Արման Թաթոյանն անդրադարձավ ՄԻՊ աշխատակազմի մեքենաների քանակը կրճատելու որոշմանը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խնդրահարույց է համարում ՄԻՊ աշխատակազմի մեքենաների քանակը կրճատելու կառավարության որոշումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թաթոյանն այս մասին ասաց մարտի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Սկզբում կառավարությունն առաջարկել էր վերցնել 8 մեքենա, որոնցից մեծ մասը ԵՄ միջոցների հաշվին հատկացված մեքենաներն էին, հետո, չսպասելով մեր կարծիքին, առաջարկվեց կառավարության որոշմամբ վերցնել 7-ը: Դրանից հետո սկզբունքային առարկություններ ներկայացրինք, որ դա լուրջ խոչընդոտ է լինելու մեր աշխատանքներին, որովհետև մեր ընդհանուր մեքենաների 80-90%-ն էր կազմելու: Տարբեր քննարկումների արդյունքում որոշվեց 3-ը վերցնել»,- ասաց Թաթոյանը:

Արման Թաթոյանը նշեց, որ բոլոր տեղերում իրականացվում են մեքենաների կրճատումներ և դա լավ է, որովհետև պետք չեն շատ մեքենաներ, սակայն Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այցերը գլխավորապես գաղտնի են լինում:

«Գնում ենք քրեակատարողական հիմնարկներ, հոգեբուժական հաստատություններ, ոստիկանության բաժիններ, տուն-ինտերնատներ, սահմանամերձ բնակավայրեր, այդ այցերը գլխավորապես գաղտնի են: Եթե գնում ենք ոստիկանության բաժին, ստուգումների, ինչպես մեքենա պատվիրենք, որ ամբողջ աշխարհն այդ մասին իմանա: Կամ ինչպես ենք պատկերացնում՝ ինչպես են լինելու արագ արձագանքման այցերը: Մեր վարորդներն, անգամ, պարտավորություն ունեն պահպանելու այն տեղեկությունը, որը մենք հայտնաբերում ենք»,- նշեց Մարդու իրավունքների պաշտպանը: