Հանուն կամ ընդդեմ «գրանտակերների»

Հանուն կամ ընդդեմ «գրանտակերների»
Հանուն կամ ընդդեմ «գրանտակերների»

Արտասահմանյան դրամաշնորհներ ստացողները վերջին տարիներին հաճախ են դառնում «հայրենասեր» մարդկանց թիրախ: Նրանց համար անուն են գտել՝ գրանտակեր: Ես խնդիր չեմ տեսնում, եթե իշխանությունն առանց դատարանի որոշում է, որ նրանք ժողովրդի թշնամի են, թող հարցերը լուծի ՊՆ սպային հարազատ ոճով՝ «Շառլի Էբդոն» պայթեցնելով: Եթե պետք է, անձամբ դառնամ էդ գործի շահիդ:

Բայց «գրանտակերների» հանդեպ այս ատելության մեջ փոքրիկ խնդիր կա: Եթե նրանք վտանգավոր են, ինչո՞ւ նրանց գործունեությունը չեք արգելում, ավելին, հաճախ ձեր օրենքները հարմարեցնում եք նրանց դավանած գաղափարներին, նրանց հետ այլ օրենքների նախագծեր եք քննարկում, նրանց համար անուն ունեք՝ քաղաքացիական հասարակություն: Այսինքն` գուցե սկզբից կողմնորոշվեի՞ք՝ նրանք գրանտակե՞ր են, թե՞ քաղաքացիական հասարակություն:

Կա նաև նրանց հանդեպ ատելության ավելի սարսափելի կողմը: Այս մասին երբեք չի խոսվում: Հայաստանը գոյատևման փակ համակարգ ունեցող երկիր է: Միայն արտագաղթի հնարավորությունն է այն դարձնում բաց համակարգով երկիր, բայց արտագաղթածին էլ այս երկիրը պետք չէ: Այստեղ մնում են մարդիկ, որոնք պետք է ապրեն:

Այդ մարդիկ ունեն գաղափարներ, որոնք իշխանության հետ չեն խոսում: Ասենք, ասում են՝ բանակը չպետք է սպանի իր զինվորին: Այս մարդիկ չեն ուզում արտագաղթել: Այս մարդիկ վստահ են, որ ունեն կենսունակության նույն իրավունքն ու մկանները, որոնք ունի իշխանությունը: Ի՞նչ է անում իշխանությունը: Նա պարզապես ստեղծում է գոյատևման մի համակարգ, որը, ինչպես ասում են, կրոնավորին էլ կհասցնի հուսահատության:

Իշխանությունն իր ստեղծած համակարգում կերակրում է միայն նրանց, որոնք պատրաստ են ծառայելու իրեն, ստեղծում է լրատվություն, որը պետք է ներկայացնեն մարդիկ, որոնք այլ լրատվություն ներկայացնելու երազանք են ունեցել և ըստ այդմ բուհ են ավարտել: Ընտրություններով ու Մարտի 1-ով հաստատում է միակուսակցական համակարգի արքայություն, որպեսզի բոլոր ձեռքերը մի թուլափայի (ներողություն այս բառի համար) համար ուղղվեն իրեն:

Հա, բայց կան մարդիկ, որոնք ոչ մի գնով չեն ուզում հանձնվել: Էս մարդիկ ուզում են, որ իրենց Հայաստանը նման չլինի Սերժ Սարգսյանի Հայաստանին: Էս մարդիկ գրքեր են կարդացել, ուսուցիչներ են ունեցել, որոնք նրանց սովորեցրել են չհանձնվել: Ի՞նչ անեն այս մարդիկ: Նրանք պատմություն են սովորել, որտեղ կարդացել են, թե ում վրա էր հենվում, ասենք, Իոսիֆ Ստալինը՝ իր ժամանակվա հանրապետականների:

Դրամաշնորհը չհանձնվելու նրանց թթվածինն է, որովհետև երկրի ներսում իրենց համար փող չկա: Էդ փողը հազիվ հերիքում է կոռուպցիային, հանուն հանրապետականի ստրկացողներին, ուսխորհուրդների և «Բազեների» պրոպագանդիստական հաճույքներին:

Եթե արևմտյան դրամաշնորհների իրական նպատակը Հայաստանը քանդելն է, բա Մարտի 1-ի ու ՍԱՍ-ի Արտակ Սարգսյանի արածի իմաստն ի՞նչն է՝ կառուցե՞լը: Էս մարդիկ չեն ուզում ՍԱՍ-ի Արտակ Սարգսյանի փողի հույսին մնալ, ինչպես մնացել էր ընտրությունների համար քվեներ քերած, բայց այդպես էլ Փարիզ չմեկնած Իրինան:

Հասկանո՞ւմ եք, Հայաստանը պարզապես չունի ազատ տնտեսությամբ իր գլուխը պահող քաղաքացի: Հայաստանի իշխանությունը պատրաստ չէ հանգիստ թողնելու իր քաղաքացուն, այդ քաղաքացին նրա «ընտրության» մսացուն է, ուրիշ ոչ մի բանի, ներառյալ ապրելուն պետք չէ:

Միևնույն է, եթե չկաշառվեց կամ մեռավ, քվեներ նկարելը կա ու կա: Էլ չեմ ասում, որ գրեթե ամեն օր հենց իշխանական լրատվամիջոցները տեղեկացնում են, թե այս կամ այն պետությունն ինչ «գրանտներ» է տվել իշխանությանը, ասենք, ոստիկանության, արդարադատության և այլ համակարգեր խելքի բերելու համար:

Վերջում պարզվում է, որ խելքները էլի չի հերիքում, որ քաղաքացուն չծեծեն, չբանտարկեն և բանտում ու նույնիսկ դատարանի դահլիճում չծեծեն:

Գուցե մի օր էլ սկսեք վիրավորել նրանց, որոնք արտասահմանյան գրականությո՞ւն են կարդում:

Մհեր Արշակյան

MediaLab.am