«Ոստիկանությունն աշխատում է հին ուժերով, նախկին մեթոդով, նույն մարդիկ են՝ կոռումպացված, կաշառակեր»․ Վարդգես Գասպարի

«Ոստիկանությունն աշխատում է հին ուժերով, նախկին մեթոդով, նույն մարդիկ են՝ կոռումպացված, կաշառակեր»․ Վարդգես Գասպարի
«Ոստիկանությունն աշխատում է հին ուժերով, նախկին մեթոդով, նույն մարդիկ են՝ կոռումպացված, կաշառակեր»․ Վարդգես Գասպարի

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին

– Պարո՛ն Գասպարի, օրերս ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում «Մարտի մեկի» գործով դատավարությունից հետո Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները հարձակվել ու մարմնական վնասվածք էին հասցրել մի քանի անձի։ Ոստիկանները նրանց բերման ենթարկեցին, հետո ազատ արձակեցին։ Ոստիկանության գործելաոճը ԱԺ ամբիոնից քննադատեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները։ Եվ միայն դրանից հետո ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որ դեպքով գործ է հարուցվել։ Ինչպե՞ս եք գնահատում ոստիկանության գործողությունները։

– Գործադիր մարմինը որդեգրել է հետյալ մոտեցումը՝ աշխատել առկա կադրերով, կադրային փոփոխություններ չանել։ Եվ մենք տեսնում ենք, որ բոլոր կառույցներում էլ գրեթե հին կադրերը շարունակում են աշխատել։ Մասնավորապես, ոստիկանությունում մեծ մասամբ հին կադրերն են, նույնը վերաբերում է ԱԱԾ-ին, դրսի մարդ դժվար են ընդունում։ Գործադիրն այդ որոշումն ընդունել է, ինչն իր դրական և բացասական կողմերն ունի։ Ոստիկանությունը աշխատում է հին ուժերով, նույն մարդիկ են համակարգում, ովքեր աշխատում են նաև նախկին մեթոդով՝ կոռումպացված, կաշառակեր։

Ես վաղուց եմ նկատում, որ այս հարցում մեծ բացթողում ունեն Ազգային ժողովը, մասնավորապես, մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները։ Նրանք իրավիճակից հեռու են, այսպես ասած, այլ իրականության մեջ են ապրում։

– Այս դեպքից հետո պատգամավորներ Հովհաննես Հովհաննիսյանն ու Արուսյակ Ջուլհակյանը ԱԺ ամբոնից քննադատեցին ոստիկանության պահվածքը։

– Առաջին անգամ էր դա։ Ես պարբերաբար դիմում եմ ԱԺ պատգամավորներին, նաև ոստիկանության հետ կապված խնդիրներով եմ դիմել։ Ես տեղեկացրել եմ իրենց, որ ամիսներ առաջ «թաղի խուժանը» իմ հարևաններին՝ 80-ամյա ամուսիններին, իրենց տանը դաժան ծեծի ենթարկեցին և սպառնացին, որ իրենք «վերևներում» թիկունք ունեն և չեն պատժվի։ Այդպես էլ եղավ։

– Այսինքն՝ դեռ գործում են հին մեթոդնե՞րը։

– Այո՛, փաստացի ոստիկանությունում դեռ այդ հանցավոր խմբերն ունեն իրենց թիկունքը։ Ես փաստի մասին եմ խոսում։ Ես դիմել եմ Լիլիթ Մակունցին, Մակունցն ինձ ասել է՝ մենք դրան հետամուտ կլինենք։ Եվ հետամուտ չի եղել։ Առհասարակ մոռացել է, որ այդպիսի խնդիր կա։ Եվ իրենք «արդարանում» են՝ ասելով՝ մենք օրենսդիր մարմին ենք։

Այնինչ, Ազգային ժողովի պատգամավորներն ունեն գործադիրի գործողությունների օրինականությանը հետևելու ֆունկցիա։ Բայց իրենք այդ գործառույթը չեն իրականացնում, իրենց համար այլ իրականության մեջ են ապրում, օրենք են մշակում։ Մնում է մի հատ էլ օրենք գրեն, որ օրենքները աշխատեն, չմնան դարակներում։ Ես պատգամավորների վերջին հայտարարությունները համարում եմ դրական, բայց ուշացած։ Եվ իմ ակնկալիքն այն է, որ հայտնի անասունի ականջից իրենք դուրս գան և ապրեն այն իրողության մեջ, որում մենք բոլորս ենք ապրում։

– Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստերից մեկի ժամանակ նաև ձեր նկատմամբ էր բռնություն գործադրվել։ Ի՞նչ ընթացքում է այդ գործը։

– Դեպքը մայիսի 13-ին էր գրանցվել։ Տեսախցիկներն արձանագրել են, որ այն ժամանակ, երբ բռնություն էր կիրառվում իմ նկատմամբ, ոստիկանությունը չկարողացավ կամ չցանկացավ համարժեք գործել։ Բոլոր դեպքերում արձանագրում ենք, որ ինքը ոչ թե հարձակվողներին մեկուսացրեց, այլ ինձ հեռացրեց դեպքի վայրից, ընդ որում, հակառակ իմ կամքի։

Դա նշանակում է, որ ինքը ենթարկվեց ագրեսիվ վարքագիծ ունեցող անձանց ճնշումներին։ Դեպքով քրեական գործ է հարուցված, մայիսից մինչև հիմա, այսպես ասած, քննություն է ընթանում։ Ես այդ գործով ցուցմունք եմ տվել, առերեսում դեռ չի եղել։ Գիտեմ, որ այդ հարձակվողներից մարդիկ նույնպես հարցաքննության են ենթարկվել, ես գործով տուժող եմ ճանաչվել։

– Ի՞նչ պետք է անել, որպեսզի ոստիկանությունում փոփոխություններ լինեն։ Մի գործիքը նշեցիք՝ ԱԺ-ի կողմից վերահսկողության սահմանումը։

– Ես ընդհանուր գործադիրի աշխատանքին եմ այս ուղղությամբ գնահատական տալիս, իսկ մասնավոր կառույցների մասին դժվար է խոսել։ Օրինակ՝ մենք բոլորս էլ գիտենք, որ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալները հանրության շրջանում կոռումպացված պաշտոնյաների համբավ ունեն, սակայն ՊԵԿ նախագահը հրապարակային ասել է՝ ես այդ մարդկանց հետ պետք է աշխատեմ և այս ցուցանիշները պետք է ապահովեմ։ Հետևաբար, ես ՊԵԿ-ի մասին չունեմ այնպիսի գնահատական, որ նրա ենթակաները կոռումպացված են, թե ոչ։

Նույնը ոստիկանության մասին կդժվարանամ խոսել, դա վարչապետի խնդիրն է։ Վարչապետը պետք է որոշի՝ ինչ կադր է ուզում նշանակել։ Բայց այստեղ անպայման կա ԱԺ պատգամավորների բացթողումը, որ իրենք հետամուտ չեն գործադիրի առանձին օղակների գործունեությանը։ Խոսքն այն մասին չէ, որ միջամտեն գործունեությանը, կարող են ուղղակի հետևել, այնինչ դա էլ չեն անում:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am