Փեզեշքիանը ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը «պատմական» է անվանել

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ողջունել է ԱՄՆ-ի հետ ձեռք բերված համաձայնագիրը՝ այն անվանելով «պատմական»։ Նրա խոսքով՝ փաստաթուղթը նպատակ ունի ավարտել երկու երկրների միջև պատերազմը և ճանապարհ հարթել վերջնական կարգավորման շուրջ բանակցությունների համար։

Սոցիալական ցանցում կատարած գրառմամբ Փեզեշքիանը նշել է.

«Սա պատմական փաստաթուղթ է և հզոր Իրանի ուղերձը. խաղաղությունը կիրականացվի փոխադարձ հարգանքի պայմաններում։

Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ հավատարիմ է եղել համաշխարհային խաղաղությանը՝ միաժամանակ պահպանելով իր արժանապատվությունն ու անկախությունը, ինչպես նաև աջակցելով առաջընթացին և տարածաշրջանային համագործակցությանը»։

Փեզեշքիանը նաև հրապարակել է համաձայնագրի լուսանկարը, որի վրա առկա են իր և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունները։

Հիշեցնենք, որ համաձայնագիրը 14 կետից բաղկացած փոխըմբռնման հուշագիր է, որը նախատեսում է 60-օրյա հրադադար և վերջնական խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկ։ Այն ներառում է նաև Հորմուզի նեղուցի վերաբացումը, ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակման աստիճանական դադարեցումը, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների շարունակումը և պատժամիջոցների հնարավոր մեղմացման շուրջ քննարկումները։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։