Եթե Իրան-ԱՄՆ համաձայնագրով չեղարկվեն Իրանի դեմ պատժամիջոցները, դա Հայաստանի օգտին կլինի․ Ժաննա Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Ժաննա Վարդանյանը

– Տիկի՛ն Վարդանյան, Իրան-ԱՄՆ բանակցություններն ի՞նչ փուլում են, եթե նկատի ունենանք, որ կողմերը ստորագրել են հուշագիր:

– Ստորագրված հուշագիրը կարելի է բնորոշել իբրև հետագա գործողությունների ճանապարհային քարտեզ: Հուշագիրը մի քանի կարևոր խնդիրներ է լուծում՝ Հորմուզի նեղուցի բացումը, Իրանի դեմ ծովային շրջափակման վերացումը ու մյուս կարևոր դրույթը՝ Լիբանանում հրադադարը: Այս առումով մենք ականատես ենք միայն Հորմուզի նեղուցի բացմանն ու ծովային շրջափակման վերացմանը, բայց Լիբանանում հրադադարի դրույթը փաստացի չի կատարվում: Ավելին, Իսրայելը հարվածներ է հասցնում Լիբանանին, դրանով սպառնալիք դառնալով ու մարտահրավեր նետելով Իրան-ԱՄՆ բանակցային հետագա գործընթացին, որն այսօր պետք է մեկնարկեր Ժնևում ու փաստացի հետաձգվել է, հայտնի էլ չէ, թե երբ տեղի կունենա: Հուշագրով սահմանված մի շարք դրույթներ պետք է լուծվեին հենց նոր բանակցությունների միջոցով, որովհետև հուշագրում առկա ձևակերպումները շատ ընդհանրական են, այս առումով շատ կարևոր են բանակցությունների շարունակությունն ու վերջնական համաձայնագրի ձեռքբերումը: 

Սրան հասնելու համար կան փաստացի խոչընդոտներ, որոնցից մեկը Իսրայելն է ու իր գործողությունները թե՛ Լիբանանում, թե՛ նաև հավանական ինչ-որ գործողություններ Իրանի դեմ: Մյուս խոչընդոտը Իրանի ու ԱՄՆ-ի դիրքորոշումների տարամիտումներն են, որովհետև անգամ այս հուշագրի դեպքում մենք տեսնում ենք, թե ինչպես են կողմերը տարբեր կերպ մեկնաբանում դրանք: Այսինքն՝ առանցքային հակասությունները, որ կային կողմերի միջև մի շարք հարցերի վերաբերյալ, միևնույն է, պահպանվում են ու դեռ հետագա կարգավորումների կարիք ունեն:

– Իսկ կողմերը մո՞տ են վերջնական համաձայնագիր ունենալուն, թե՞ ոչ: 

– Իրականում մեզ համար շատ բան տեսանելի չէ, եթե դիտարկենք զուտ հուշագրի տեքստը ու ելակետ ընդունենք, որ վերջնական համաձայնագիրը լինելու է հենց դրա շրջանակներում, ապա գուցե կողմերն ավելի են մոտեցել այդ նպատակակետին, օրինակ՝ նույն ուրանի հետ կապված հարցը, կարծես թե հուշագրով այն է, որ հարստացված ուրանի պաշարները նվազեցվելու են, բայց դա իրականացվելու է հենց Իրանի տարածքում: Սա իհարկե դեռ վերջնական չէ, բայց եթե այդ համաձայնագիրը լինի այդ հուշագրի դրույթների հիման վրա, կրկնում եմ, ինչ-որ առումով մոտեցել են, բայց կան մի շարք հարցեր, որոնց լուծումը դեռ պարզ չէ: 

Բացի այս՝ երկու կողմն էլ իրենց ներքին լսարանի հետ աշխատելու խնդիր ունեն, երկուսն էլ պետք է իրենց լսարանին համոզեն, որ լավ հուշագիր կամ համաձայնագիր են կնքում, հետևաբար դեռ շատ աշխատանք կա կատարելու, բայց նկատելի է, որ բանակցությունների շարունակության հակվածություն կա Իրանի ու ԱՄՆ-ի կողմից, այլ հարց է Իսրայելի գործոնը, որն իսկապես կարող է խոչընդոտ լինել ու փաստացի խոչընդոտ է: ԱՄՆ-ն շատ կոշտ հայտարարություններ է հնչեցնում Իսրայելի հասցեին, ինչը թույլ է տալիս ասել, որ նրանց շահերն այս փուլում չեն համընկնում: Սա ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն այս փուլում ոչ թե ռազմական գործողությունների է հակված, այլ՝ բանակցային գործընթացի:

 – Տիկի՛ն Վարդանյան, եթե վերջնական համաձայնագրի հիմքում լինի այս հուշագիրը, ապա դա տարածաշրջանի, Հայաստանի համար լա՞վ է, թե՞ վատ:

– Ընդհանրապես չենք կարող ասել, թե վերջնական համաձայնագիրն ինչ տեսք կունենա, բայց եթե այն մոտ լինի այդ հուշագրում արտահայտված դրույթներին, ու Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկվեն, դա, բնականաբար, Հայաստանի օգտին է, քանի որ Իրանի հետ մեր առևտրային հարաբերությունները կլավանան, ու, առհասարակ, Իրանի հետ մեր համագործակցությունը տարբեր ձևաչափերում, փաստացի լարվածությունը կթուլանա: 

Կարող է արդեն նաև մեծանալ Իրանի կշիռը տարածաշրջանում, ինչը կարող է հակակշիռ լինել Թուրքիային, Ադրբեջանին ու մեր դեմ տրամադրված այլ դերակատարների: Մեզ համար լավ սցենարն այն է, որ իսկապես որևէ համաձայնություն ձեռք բերվի, այդ լարվածությունը գոնե առաջիկա տասնամյակներին թուլանա, ու Իրանն իսկապես ազատվի պատժամիջոցներից: Բայց պետք է հաշվի առնենք, որ եթե անգամ վերջնական համաձայնագիր լինի, դա, միևնույն է, վերջ չի դնում Իրան-ԱՄՆ թշնամանքին, վերջ չի դնում Իրան-Իսրայել հակամարտությանը: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am