Ժամանակն է հասնել խաղաղության․ Թրամփը՝ Ալիևին. Factor

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

«Բարձր ենք գնահատում մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ և ձեր գործընկերությունը Միացյալ Նահանգների հետ ահաբեկչության դեմ պայքարում, էներգետիկ անվտանգության առաջխաղացման և ձեր հարևանի հետ խաղաղության հասնելու գործում: Մեր հարաբերությունները զգալիորեն զարգացել են դիվանագիտական ​​հարաբերությունների ավելի քան 30 տարվա ընթացքում։

Հույս ունենք, որ մեր երկկողմ առաջնահերթությունները, այդ թվում՝ անվտանգության ոլորտում համագործակցությունը, տնտեսական հարաբերությունները և էներգետիկայի զարգացման ոլորտում գործընկերությունը, կշարունակվեն»,- ասվում է նամակում։

Թրամփը անդրադարձել է նաև Հայաստանի հետ խաղաղության գործընթացին։

«Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղությանը: Երկարատև խաղաղությունը կապահովի ավելի բարգավաճ Հարավային Կովկասի տարածաշրջան և կստեղծի ավելի մեծ հնարավորություններ Միացյալ Նահանգների հետ համագործակցության համար: Հիմա ժամանակն է հասնել խաղաղության և Հարավային Կովկասի ժողովուրդների համար բարգավաճման նոր դարաշրջան սկսել»,- ասվում է ԱՄՆ նախագահի ուղերձում։

Հիշեցնենք՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ևս Ադրբեջանի Անկախության օրվան նվիրված շնորհավորական հայտարարության մեջ  նշել էր, որ Վաշինգտոնը  շարունակում է աջակցել տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանման ջանքերին։