«Գործընթացն ընդամենը հնարավորություն է տալիս խուսափել պատերազմական գործողություններից, ինչը բխում է Հայաստանի շահերից». Քաղաքագետ

Արցախի հարցով Մյունխենում կայացած դեբատը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Ադրբեջանի մոտեցումն ընդհանրապես չի համատեղվում հիմնախնդրի որևէ ռեալ, խելամիտ լուծման հետ: 

«Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը՝ անդրադառնալով Մյունխենում Անվտանգության համաժողովի շրջանակում ԼՂ հիմնախնդրի շուրջ տեղի ունեցած Փաշինյան-Ալիև դեբատին: 

«Դա զարմանալի չէր, գործընթացն արդեն տարիներ շարունակ նույնն է, ադրբեջանական կողմն իրականում պարտվել է պատերազմում, սակայն չի ուզում ընդունել պարտությունը: Հայաստանն էլ հաղթել է պատերազմում, և առավել ևս իմաստ չունի խնդրել գնալ փոխզիջման ճանապարհով, որը կթուլացնի մեր դիրքերը: Եթե պարտված կողմը չի ընդունում իր պարտությունը, ինչո՞ւ պետք է հաղթած կողմը փոխզիջումներ «խնդրի» պարտված կողմից: Այդ իսկ պատճառով մենք պետք է սովորենք ապրել այն պայմաններում, որում ապրում ենք, և բավական երկար ժամանակ դեռ կապրենք այդ պայմաններում»,- ասում է Ռոբերտ Ղևոնդյանը:

Նրա խոսքով՝ դեբատը, կարելի է ասել, բանակցային գործընթացի որոշակի փուլ էր: Ընդհանրապես Հայաստանի համար, ըստ քաղաքագետի, այս պահին շատ կարևոր է բանակցային գործընթաց տանելը, որովհետև այն կանխում է պատերազմական գործողությունների վերսկսումը:

«Իսկ ընդհանրապես այդ գործընթացը որևէ տեղ չի կարող տանել, քանի որ կողմերը խոսում են տարբեր լեզուներով, և Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները հակադարձ են միմյանց: Քաղաքագիտորեն ասում են՝ խաղը զրոյական գումարով է, դա նշանակում է, որ չկա որևէ կետ, որի շուրջ վերջնական կարգավորման ենթատեքստում հնարավոր է երկու կողմերի դիրքորոշումները համաձայնեցնել: Այդ պատճառով գործընթացն ընդամենը հնարավորություն է տալիս պատերազմական գործողություններից խուսափել, ինչը բխում է Հայաստանի շահերից, քանի որ ստատուս քվոն այսօր աշխատում է արդեն մեր օգտին»,- հավելում է Ղևոնդյանը:

Նրա խոսքով՝ 2016 թվականից հետո Հայաստանն սկսել է բավական ակտիվ զարգացնել իր զինված ուժերը, և մենք քիչ-քիչ ունենում ենք այնպիսի իրավիճակ, երբ ռազմական հավասարակշռությունը հնարավորություն չի տալիս կողմերից որևէ որևէ մեկին ունենալ էական առավելություն, ինչը կբերի մյուս կողմից դիրքերի թուլացմանը:

«Հիմա ընդունված է ասել, որ գործընթացը խաղաղ լուծում չունի: Ես կասեմ ավելին՝ լուծում ընդհանրապես չունի՝ թե՛ խաղաղ, թե՛ ռազմական լուծում այս հարցը չունի: Ինչո՞ւ, որովհետև սրա լուծման համար պարտադիր է, որ մարդիկ ունենան որոշակի շահերի համընկնումներ, բայց այդպիսի կետ այսօր գոյություն չունի»,- ասում է քաղաքագետը: 

Երկրորդ, ըստ Ղևոնդյանի՝ ռազմական լուծման դեպքում էլ պարտադիր է, որ կողմերից որևէ մեկն ունենա էական առավելություն մյուսի նկատմամբ: Սակայն այսօր ռազմական ներուժով Հայաստանն ու Ադրբեջանը մոտավորապես հավասար ուժեր ունեն: Դա նշանակում է, որ գործընթացը ո՛չ ռազմական, ո՛չ խաղաղ լուծում չունի, և ստատուս քվոն դեռևս կպահպանվի տեսանելի ապագայում: 

«Եվ դա մեր օգտին է: Այդ պատճառով թե՛ բանակցային գործընթացը, թե՛ դեբատները, թե՛ այլ գործընթացները, որոնք այս պահին կանխում են պատերազմական գործողությունների վերսկսվելը, բխում են մեր շահերից: Եվ Հայաստանը ճիշտ է անում, որ այս գործընթացի մաս է կազմում»,- ասում է Ռոբերտ Ղևոնդյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am