Հայաստանի ԱԽ քարտուղարը հայտնեց, թե որ կետի շուրջ Ադրբեջանի հետ համաձայնություն կա

Կա ընդամենը մեկ կետ, որի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն ունեն, դա Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում դիվանագիտական հարաբերություններ հաստատելն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱԺ-ում ՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի՝ խաղաղության հնարավոր պայմանագրի տեքստի վերաբերյալ հարցին:

Պատգամավորի հարցը խաղաղության պայմանագրի համար ադրբեջանական կողմի ներկայացրած վերջին պատասխան առաջարկների վերաբերյալ էր, որին հայկական կողմը դեռ պետք է պատասխան առաջարկներ ներկայացնի: Խամոյանը հետաքրքրվեց այդ տեքստի մանրամասներով:

Գրիգորյանն ասաց, որ, բանակցային առանձնահատկությունը հաշվի առնելով՝ չեն հրապարակել, սակայն հայ ժողովրդին հայտնի են բոլոր այն խնդիրները, որոնք գոյություն ունեն Հայաստանի և Ադրբեջանի միջև: «ԼՂ հիմնախնդիրն է, չդելիմիտացված և չդեմարկացված սահմանն է, որ փորձում ենք դելիմիտացնել ու դեմարկացնել, ապաշրջափակումն է, և կան հումանիտար հարցեր: Եվ քննարկումներն ընդհանուր առմամբ հենց այս ուղղություններով են»,-ասաց ԱԽ քարտուղարը:

Խամոյանը նկատեց՝ փաստորեն տեքստն արդեն երեք խմբագրում է անցել, հետաքրքրվեց՝ կա՞ մի բան, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ:

«Ցավալի բան պետք է ասեմ, բայց կա մեկ կետ, որի շուրջ համաձայնություն կա: Այդ կետը դիվանագիտական հարաբերությունները Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում հաստատելն է: Մնացած բոլոր կետերում չկա հստակ համաձայնություն»,-ասաց Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարը նաև ընդգծեց այն փաստը, որ Ադրբեջանը հաճախ բանակցություններից հետո հայտարարում է մի բան, որն իրականության հետ կապ չունի: