««Բլիժնի բոյ» է եղել, 20 հոգի են էղել էնտեղ, բոլորն էլ զոհվել են»․ հայրն ասում է՝ ապրում են որդու մասին հիշողություններով

Սամվել Մուրադյանը կսկիծով է հիշում այն 8 ամիսները, երբ հույսով փնտրում էին որդուն և սպասում, որ նա որևէ տեղից կհայտնվի։ 

«Մտածում էինք՝ գուցե գերի ա, հույս ունեինք՝ կգտնենք, բայց չստացվեց»,- ցավով ասում է հայրը: 

Կառլենը 18-տարեկան էր: Ընդամենը 2 ամսվա ծառայող, երբ սկսեց պատերազմը: 

Հայրը պատմում է, որ պատերազմի ժամանակ Կառլենը կռվել է Ջրականում, այնուհետև Արա լեռում, Հադրութում։ Զոհվել է Ղարաբազար գյուղում հակառակորդի դեմ առ դեմ կռվի ժամանակ։

«Բլիժնի բոյ է եղել, 20 հոգի են էղել էնտեղ, 20-ն էլ զոհվել են»,- սրտի մեծ ցավով ասում է հայրը։

Հայրը հիշում է՝ որդու հետ վերջին անգամ կապ են հաստատել հոկտեմբերի 14-ին, որից հետո այլևս զանգերն անհասանելի են եղել։

«Էդ օրը որ զանգեց, ասեց՝ ամեն ինչ լավ ա, անպայման էլի կզանգեմ։ Զանգից անմիջապես հետո խոցվել է թշնամու կողմից»,- ասում է հայրը։

Սամվելը պատմում է, որ դեկտեմբերին իրենց են փոխանցել որդու փաստաթղթերը, սակայն ԴՆԹ անալիզ հանձնելուց հետո պարզվել է, որ պատասխանը բացասական է, փաստաթղթերն ուրիշի մոտից էին գտել։ Ընտանիքը հույսով սպասում էր, որ որդին ողջ կգա։ Սակայն հունիսին ստացել են գույժը։ 

«Հունիսի 16-ին Քննչականից զանգին, հայտարարին՝ ձեր ԴՆԹ համընկնում է եղել»։

Հայրն ասում է՝ այդ օրվանից կյանքը կանգնել է, առանց որդու տունը դատարկ է։ Նշում է՝ ապրում են որդու մասին հիշողություններով՝ հիշելով մանկությունից մինչև ծառայություն ամեն մի դրվագը։

«Ինքը միշտ մեր հետ ա, ամեն օր իրա հետ զրուցում ենք, ներկայությունը զգում»,- ասում է հայրը։

Կառլեն Մուրադյանը Շիրակի մարզի Կապս գյուղից է, հոր խոսքով՝ որդին սիրում էր սպորտով զբաղվել, դեռևս դպրոցական տարիներին կարատեի է գնացել, ստացել 9-րդ կյու որակավորումը և մտադիր էր բանակից վերադառնալուց հետո այդ ուղղությամբ շարունակել:

Չհասցրեց՝ որդու մասին հուզմունքով խոսում է հայրը։

Կառլենն արագաշարժ էր, ուշադիր ու հոգատար, ասում է հայրը, գյուղում աչքի էր ընկնում, բոլորի սիրելին էր, բոլորով հետաքրքրվում էր, հարցուփորձ անում։

«Որ մեկին մի բան խոսք էր տալիս, պիտի անպայման կատարեր, չէր խաբի։ Ընկերասեր էր, ուշադիր, ոնց որ տան մեծն ինքը լիներ, ամեն ինչը իրա ուշադրության կենտրոնում էր, քրերի հանդեպ էլ շատ ուշադիր էր»,- ասում է Սամվելը:

Որդեկորույս ծնողն ասում է՝ որդին նաև աչքի էր ընկնում հայրենասիրությամբ, միշտ ասել է, որ յուրաքանչյուր տղա պետք է գնա, հայրենիքի համար ծառայի: 

«Ասում էր՝ տղեն պիտի անպայման բանակ գնա, ծառայի, իրա պարտքը հայրենիքին տա»,- հիշում է որդու խոսքը հայրը։

Կառլեն Մուրադյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Մարտական ծառայության մեդալը շնորհվում է մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար:

Հուղարկավորված է Շիրակի մարզի Կապս գյուղում։

Արփինե Արզումանյան

MediaLab.am