Ադրբեջանի օրակարգում է ռազմական եղանակով կամ ուժի սպառնալիքով Հայաստանին զիջումների մղելու քաղաքականությունը. Պետրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը 

– Պարո՛ն Պետրոսյան, ուկրաինական պատերազմի նոր փուլը ի՞նչ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ մեր տարածաշրջանի համար։

– Նախևառաջ պետք է փաստել, որ ուկրաինական ճգնաժամը գնում է երկարաձգման, կողմերը պատրաստվում են տևական դիմակայության։ Կարճաժամկետ հեռանկարում, այսինքն՝ առաջիկա մի քանի ամիսներին, ակնհայտ է, որ ընթանալու են լուրջ ռազմական գործողություններ, իսկ դա էլ ենթադրում է, որ դարձյալ կարճաժամկետ հեռանկարում, Ռուսաստանն իր ողջ ուշադրությունն ուղղելու է դեպի ուկրաինական ճակատ: 

Դա, բնականաբար, իր ուղիղ ազդեցությունն է ունենալու նաև մեր տարածաշրջանի վրա, որովհետև դրանից օգտվելու են նախ Ռուսաստանի և՛ աշխարհաքաղաքական, և՛ տարածաշրջանային հակառակորդները ու նաև այն խաղացողները, որոնք Ռուսաստանի տարածաշրջանային ներկայությամբ ու ազդեցությամբ պայմանավորված որոշակի կաշկանդվածություն ունեն, ավելի կոնկրետ՝ Ադրբեջանն Արցախում՝ ռուս խաղաղապահների ներկայության հետ կապված։ 

Միանշանակ է, որ մի քանի ամսվա կտրվածքով էականորեն մեծանալու է տարածաշրջանում անորոշությունը, որն անվտանգային տեսանկյունից բավական մտահոգիչ իրավիճակ է ստեղծում և՛ Հայաստանի, և՛ Արցախի համար։ Ընդ որում, ցանկանում եմ նշել, որ ադրբեջանական ռազմական սադրանքների վերաբերյալ ՀՀ արտգործնախարարության հայտարարությունը ապացույց են, որ Ադրբեջանն օրակարգում է պահում ռազմական եղանակով կամ ուժի սպառնալիքի կիրառմամբ Հայաստանին միակողմանի զիջումների մղելու քաղաքականությունը։

– Եթե Ռուսաստանը կարճաժամկետ կտրվածքով, ինչպես ասացիք, ողջ ուշադրությունը կենտրոնացնելու է ուկրաինական կողմ, ապա մյուս միջնորդ կողմերն ի՞նչ դիրքորոշում են ունենալու հայ-ադրբեջանական գործընթացի զարգացումների վերաբերյալ։

– Երբ նշում ենք, որ ուկրաինական հակամարտությունը դառնալու է թիվ մեկ օրակարգային խնդիր ամբողջ միջազգային հարաբերությունների համատեքստում, ապա սա նշանակում է, որ մյուս գերտերությունները ևս իրենց ուշադրությունը կենտրոնացնելու են այս հիմնախնդրի վրա, ու դա իրավիճակային առումով պատուհան է և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի համար միասնականորեն առաջ մղելու իրենց օրակարգերը։ 

Մինչ այժմ եղած հրապարակային բոլոր արձագանքները թույլ չեն տալիս մտածել, որ դրանք Ադրբեջանին նախազգուշացնելու նպատակ են հետապնդել, որից Ադրբեջանը հետևություններ աներ ու չգնար սադրանքների: Դա նշանակում է, որ Ադրբեջանը, այս ամենը հաշվարկելով, կարող է իրեն թույլ տալ կազմակերպված ինչ-որ գործողություն։ Վստահ եմ, որ Ադրբեջանը քննարկում է նմանատիպ սցենարներ, ու կոնկրետ բանակցային գործընթացի առժամանակ սառեցումը, հատկապես Ադրբեջանի նախաձեռնությամբ, դրա մասին է վկայում։

– Պարո՛ն Պետրոսյան, այս փուլում այդ ռազմական սադրանքների, ճնշումների կոնկրետ նպատակը ո՞րն է։

