեշտ քայլեր չեն արվում մանիպուլյացիաների, կեղծ լուրերի դեմն առնելու ուղղությամբ: 

– Մեր բավականին լարված հասարակական, քաղաքական իրավիճակում անմիջապես հարց է առաջանում՝ իսկ ո՞վ է դատավորը: Ո՞վ է որոշում, թե ո՛րն է մանիպուլյացիան, ո՛րն է կեղծ լուրը:

Եվ այստեղ մենք ունենք շատ լուրջ խնդիր՝ կապված նրա հետ, որ շատ բևեռացված է մեր քաղաքական դաշտը: Իշխանության կողմից ցանկացած, նույնիսկ հիմնավորված քայլ կարող է ընկալվել որպես ճնշում լրատվամիջոցների նկատմամբ: Ես կարծում եմ՝ առիթներ եղել են մտածելու, որ այդպես էլ կա:

Այսինքն՝ չկա վստահություն որևէ մեկի նկատմամբ, ով կարող է որոշել՝ ի՛նչն է համապատասխանում օրենքին, ի՛նչը՝ չի համապատասխանում: Հայաստանում կա այդ վստահության բացակայությունը ինստիտուտների նկատմամբ՝ մանավանդ հաշվի առնելով այն գործընթացները, որոնք մենք ունեցել ենք արտակարգ իրավիճակի ընթացքում, բավականին ընտրողաբար էին համապատասխան մարմինները վերաբերվում լրատվամիջոցների գործունեությանը և շատ դեպքերում անհիմն տուգանքներ նշանակում՝ միաժամանակ ուշադրություն չդարձնելով ակնհայտ խախտումներին:

Առաջին օրերին նույն միտումը կար նաև ռազմական դրության ժամանակ: Այսինքն՝ մեզ մոտ խորացել է անվստահությունը և՛ լրատվամիջոցների, և՛ նրանց նկատմամբ, որոնք պետք է կարգավորեն լրատվամիջոցների գործունեությունը և փորձեն այն քաղաքակիրթ հուն տեղափոխել:

Մի խոսքով, մինչև երկրում ընդհանուր կայունացումը և մինչև երկրի արդյունավետ կառավարելիության վերականգնումը ես չեմ կարծում, որ ինչ-որ դրական փոփոխություններ կլինեն նաև լրատվամիջոցների դաշտում:

– Այս իշխանությունների օրոք մամուլը ո՞ր չափով էր ազատ, ո՞ր չափով էր ամենաթողություն, որովհետև մամուլի, խոսքի ազատությունը անընդհատ ներկայացվում էր որպես ամենամեծ ձեռքբերում: Որքանո՞վ դա պահպնվեց այս 2,5 տարում:

– Ազատության և ամենաթողության միջև սահմանը դեռ ոչ մեկը չի կարողացել որոշել: Ի վերջո կա մոտեցում, որ հենց ամենաթողությունն է ազատությունը, և լրատվամիջոցները միայն գիտակցաբար պետք է հոժարակամ այս կամ այն բովանդակությունից հրաժարվեն:

Դրա համար անհրաժեշտ է հասարակության մեջ ընդհանուր շատ քաղաքակիրթ մթնոլորտ լինի: Իրոք դա երևի միակ ճիշտ լուծումն է, որովհետև իշխանության կողմից տեղեկատվական հոսքերը սահմանափակելու ցանկացած փորձ, մանավանդ որ, այսպիսի սուր քաղաքական պայքար է ընթանում, շատ դժվար կլինի խուսափել չարաշահումներից և անհիմն սահմանափակումներից:

Այո՛, մեզ մոտ այդ առումով ամենաթողության հասնող ազատության միտումը շարունակվում է, և նրա բացասական հետևանքներն այն են, որ նաև լսարանը բավարար չափով կրթված չէ, չի կարողանում տարանջատել կեղծիքը պրոֆեսիոնալ և պատասխանատու բովանդակությունից:

Երևի շատ բազմակողմանի ջանքեր են անհրաժեշտ, որ և՛ սպառողը, և՛ արտադրանք առաջարկողը ձևավորեն իրար մեջ քաղաքակիրթ և ժողովրդավարական հասարակությանը հարիր հարաբերություններ:

Մանե Հարությունյան

MediaLab.am