Մնացական Մարտիրոսյան. Փաշինյանի  անմնացորդ նվիրյալը

Մհեր Արշակյան

Կոռուպցիայի դեմ Նիկոլ Փաշինյանի պայքարին խանգարում էր միայն հեղափոխության պատճառ դարձած այնպիսի դատավորի բացակայությունը, ինչպիսին ստրկամտության անմնացորդ մարմնացում Մնացական Մարտիրոսյանն է: Այս մարդը երեկ ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի հակակոռուպցիոն քաղաքացիական գործեր քննող դատավոր:

Շատերն իրականում չեն հասկանում, թե ինչ է տեղի ունեցել: Հիմա կբացատրենք: 

Տարբերակ առաջին: 

Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին, գուցե նաև ձեռքի հետ՝ Կիմ Չեն Ընին խոստացել է ինչ-որ ազդանշան ուղարկել, ըստ որի Հայաստանը վերադառնում է ավտորիտար ժամանակներ: 

Հիմա ՔՊ-ն ուղղակի ծաղկում է, իշխանության մեջ ՔՊ-ական պատգամավորների ընտանիքների բոլոր հասուն անդամներն արդեն տեղավորվել են բոլոր պաշտոններում, ավտորիտարիզմի կարևորագույն շարժիչ ուժ համարվող աղքատությունը ՔՊ-ականներից ու Մնացական Մարտիրոսյանից բացի արդեն շոշափում է բոլորի գրպանները, և իբրև աղ այս ամբողջ վերքին, Ֆրանսիան հրաժարվում է Հայաստանին հանձնել Սուրիկ Խաչատրյանին՝ կարծես հասկացնելով, թե այս իշխանությունը նրանից էլ վատն է: 

Մարդը, որը պիտի Սուրիկ Խաչատրյանի պես փախած լիներ, դառնում է Բարձրագույն դատական խորհրդի հակակոռուպցիոն քաղաքացիական գործեր քննող դատավոր: 

Տարբերակ երկրորդ: 

Մնացական Մարտիրոսյանը հարազատի պես ճանաչում է Հայաստանի բոլոր կոռումպացվածներին, և, ինչպես ասում են, Փաշինյանը բարձրագույն կոռումպացվածներից մեկին կանգնեցնում է հակակոռուպցիոն քաղաքացիական գործեր քննող դատավորների շարքում, որպեսզի ոչ մի նախկին կոռումպացված չմտածի ինչ-որ պատճառաբանություններով իր ունեցվածքը մյուս դատավորներին կերցնելու մասին: 

Կա նաև դրա հակառակ տարբերակը՝ Մնացական Մարտիրոսյանին նշանակել են, որ հենց նա ԲԴԽ-ին կերցնի բոլոր կոռումպացվածների «ազնվության» ապացույցները: Սա քիչ հավանական է, բայց սրա մասին պետք է հարցնել էկոնոմիկայի նախարար Քերոբյանին, նա ցանկացած հիմարություն բացատրելու համար գտնում է ճիշտ բառերը: 

Տարբերակ երրորդ: 

Նիկոլ Փաշինյանը չի հիշում, թե ով է Մնացական Մարտիրոսյանը: Որովհետև միայն այս դեպքում էական չէ, թե ով է հիշում և ինչ փորձանքների է հանդիպել այս մարդու հետ գործ ունենալիս: Հավանաբար շատերն են հիշում, որ հենց Մնացականն է դատել ու անմիջապես ազատություն շնորհել «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանին սպանած Կուկուին: 

Գուցե միայն Նիկոլ Փաշինյանը պիտի հիշեր, բայց հենց նա՛ չի հիշում, որ 2008-ի գործով հենց Մնացական Մարտիրոսյանն է արձակել այսօրվա վարչապետի մեղադրական դատավճիռը, ըստ որի Փաշինյանն իր գործողություններով նպաստել է այն ամենին, ինչը հանգեցրեց 10 մարդու սպանությանը: 

Գուցե ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը պիտի հիշեր, բայց հենց նա՛ չի հիշում, որ 2015 թ. օգոստոսի 6-ին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել էր դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նկատմամբ վարույթ հարուցելու պահանջով: Բայց Օմբուդսմենի դիմումը մերժվեց: 

Տարբերակ չորրորդ: 

Մնացական Մարտիրոսյանը կաշառել է ԲԴԽ բոլոր անդամներին, ներառյալ Կարեն Անդրեասյանին, որպեսզի դառնա Բարձրագույն դատական խորհրդի հակակոռուպցիոն քաղաքացիական գործեր քննող դատավոր: 

Տարբերակ հինգերորդ: 

Մնացականի ընտրությամբ հենց իրենց կոռումպացվածությունն են պաշտպանում: Սա բոլոր տարբերակներից ամենատրամաբանականն է: 

Տարբերակ վեցերորդ:

Շատ ավելի հավանական է, որ Փաշինյանը թքած ունի իրեն ու իր քաղաքական ուժին ընտրած ժողովրդի վրա: Սիրում է, չէ՞, ասել՝ մեզ ժողովուրդն է ընտրել: Բայց ժողովուրդն ընտրում է, որպեսզի Մնացականը գնա, ոչ թե մնա: Եթե դու Մնացականին պահում ես, Սերժին մերժելն ի՞նչ իմաստ ունի՝ որ Սերժին դատի՞, թե՞ չդատի: Նախկիններին հաթաթա տալու իմաստը ո՞րն է՝ որ Մնացականը մնա՞: Գուցե մի հատ մեզ բացատրե՞ք, թարմացնե՞նք մեր հիշողությունը, թե ինչու հեղափոխությունն արվեց:

Եվ, ընդհանրապես, որպես յոթերորդ տարբերակ. Նիկոլ Փաշինյանը կամ նրան կից անձինք կայֆ են բռնում Հայաստանի Հանրապետության վրա, անկախ իրենց կոռումպացվածությունից կամ աստվածային ազնվությունից: 

Որովհետև եթե Մնացականին դատավոր են նշանակել սրտի խոր ցավով, ուրեմն առնվազն Պուտինի կամ Կիմ Չեն Ընի աչքը և ականջը, գուցե նաև սիրտը շոյելու համար: 

Իսկ եթե Փաշինյանն անզոր է Մնացականին հեղափոխական Հայաստանի կառավարումից հեռու պահելու համար, մնում է ենթադրել, որ Սուրիկ Խաչատրյանի համար էլ պաշտոն ունեին, որը կարգին զվարճացրել է հեղափոխությունը ողջունած Ֆրանսիային: 

Ուրեմն Ֆրանսիան խղճում է բոլոր նրանց, ովքեր մասնակցել են հեղափոխությանը: 

Ուրեմն, հայե՛ր, դուք էլ, ձեր հեղափոխությունն էլ, գնացեք ու կերեք ձեր եփած ճաշը:

Մհեր Արշակյան

MediaLab.am