Արցախի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել

Ողջունելի է, որ միջազգային հանրությունը, ինչպես արտաքին քաղաքական գերատեսչությունների, այնպես էլ առանձին քաղաքական ու հասարակական գործիչների մակարդակով դատապարտում է Ադրբեջանի սադրիչ քայլերը՝ ուղղված լարվածության սրմանը և Արցախի բնակչության ահաբեկմանը։

Այս մասին ասված է ԱՀ ԱԳՆ հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք ստորև․ «Համոզված ենք, որ Ադրբեջանի՝ Արցախում հումանիտար աղետ ստեղծելու և նոր պատերազմ հրահրելու փորձերի վերաբերյալ միջազգային հանրության միանշանակ դիրքորոշումը կարևոր հավաքական ներդրում կլինի իրավիճակի կայունացման գործում։

Վստահ ենք, որ Ռուսաստանի խաղաղապահ ջանքերը և միջազգային հանրության հստակ ու համարժեք դիրքորոշումը՝ լրացված քաղաքական միջոցներով, կզրկեն Ադրբեջանին Արցախի բնակիչների իրավունքների համակարգված կոպտագույն խախտումները իր ներքին գործերի շարքին դասելու հնարավորությունից»։

Հիշեցնենք՝ մարտի 25-ին Ադրբեջանի կողմի սադրանքի հետևանքով հայկական կողմից զոհվել է 3 զինծառայող, ևս 15-ը՝ վիրավորվել։ Այսօր` ժամը 11:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ, ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ գտնվող տարածքում:

ԱՀ ՊԲ ստորաբաժանումները դիմել են համարժեք գործողությունների` հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով: