«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Ժաննա Վարդանյանը
– Տիկի՛ն Վարդանյան, Իրան-ԱՄՆ բանակցությունները, ըստ էության, ձախողվեցին, ու կողմերը կրկին պատերազմական ակտիվ գործողությունների մեջ են: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանը շուտով վերջնականապես պարտություն կկրի, այդպե՞ս է:
– Դոնալդ Թրամփը պատերազմի այս ողջ ընթացքում նման հայտարարություններ բազմիցս է արել, ինչպես նաև հայտարարություններ, որ պատերազմը շուտով կավարտվի, հետևաբար նման հայտարարությունները շատ դեպքերում ունեն պարզապես քարոզչական բնույթ ու հակառակորդին ճնշելու նպատակ:
Կողմերի միջև այս պահին տեղի ունեցողը կարելի է բնորոշել որպես լծակների պայքար, որի գլխավոր թատերաբեմը Հորմուզի նեղուցն է, որովհետև այս պատերազմը ցույց տվեց Իրանին, որ իր ամենամեծ գործիքներից մեկը, եթե ոչ ամենաարդյունավետը, Հորմուզի նեղուցն է, ու Իրանում եկել են այն եզրահանգման, որ իրենք պետք է պահեն Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը:
Իրանական կողմի համար կարմիր գիծ է դարձել այն, որ Հորմուզի նեղուցում լինեն իրանական կարգավորումներ, այսինքն՝ այս նեղուցով անցումը համաձայնեցվի Իրանի հետ: Այս համատեքստում Իրանն ընդհանրապես չի ցանկանում վերադառնալ նախքան պատերազմը եղած իրավիճակին, երբ նման հարց անգամ չէր էլ քննարկվում:
Ի՞նչ է անում ԱՄՆ-ն այս ուղղությամբ. փաստացի Նահանգների վերջին հարվածները մեծ մասամբ ուղղված են Պարսից ծոցի հարավային շրջաններին ու իրանական այն ենթակառուցվածքներին, որոնք Իրանը կարող է օգտագործել նույն Հորմուզի նեղուցը փակելու կամ նավերի դեմ որևէ տեսակի գործողություններ իրականացնելու համար:
Ամերիկյան հարվածների համատեքստում կարող ենք նաև առանձնացնել մեկ այլ ուղղություն, որը հիմնականում տրանսպորտային ենթակառուցվածքների ուղղությունն է: Մյուս կողմից էլ թիրախավորվում են Իրանի տնտեսական ենթակառուցվածքները՝ նպատակ ունենալով հնարավորինս ճնշում գործադրել Իրանի վրա նաև այդ ուղղությամբ: Դժվար է ասել, թե հարվածները դեռ որքան կտևեն, բայց վերադառնալով իմ առաջին մտքին՝ սա նախևառաջ լծակների համար պայքար է, որովհետև մենք չենք կարող բացառել, որ այս սրացումից հետո ևս կողմերը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ, այսինքն՝ այն, ինչ հիմա արվում է, հնարավոր բանակցություններում յուրաքանչյուրի դիրքն ավելի ամրապնդելու համար է, որ բանակցային գործընթացում ամեն մեկը հանդես գա ավելի շահեկան դիրքերից:
– Լծակներ ունենալ միայն Հորմուզի նեղուցի՞ վրա, թե՞ կողմերը նպատակ ունեն լծակներ ունենալ նաև տարածաշրջանում:
– Ընդհանուր Հորմուզի նեղուցում վերահսկողություն իրականացնելը Իրանի համար դարձել է երկարաժամկետ նպատակ, այսինքն՝ դա չի վերաբերում ընթացիկ փուլին: Իրանի համար սա ամենաարդյունավետ լծակն է, ու նա պետք է դա ամեն գնով պահի, կարելի է ասել, որ սա Իրանի համար վերածվել է տարածքային ամբողջականությունը կամ ինքնիշխանությունը պահպանելու խնդրի: Հետևաբար, Իրանն այսօր պատրաստ չէ գնալ որևէ զիջման, հիշենք, որ այս սրացումը սկսվեց հենց Հորմուզի նեղուցի պատճառով, որին էլ հաջորդեցին հուշագրով ամրագրված կետերի խախտումները: Հիմնական խնդիրն այս պահին սա է, բայց, իհարկե, դեռ շարունակվում է «Հըզբոլլահի» հարցը, այլ խնդիրներ ևս առկա են՝ կապված տարածաշրջանում Իրանի դաշնակից ուժերի հետ, որոնց թվում է «Հըզբոլլահը»:
– Տիկի՛ն Վարդանյան, Իրանը բավականաչափ ռեսուրսներ ունի՞ դիմագրավելու ամերիկյան հարվածներին, որովհետև կարծիքներ են հնչում, թե Իրանն այս պահին թուլացած վիճակում է՝ պատերազմի առաջին փուլից ստացած հարվածների հետևանքով:
– Խնդիրն այն է, որ եթե այն ժամանակ Իրանն ուներ հստակ ռազմավարություն ու հարվածներն ըստ այդմ էր հասցնում, ապա այս փուլում Իրանը պարզապես հարվածներ է հասցնում արաբական երկրներում ամերիկյան օբյեկտներին, բայց մենք չենք տեսնում այդ հարվածների ազդեցությունը՝ ԱՄՆ-ին զսպելու տեսանկյունից: Այս առումով Իրանն ավելի խոցելի է, որովհետև նրա օդային տարածքը հասանելի է ամերիկյան կողմի համար, ու իրենք կարողանում են անխոչընդոտ հարվածներ հասցնել: Բայց իրանական կողմի մոտեցումն այն է, որ չնայած կրած վնասներին, իրենք միևնույն է, պետք է կարողանան պահել փոխադարձ հարված հասցնելու և Հորմուզի նեղուցում գործողություններ անելու իրենց կարողությունը:
Իրանը, անգամ ծանր կորուստների գնով, փորձելու է պահել պատասխան հարված հասցնելու կարողությունը: Չնայած կոշտ հռետորաբանությանը՝ կողմերը պատրաստ են ու միտված են նաև բանակցությունների:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab

















