Թուրքական իշխանությունները որոշել են վերականգնել Դիարբեքիրի Սուր կենտրոնական շրջանում գտնվող 16-րդ դարի Սուրբ Սարգիս հայկական կաթոլիկ եկեղեցին: Նշվում է, ներկայում կիսաքանդ եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել է 1840 թվականին, որի վերաբերյալ շինարարական արձանագրությունը ներկայում գտնվում է Դիարբեքիրի հնագիտության թանգարանում, գրում է Ermenihaber.am-ը։
Եկեղեցու պահպանման հարցը նախորդ տարվա հոկտեմբերին բարձրացրել էր Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանը, Դիարբեքիրի նահանգապետ Մունիր Քարալօղլուին այցելության ժամանակ:
Հաղորդվում է, որ եկեղեցու վերականգնման գործը հանձնարարվել է Դիարբեքիրի գեոդեզիայի և հուշարձանների վարչությանը, որ 2021-ի դեկտեմբերին եկեղեցու վերականգնման նախագծի համար մրցույթ էր հայտարարել: Մրցույթում հաղթած ընկերությանը հետ նախագծային ու նախապատրաստական աշխատանքների համար 947.640 լիրայի ( 70 հազար դոլար) պայմանագիր է ստորագրվել:
Ավելացնենք, որ Սուրբ Սարգիսը հայտնի է նաև Բրնձի եկեղեցի անունով, քանի որ 1950-1985 թվականներին այն օգտագործվել է որպես բրնձի մշակման ֆաբրիկա: