Ռուսական կողմը քննարկում է Հայաստանի հայտը ՀՀ նախկին պաշտպանության նախարար, ՀՀ Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի արտահանձնման մասին:
«Մոսկվան պաշտոնական հայտ է ստացել Երեւանից 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործով ԱՊՀ երկրների միջպետական հետախուզման մեջ գտնվող նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի արտահանձնման մասին»,- «Ինտերֆաքս»-ին հայտնել է իրազեկ աղբյուրը:
«Միջպետական հետախուզման մեջ գտնվող՝ ՀՀ նախկին պաշտպանության նախարարի արտահանձման մասին հայտը ուղղվել է Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններին եւ այժմ գտնվում է քննարկման փուլում: Նախնական որոշում է կայացվել, որ արտահանձնման մասին հայտը կմերժվի, քանի որ հաստատվել է, որ Միքայել Հարությունյանը 2002 թվականից ռուսական անձնագիր ունի»,- նշել է աղբյուրը՝ հիշեցնելով, որ, Սահմանադրության համաձայն, Ռուսաստանի քաղաքացիները չեն արտահանձնվում օտարերկրյա պետություններին, այդ թվում նաեւ՝ քրեական պատասխանատվության ենթարկվելու համար:
Աղբյուրը չի բացահայտել Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի իրավասու մարմինների նամակագրության մանրամասները՝ միայն նշելով, որ հայտը ստացվել է Ռուսաստանի Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի գծով: