Ի՞նչ է արձանագրել Վենետիկի հանձնաժողովը․ Գայանե Աբրահամյան

ԱԺ պատգամավոր Գայանե Աբարհամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Առավոտից «Սահմանադրական կարգի տապալման» մասին հոգեցունց հայտարարություններ անողներն ու Վենետիկի հանձնաժողովին անդադար ցիտողներն արդեն սկսեցին մեղադրել նույն հանձնաժողովին, որը դրական եզրակացություն է ներկայացրել մեր կողմից առաջադրված իրավական երեք հարցերի առնչությամբ եւ արձանագրել.

Առաջարկվող փոփոխությամբ գործող իշխանությունների նպատակը ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող ՍԴ մոդելը փոփոխելը և այդ մոդելից հետ կանգնելը չէ, ինչպես նաև չկա նպատակ ներդնելու այնպիսի կանոններ, որոնք թույլ կտան քաղաքական մեծամասնությանը վերահսկել դատավորների նշանակման գործընթացը: Հակառակը, պարզ է, որ իշխանությունների նպատակն է ապահովել, որ նոր դրույթներն իրագործվեն, և ՍԴ կազմը հնարավորինս շուտ արտացոլի այդ դրույթներով ներդրվող ժողովրդավարական չափանիշները: Սա լեգիտիմ նպատակ է:

Հանձնաժողովն ընդունել է նաև, որ տվյալ համատեքստում փոփոխությունների ընդունման և դրանց վերջնական իրականացման միջև ընկած ժամանակահատվածը, որը կարող է տևել մինչև 20 տարի, սովորականից չափազանց ավելի երկար է, և հանգեցնում է 2015թ-ի փոփոխությունների իրագործման խափանմանը:

Դատարանի նախագահի մասով Հանձնաժողովը եզրակացրել է, որ եվրոպական չափանիշների տեսանկյունից ընդունելի են դատարանի նախագահների պաշտոնավարման ավելի կարճ ժամկետներ, ինչը կարող է նպաստել դատավորների շրջանում ավելի շատ կոլեգիալ, քան հիերարխիկ մթնոլորտի ձևավորմանը:

Հայաստանյան իրավիճակին անդրադառնալով՝ Հանձնաժողովն արձանագրել է, որ Հայաստանի դեպքում ներկայիս Սահմանադրական դատարանի նախագահը պաշտոնավարելու է 17 տարի, ինչն ավելի մեծ ժամկետ է, քան անգամ նոր Սահմանադրությամբ դատավորների համար նախատեսվածը: Սա կարող է հանգեցնել նախագահի դերի գերակշռությանը և նպաստավոր չէ դատավորների միջև կոլեգիալության մթնոլորտի ձևավորման համար:

Հանձնաժողովն ընդունել է նաև իշխանությունների այն պնդումը, որ Սահմանադրական դատարանի գործող նախագահի՝ 2005թ-ի Սահմանադրության դրույթներին համապատասխան ընտրությունը /2018թ-ի մարտի 21/, որը տեղի է ունեցել 2015թ-ի փոփոխություններն ուժի մեջ մտնելուց ընդամենը երեք շաբաթ առաջ, հակասում է այդ փոփոխությունների ոգուն, որոնք միտված են մի կողմից` Խորհրդարանից դատական համակարգի և Սահմանադրական դատարանի անկախության երաշխավորմանը, մյուս կողմից` նախագահի պաշտոնում ռոտացիայի ապահովմանը: ՍԴ գործող նախագահն ընտրվել է, երբ պաշտոնավարման ժամկետների վերաբերյալ նոր կանոններն ընդունված էին արդեն վաղուց: Ուստի, նրա դեպքն ամբողջովին տարբերվում է Սահմանադրության նախորդ խմբագրության համաձայն ընտրված Սահմանադրական դատարանի նախագահի {նկատի ունի Գ.Հարությունյանի դեպքը} դեպքից, երբ հայտնի չէր, որ վերջինիս պաշտոնավարման ժամկետը կրճատվելու է:

Երկրորդ հարցի կապակցությամբ Հանձնաժողովը ևս ընդունելի է համարել կառավարության առաջարկությունը՝ մասնավորապես նշելով, որ Սահմանադրության փոփոխությունների համապատասխանության ստուգումը Սահմանադրության անփոփոխելի դրույթներով սահմանափակելը համապատասխանում է եվրոպական ստանդարտներին։ Բացի այդ, նշվել է, որ Սահմանադրական «անփոփոխելիությունը» պետք է նեղ մեկնաբանվի։ Իսկ առաջարկված քննության կարճ ժամկետը ևս համարվել է ընդունելի։

Հատկանշական է, որ Հանձնաժողովը հատուկ անդրադարձել է Սահմանադրական դատարանի ներկայացուցիչների կողմից հանդիպումների ընթացքում կատարված հայտարարությանն առ այն, որ Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական փոփոխությունների քննությունը կարող է ընդգրկել ամբողջ Սահմանադրությունը։ Մասնավորապես՝ Հանձնաժողովը նախազգուշացրել է Սահմանադրական դատարանին՝ իր իսկ կողմից նախնական քննություն անցկացնելու լիազորության ընդարձակված մեկնաբանման վերաբերյալ։ Նշվել է, որ Հանձնաժողովի տեսանկյունից խնդրահարույց կլինի, եթե Սահմանադրական դատարանն անվավեր ճանաչի սահմանադրական փոփոխությունները՝ հիմնվելով վերացական սկզբունքների վրա, որոնք թույլ կապ ունեն Սահմանադրության անփոփոխելի դրույթների հետ, կամ հիմնվելով այդ դրույթների՝ իր կողմից լայն մեկնաբանության վրա։

«Վենետիկի հանձնաժողովի համար կարևոր է, որպեսզի Սահմանադրական դատարանի անկախությանը վերաբերող սահմանադրական ինստիտուցիոնալ սկզբունքները հստակ տարանջատվեն դատավորների անձնական շահերից։ Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանը պետք է լայնորեն դրսևորի ինքնազսպում՝ խուսափելու համար Դատարանին առնչվող փոփոխությունները քննելիս դատավորների անձնական շահերի գերադասման անգամ տպավորություն ստեղծելուց»,- նշվում է կարծիքում»։