«Ժողովուրդը, որը չի ուզում մահանալ, երբեք չի մահանա»․ Ռուբեն Բաբայան

Ռուբեն Բաբայանը («Ֆոտոլուր»)

«Մեդիալաբի» հարցազրույցը ռեժիսոր, Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ

– Պարո՛ն Բաբայան, արդեն 4-րդ օրն է, ինչ պատերազմի մեջ ենք։ Ադրբեջանը շարունակում է հրետակոծել նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտակերտ քաղաքը, ռմբակոծության հետևանքով զոհվել են նաև քաղաքացիական անձինք:

Այսօր միայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էր, որ հստակ գնահատականներ հնչեցրեց ու խոսեց ըստ էության։ Ինչո՞ւ է միջազգային հանրությունը, այսպես ասած, լուռ։ Ինչո՞ւ չեն հնչում հստակ պահանջներ, ինչո՞ւ հստակ գնահատականներ չեն տրվում։

– Վերջնական գնահատական ես հիմա չէի տա, որովհետև սա դիվանագիտություն է և նշանակում է, որ շատ բան արագ փոխվել է, իսկ աշխարհն այդքան արագ չի փոխվել իր գնահատականների մեջ։

Կարծում եմ՝ ճիշտ և խելացի վարվող դիվանագիտական աշխատանքի պարագայում մենք կհասնենք մեծ հաջողությունների, առավելևս, որ մեզ նման հնարավորություն տվել է Թուրքիայի մասնակցությունը։

Կոնֆլիկտն ծավալով դուրս է գալիս շատ նեղ, տարածաշրջանային վիճակից, և մենք պետք է սթափ գնահատենք, որ Թուրքիայի հանդեպ վերաբերմունքը այնքան էլ դրական չէ, համենայնդեպս, այն աշխարհում, որի արձագանքը մեզ համար շատ կարևոր է՝ նկատի ունեմ քաղաքակրթության ընտրության մեջ։

Կարծում եմ՝ պետք չէ նեղանալ աշխարհից, պետք է աշխատել աշխարհի հետ։ Բացատրելով, որ սա ո՛չ ազգամիջյան, ո՛չ կրոնական, ո՛չ էլ նույնիսկ տարածքային պատերազմ է, սա քաղաքակրթական պատերազմն է, և բռնապետական երկու երկիր փորձում են խեղդել ժողովրդավարական Հայաստանը և Արցախը։ 

Առաջին հերթին սրա՛ մասին է պետք խոսել։ Այստեղ խոսքը մարդկային կյանքը փրկելու մասին է, և այստեղ մեր պայքարը և անձնուրաց պայքարը ամբողջովին բացատրելի է և ընդունելի այս պարագայում, եթե մարդկային կյանքը մեծագույն արժեք է։

Այսօր միջազգային արձագանքի տեսանկյունից ճիշտ փոփոխություններ են տեղի ունենում։

Միգուցե՝ մի քիչ դանդաղ, թեկուզ մենք կուզեինք ավելի արագ և միանշանակ, բայց չմոռանանք, որ սա հեշտ լուծվող հարց չէ՝ երկար ժամանակ է անցել, շատ-շատերը մոռացել են, թե այս ամբողջ պատմությունը ինչի՛ց է սկսվել։

Սա բացատրական մեծ աշխատանք է պահանջում՝ հետևողական, առանց նեղանալու և առանց կանգ առնելու։

– Պարո՛ն Բաբայան, չնայած դժվարին վիճակին, մարդիկ շարունակում են համախմբվել, մեծ թվով կամավորներ են ամեն օր մեկնում Արցախ, տարաբնույթ նախաձեռնություններով են հանդես գալիս՝ օգնություն, տարհանված ընտանիքներին ժամանակավոր կեցություն և կացարաններ, դեղորայք, սնունդ։

Ի՞նչն է մարդկանց համախմբում ու միասնական դարձնում։ Ի՞նչ ոգի է սավառնում օդում։

– Գիտեք՝ ծնվել է նոր սերունդ, եկել է նոր գիտակցություն՝ սա մեր հայրենիքն է, և մենք յուրաքանչյուրս պաշտպանում ենք այս երկիրը հնարավորությունների սահմաններում, և ամեն մեկը փորձում է գտնել տեղը։ Սա գիտակցված ոգևորություն է, համախմբում է, սա առաջնային խնդիրը գիտակցված գնահատելն է։ 

Ոչ ոք չի փորձում ներքաղաքական իրավիճակի կուսակցական, կրթական, մշակութային և այլնի իր մոտեցումները առաջ բերել։ Կա առաջնային խնդիր՝ մեր երկիրը վտանգված է, և մենք բոլորս պետք է ուս ուսի տված կանգնենք։

Եվ այստեղ քարոզի կարիք չկա, սա մտել է արյան մեջ։ Սա ամենակարևորն է, որ կատարվեց մեր երկրում։ Մեր երկրում ձևավորվեց քաղաքացիական հասարակություն, որը զգում է իր պատասխանատվությունը երկրի անվտանգության համար։

Ես հիշում եմ 90-ական թվականները, շատ հետաքրքիր համեմատություն է, մեր պատերազմական փառապանծ տարիները, երբ կարողացանք դիմակայել մեզնից բազմաթիվ ուժեղ, համենայնդեպս՝ սպառազինության տեսանկյունից, հակառակորդին:

Կամավորական ջոկատներ էին գնում, բայց ես չեմ հիշում, որ մարդիկ հերթ կանգնեին զինկոմիսարիատների դիմաց, հակառակը՝ Վազգեն Սարգսյանի շատ թևավոր խոսք կար՝ բռնեմ-տանեմ բանակ։ Երիտասարդներին կանգառներում էին բռնացնում, սրճարաններում։ Այսօր դրա կարիքը չկա, հակառակը՝ փորձում են զսպել։

– Ո՞րն է այդ փոփոխության պատճառը։

– Մտածողությունն է փոխվել, սա դարձել է լրիվ մեր հայրենիքը։ Հասկանում ենք, որ մենք ինքներս պետք է կերտենք, մեր փոխարեն ոչ ոք այդ հարցը չի լուծելու, ոչ ոք մեր փոխարեն մեր հայրենիքը չի պաշտպանելու։ Ձևավորվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որն իրեն զգում է իր երկրի տեր։

Ընդ որում, մարդիկ գնում են իսկապես ուրախ։ Եվ դա նրանից չէ, որ նրանք չեն հասկանում, թե ուր են գնում, նրանք գիտակցված են գնում, նրանք ամպագոռգոռ չեն ասում՝ գնալու ենք Բաքվում թեյ խմենք, նրանք շատ կոնկրետ գիտեն խնդիրը, որի համար գնում են։

Սա է մեզ հույս տալիս և ոգևորում, որովհետև այս տեսակ վերաբերմունքը հաղթանակի ամենակարևոր գրավականն է։ Էս տեսակ ժողովրդին հաղթել հնարավոր չէ։

Ես նայում եմ՝ թատրոնում մեր երիտասարդներն ինչպես են վերաբերվում, օգնությունը, որ հավաքում են, արյունը, որ հանձնում են, գնում են կամավոր, իմ առաջին կուրսից երեք ուսանող է մեկնել։

Սա լրիվ ուրիշ վիճակ է։ Ժողովուրդը, որը չի ուզում մահանալ, երբեք չի մահանա։ Ժողովուրդը, որը գերագնահատում է, և ճիշտ է անում, կյանքը, և համարում է, որ մահանալ կարելի է ոչ թե հանուն մահվան, այլ հանուն կյանքի, էդ ժողովրդին հաղթել չի լինի։ 

– Վերջին օրերին շատ է հնչում այն տեսակետը, թե սա վերջին պատերազմն է, և պետք է ամեն գնով պայքարել, հաղթել և վերջնական լուծում տալ այս հարցին։ Ինչո՞ւ են այդպես ասում։

– Ես կուզեի այս հարցին անդրադառնալ, երբ ռազմական գործողությունները ավարտվեն, որովհետև խոսել պատերազմի մասին կարելի է միայն երկու պարագայում՝ կա՛մ մեր զորքերը մտնում են Բաքու, կա՛մ նրանց զորքերը մտնում են Երևան։

Ուրեմն մենք պետք է հասկանանք, որ այս պատերազմն ընդհանրապես չի ավարտվել, 30 տարի տևում է, եղել են զինադադարներ, բայց դա չի նշանակում, որ եղել է պատերազմի ավարտ:

Բոլոր դեպքերում համոզված եմ, որ կլինի զինադադար՝ մեր կողմից պարտադրված, և այդ ժամանակ իսկապես պետք է մտածել՝ ի՛նչ ենք անելու, որ մեր երկրում խաղաղություն հաստատենք, որովհետև Հայաստանը կարող է զարգանալ միայն խաղաղ կարգավիճակում։

Արփինե Արզումանյան

MediaLab.am