Ճգնաժամը և կեղտոտ միավորները

Վահրամ Թոքմաջյան

Ճգնաժամային իրավիճակները «լավագույն» առիթ են քաղաքական հավակնություններ ունեցող ոչ իշխանական ուժերին շահել միավորներ, որոնք նրանք կօգտագործեն հետագա պայքարի ընթացքում:

Սա պատմական ճշմարտություն է, որը բնորոշ է բոլոր տեսակի քաղաքական գործընթացներին, որոնց մենք կարող ենք ծանոթանալ պատմության մեջ:

Իշխանությունները, որքան էլ արդյունավետ հաղթահարեն ճգնաժամային իրավիճակները, ներքաղաքական պայքարում պարտված են դուրս գալիս: Անպայման կգտնվեն «խելացիներ», որոնք ավելի լավ լուծումներ կունենան:

Լավագույն օրինակը թերևս Չերչիլն է: Նա հաղթեց Երկրորդ համաշխարհային պատերազմում, բայց պարտվեց սեփական երկրում տեղի ունեցած ընտրություններում:

Ճգնաժամային իրավիճակների արդյունքում, անգամ ամենալեգիտիմ իշխանությունները կորցնում են նախկինում իրենց հավատարիմ լայն խմբերի աջակցությունը:

Սա բնական գործընթաց է, որովհետև հենց այդ փուլերում հավակնությունները, ցանկությունները և հնարավորությունները որևէ կերպ չեն համապատասխանում:

Հայաստանում այժմ առկա է մի քանի տեսակի ճգնաժամ: Հիմնական պատճառն իհարկե պատուհասած համաճարակն է, որն էլ իր հերթին բերում է տարատեսակ խնդիրների փունջ, այդ թվում՝ քաղաքական:

Չնայած տարատեսակ կոչերին՝ համախմբվել իշխանությունների շուրջը և միասնաբար հաղթահարել ճգնաժամը, այնուամենայնիվ, կան ուժեր, որոնք օգտվում են ստեղծված վիճակից:

Այդ ուժերին կարող ենք պայմանականորեն անվանել արտախորհրդարանական ընդդիմություն: Ինչու արտախորհրդարանական: Եթե նայենք խորհրդարանական ուժերի ներկապնակին, ապա այնտեղ կարծես թե իշխանություն վերցնելու հավակնություն ներկայացնող ուժեր չկան:

Մարուքյանն իհարկե հայտարարել է, որ հաջորդ իշխանությունն իրենք են, բայց, դե, մարդ է, մի բան ասել է, ծանրանալ պետք չէ: Չնայած երբեք չես իմանա, թե ուր կտանի երրորդ ուղին:

ԲՀԿ-ն իրեն պահում է իրավիճակին համահունչ և բավականին կառուցողական: Իհարկե, եթե այս կուսակցության խոսնակ չենք համարում Գևորգ Պետրոսյանին, որը վերջերս յուր ծավալուն զզվանքն էր ծաղկացրել սեփական ֆեյսբուքյան պատին: 

Այսինքն՝ արմատական ընդդիմության դաշտը մնում է խորհրդարանից դուրս: Իհարկե, քաղաքական մտքի սովի պայմաններում, որն էլ մի այլ՝ յուրօրինակ ճգնաժամ է, դժվար է խոսել քաղաքական ընդդիմության մասին, բայց ունենք այն, ինչ ունենք:

Արտախորհրդարանական ուժերի քարտեզը բավականին բազմազան է: Սակայն մեկ՝ Փաշինյանին վարկաբեկելու հարցում նրանք միասնական են: Այստեղ պետք չունեմ մանրամասն անդրադառնալու այդ ուժերին, դրանց մի մասի հետևում երևացող տարատեսակ խշտիկ ականջներին, նրանց ազնիվ կամ անազնիվ մղումներին:

Այստեղ ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե ինչի վրա են նրանք հույս դրել:

Չնայած բոլոր լալահառաչ մղումներին, Արցախը կարծես թե մնում է մերը: ՀՀ-ն ղեկավարող անձանցից որևէ մեկն այն չծախեց: Սա լավ է: Սակայն չի նշանակում, որ միշտ ու հարմար թեմա չէ օրվա իշխանությանը հարվածելու համար:

Թերևս, Արցախի թեման ամենաշահարկվածն է բոլոր ընդդիմությունների կողմից: Այն դեռ երկար ժամանակ կմնա տարբեր ուժերի զինանոցում:

Փող: Այս դիրքում հայտնի ուժերը չափազանց ամուր են: Նրանք փող ունեն: Շատ փող ունեն: Այն, ինչ մենք տեսնում ենք հիմա՝ մեդիադաշտում առկա ահաբեկչությունից, վերջացրած անկայունության քաոսի ստեղծումով, դա այդ փողի արդյունքն է:

Ցավոք, ներկայիս իշխանությունը, թավիշը հռչակելով գործելաոճ, չգտավ որևէ օրինական ճանապարհ՝ նախկիններին զրկելու ապօրինի ձեռք բերված հսկայական միջոցներից:

Փողի խնդիրը դառնում է ավելի ակտուալ, երբ զուգորդվում է մեկ այլ՝ սոցիալական թնջուկի հետ:

Համաճարակն ունենալու է իր սոցիալական վատ հետևանքները: Առանց այդ էլ հայ հասարակության աղքատ հատվածին սպասում է լուրջ փորձություն: Իսկ որոշ գործիչներ, որոնց իմ մանկության Կումայրիում ասում էին՝ «հորթի լիզած պռիչոսկա», կուշտ փորով ու վատ մաֆիա խաղացողի տոնայնությամբ, լալահառաչ սոնետներ են ձոնելու, ապացուցելու համար, թե ինչպես են անքուն գիշերներ անցկացնելով մտածում խեղճ ժողովրդի զրկանքների մասին:

Սոցիալական խնդիրը միշտ լինելու է ակտուալ: 

Խմբերի երրորդ զենքը քաոսի իմիտացիան է: Որքան շատ անկառավարելի վիճակ կամ անկառավարելիության իմիտացիա, այդքան ավելի հեշտ կարելի է կրակից շագանակներ հանել:

Օրերիս ընթացող քարոզչական ամենավուլգար պայքարը խոսում է հենց այդ մասին: Ծավալուն հարձակումները ոչ թե միավորներ կուտակելու համար են, այլ կոնկրետ ահաբեկելու:

Այս ամենով հանդերձ, այդ ուժերի զգալի մասի հույսն իհարկե արդար ընտրությունները չեն: Գիտե՞ք ինչու: Երկու պարզ պատճառ կա: Ժողովուրդն ունի փայլուն հիշողություն, և նրանք երբեք չեն հաղթել արդար ընտրություններով:

Հույսը մեկն է. խուճապ առաջացնել իշխող թիմում, մասնատել այն ու հասնել ցանկալի արդյունքի, որը կոչվում է հեղաշրջում: Մենք արդեն ունեցել ենք նման նախադեպ մեր նորանկախ պատմության մեջ: 

Բոլոր այն հոսքերը, որոնց մենք ականատես ենք լինում ամեն օր՝ Փաշինյան-Ավինյան կոնֆլիկտ, «ՔՊ-ականները ծեծել են միմյանց», «ծախված պատգամավորներ», «իշխանությունում զզված են Նիկոլից», վերոնշյալ գծի տրամախոսության մեջ է: Իհարկե, իշխող թիմն առիթներ տալիս է այս խոսակցությունների ամրապնդմանը:

Ի՞նչ անել:

Մենք՝ շարքային քաղաքացիներս, մեծ հաշվով այս փուլում ոչինչ չունենք անելու: Մենք մեր անելիքն արել ենք, մնում է չկորցնենք հիշողություններս և ճգնաժամի գագաթնակետին, կեղտոտ նպատակներ ունեցող, սեփական երկիրը թալանած որևէ մեկին հնարավորություն չտանք օգտագործել մեզ:

Իսկ իշխող թիմն անելիք ունի: Բնավ միտք չունեմ նրանց հուշելու, թե ինչպես երկիր կառավարեն: Դա ամենաանշնորհակալ գործն է:

Միակ բանը, որը հիմա նրանց անհրաժեշտ է՝ կուռ պահել շարքերը, անկախ հակասություններից, մոռանալ որոշ պատգամավորների մանդատազրկման գործընթացի մասին, ամբարտվան պաշտոնյաներին ցույց տալ իրենց տեղը և փորձել հնարավորինս շուտ դուրս գալ այս իրավիճակից: Ուղիներ կան, դրանք բազմաթիվ են:

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am