– Հայաստանից ստանալ առավելագույնը՝ Արցախի «լիակատար վերաինտեգրում» Ադրբեջանի կազմում, որևէ բանակցային ձևաչափի բացառում, այսինքն՝ Արցախի հարցի վերջնական լուծում, բնականաբար՝ իրենց պատկերացրած ձևով, որպեսզի այդ հարցը միջազգային քաղաքական օրակարգում երբեք չշոշափվի։ Այս ամենի փաստաթղթավորումից հետո հաջորդ քայլը իհարկե լինելու է Արցախի լիակատար հայաթափումը, որն ավելի երկարաժամկետ գործընթաց կարող է լինել։ 

Երկրորդ նպատակը ճանապարհների տրամադրման հետ է կապված, ճանապարհներ՝ հենց միջանցքային տրամաբանությամբ, այսինքն՝ «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի իրականացում։ Երրորդը՝ սահմանազատումն ու սահմանագծումը, կրկին ադրբեջանական սցենարով, ինչը ենթադրում է «անկլավների» միակողմանի վերադարձ Ադրբեջանին ու Ադրբեջանի կողմից այս պահին զբաղեցրած ռազմական դիրքերի պահպանումը ՀՀ սուվերեն տարածքում, այսինքն՝ այդ 29.800 քառակուսի կիլոմետրի կոնցեպտի վերացում ու նոր սահմաններ, իսկ մեկ բառով՝ Հայաստանի լիարժեք կապիտուլյացիա։

– Այդ ամենից խուսափելու ի՞նչ ելք ունի Հայաստանի Հանրապետությունը։

– Իրականում իրավիճակը չափազանց, չափազանց բարդ է, բայց անելանելի լինելու գնահատական չեմ տա, կան հնարավորություններ, որոնք պետք է օգտագործել։ Դա առաջին հերթին մեր ինքնապաշտպանական ներուժն է, որը կա ու պետք է պատրաստ լինել հավուր պատշաճի արձագանքելու ադրբեջանական ցանկացած ագրեսիայի։ 

Դիվանագիտական հարթությունում պետք է առավելագույնը ակտիվացնել միջազգային հանրությանը, հատկապես՝ ԱՄՆ-ին, որպեսզի նրանք փորձեն Հայաստան-Ադրբեջան նոր բանակցություններ կազմակերպել, եթե անգամ այդ բանակցությունների արդյունքն այս պահին էական չէ, բայց բանակցությունների առկայությունն արդեն իսկ ենթադրում է միջազգային հանրության ուշադրության կենտրոնացում մեր տարածաշրջանի վրա։ 

Երրորդը՝ մեր հասարակությանը նախապատրաստել հնարավոր համախմբման՝ ընդդեմ արտաքին թշնամիների, որովհետև մեր հասարակության լայն շրջանում նկատում եմ վտանգավոր իներտություն, իսկ դա բավական մտահոգիչ է այս իրավիճակում, որում գտնվում ենք։ 

– Իսկ ի՞նչը կարող է ստիպել ադրբեջանական կողմին բանակցությունների գնալ, եթե դուք էլ վերևում ասացիք, որ ուկրաինական ճգնաժամը, ըստ էության, նրա օգտին է աշխատում։

– Մենք մեր տեսանկյունից ենք գնահատում, վստահաբար, Ադրբեջանն էլ իր մանևրելու քարտեզն է պատկերացնում, բայցևայնպես դա չի նշանակում, թե մեզ համար այդ եզակի մանևրի հնարավորությունը չպետք է օգտագործենք։ 

Հայկական կողմի նախաձեռնությամբ պետք է սկսել Իրանի հետ ակտիվ բանակցություններ վարել, որովհետև տևական ժամանակ է, ինչ տեսնում ենք իրանական կողմի արձագանքների պասիվություն, հատկապես մեր տարածաշրջանի իրողությունների նկատմամբ, անգամ հակառակ միտումն ենք տեսնում՝ Ադրբեջան-Իրան հարաբերություններում առնվազն որոշակի կառավարելի վիճակ, երբ կողմերը փոխադարձաբար չեն սրում իրենց միջև առկա խնդիրները։ Մանևրի հնարավորությունները պետք է առավելագույնս օգտագործել։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am