Իրանական կողմից Ադրբեջանը դիտարկում են որպես Իսրայելի ու Թուրքիայի քաղաքականությունն իրականացնող գործիք. Գարիկ Միսակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Գարիկ Միսակյան 

– Պարո՛ն Միսակյան, ի՞նչ վիճակում են Իրան-Ադրբեջան հարաբերությունները, և կարծեք թե ադրբեջանական կողմն ակնհայտ հակաիրանական տրամադրություններ է գեներացնում քարոզչական մակարդակում, դրան ինչպե՞ս է արձագանքում իրանական կողմը։

– Իրավացիորեն նշեցիք, որ Ադրբեջանը շարունակում է հակաիրանական քարոզչությունը գրեթե բոլոր ոլորտներում, նաև՝ ամենաբարձր մակարդակում, իսկ իրանական կողմի համապատասխան արձագանքները հիմնականում վերլուծական ու փորձագիտական մակարդակում են, քանի որ պաշտոնյաների մակարդակում Իրանը խուսափում է արձագանքից, բայց կողմերի հարաբերությունները որևէ կերպ ցույց չեն տալիս լարվածության թուլացման միտում, ընդհակառակը՝ Իրանն էլ իր հերթին բոլոր հայտարարությունները, որոնք ցանկանում է ուղղել Ադրբեջանական Հանրապետության ղեկավարությանը, անում է, օրինակ՝ Թուրքիայի տարածքից, այսինքն՝ իրանական կողմից Ադրբեջանը դիտարկում են որպես Իսրայելի ու Թուրքիայի քաղաքականությունն իրականացնող գործիք։

– Իսկ Իրանի հետ Իսրայելի հարաբերություններն ի՞նչ փուլում են։

– Դրանք չի կարելի որակել որպես հարաբերություններ, որովհետև բավականին երկար տարիներ նրանց միջև թշնամական հարաբերություններ են եղել, ու այս փուլում դրանց լարվածության հերթական դրսևորումն է նկատվում՝ կապված այն կառավարությունների հետ, որոնք կան այս պահին երկու պետությունում էլ։ 

Միջազգային իրավիճակից էլ դրդված՝ Իսրայելը փորձում է մեծացնել ճնշումները Իրանի նկատմամբ՝ հավանաբար միջուկային ծրագրում որոշակի զիջումներ ակնկալելով, բայց նաև խուսափում են հարաբերությունները որևէ կերպ ռազմական առճակատման տանելուց, որքան էլ դրա վերաբերյալ կան խոսակցություններ, այնուամենայնիվ չեմ կարծում, թե որևէ լուրջ բախումների կգնան, ընդամենը կարող են լինել հերթական միջուկային կամ օդային հարվածներ ռազմավարական օբյեկտների նկատմամբ։

– Պարո՛ն Միսակյան, իսկ Հարավային Կովկասում Ադրբեջանի հնարավոր ռազմական էսկալացիան որքա՞ն եք իրատեսական համարում, եթե նկատի ունենանք, որ այդ գործում նրան աջակցելու են Թուրքիան ու Իսրայելը։

– Դժվար է կանխագուշակումներ անել այդ մասով, բայց մեր թշնամի հարևանի հռետորաբանությունը ամենևին էլ միտված չէ որևէ խաղաղության հաստատման, ընդհակառակը՝ մշտապես լարվածության ու սպառնալիքի մեջ է պահում տարածաշրջանն ու Հայաստանը։ 

Իրանին ներքաշելու քաղաքականության մասով կարող եմ ասել, որ եթե փորձեն ռազմական գործողություն իրականացնել անմիջականորեն հայ-իրանական սահմանի հատվածում, ապա Իրանն այլընտրանք չի ունենա, քան միջամտել գործողություններին։ Համենայնդեպս, Իսրայելն ու Թուրքիան փորձում են Ադրբեջանից ստեղծել մի պետություն, որը կարող է տարածաշրջանում Իրանի համար խնդիրներ առաջացնել, եթե բաց թողնենք Հայաստանի հետ խնդիրները, բայց, կարծում եմ, Բաքվի ղեկավարությունն այդքան մեծ արկածախնդրության չի գնա, գոնե Իրանի պարագայում։

– Իսկ Իրան-Ադրբեջան հարաբերությունները մոտ ապագայում կարգավորման հեռանկար ունե՞ն։

– Համենայնդեպս, այս փուլում կողմերից որևէ մեկը, հատկապես Ադրբեջանը, ցանկություն էլ ցույց չի տալիս այդ ուղղությամբ։

– Հայաստանի մասով, մասնավորապես՝ «Զանգեզուրի միջանցքի», Իրանի դիրքորոշումն անփոփո՞խ է։

– Հայտարարությունների ու գործողությունների մասով որևէ փոփոխություն չկա, ընդհակառակը՝ Իրանը փորձում է ստեղծել Հյուսիս-հարավ տարանցումը Հայաստանի միջոցով, այդպիսով որոշակիորեն նվազեցնելով նաև «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի իրականացման հնարավորությունը։

– Հայաստանի կողմից կա՞ նախաձեռնողականություն այդ ուղղությամբ։

– Հայտարարությունների մակարդակով՝ կա, կան նաև խոսակցություններ, որ մրցույթն արդեն հայտարարվել է, ու իրանական որոշ ընկերություններ դիմել են, խնդիրը ժամկետների հետ է կապված։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am