Այս տարվա նոյեմբերի սկզբին «Փաստերի ստուգման հարթակը» հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տրամադրել Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների տվյալները՝ ներառելով նրանց անուն-ազգանունը, ծննդյան ամսաթիվը և զինվորական կոչումը։
Պաշտպանության նախարարությունը հրաժարվել էր տրամադրել պահանջված տեղեկությունը՝ նշելով, որ մեր հայցած տեղեկությունը պարունակում է «պետական և ծառայողական գաղտնիք»։
Հարցման պատասխանը, սակայն, խնդրահարույց էր՝ հաշվի առնելով թեկուզ միայն այն հանգամանքը, որ նույն պաշտպանական գերատեսչությունը պատերազմի ողջ ընթացքում և դրանից հետո պարբերաբար հրապարակում էր զոհված զինծառայողների տվյալները, իսկ այժմ շարունակում են հրապարակել նաև սահմանային միջադեպերում սպանված զինծառայողների տվյալները։
«Փաստերի ստուգման հարթակը» պատասխան հարցումով խնդրել էր պարզաբանել այս ամենը և հայտնել, թե ինչու և ինչպես են զինծառայողների տվյալները գաղտնագրվել կամ թե ինչու է Պաշտպանության նախարարությունը հրապարակել պետական գաղտնիք պարունակող տեղեկություն։ Դեկտեմբերի 25-ին մենք ստացանք հերթական ոչինչ չասող պատասխանը․
Ինչին է հղում անում ՊՆ-ն
«Փաստերի ստուգման հարթակին» տված երկու պատասխաններում էլ ՊՆ-ն հղում է անում կառավարության 13․03․1998 թ․ N173 որոշմամբ հաստատված ցանկի 8-րդ կետին և պաշտպանության նախարարի 09․07․2015 թ․ N9-Ն հրամանի 1-ին հավելվածի 23-րդ կետին և 10-րդ մասին։
Կառավարության 1998 թվականի որոշումը հանրապետությունում պետական գաղտնիք համարվող տեղեկությունների ցանկն է, իսկ դրա 8-րդ կետը վերաբերում է ռազմական բնագավառի որոշ գաղտնի տեղեկությունների՝ «զորքերի տեղաբաշխումը, իրական անվանումները, կազմակերպչական կառուցվածքը, զինվածությունը, թիվը բացահայտող տեղեկությունները, որոնք ՀՀ միջազգային պարտավորություններին համապատասխան ենթակա չեն բաց հրապարակման»։
ՊՆ-ն հղում է անում մի կետի, որը, ի թիվս այլնի, ենթադրում է գաղտնի պահել Զինված ուժերի թվական տվյալները։ Այս կետը մեջբերելը խնդրական է այն պատճառով, որ զոհված զինծառայողների տվյալները, որ մենք պահանջել ենք նախարարությունից, չեն կարող բացահայտել ԶՈՒ թվակազմը։
Առավել անտրամաբանական է երկրորդ՝ պաշտպանության նախարարի 2015 թվականի հրամանի 1-ին հավելվածի 23-րդ կետին և 10-րդ մասին հղում անելը։ Հրամանի 23-րդ կետով արգելվում է հրապարակել «տեղեկություններ հաստիքացուցակների, հաշվեցուցակների և դրանցում անձնակազմի մարտական և քանակական կազմի վերաբերյալ՝ ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի»։ Ստացվում է, որ Պաշտպանության նախարարությունը ավելի քան մեկ տարի առաջ զոհված զինծառայողներին շարունակում է ներառել ՊՆ հաստիքացուցակներում։
Նույն հրամանի 10-րդ մասը, որին ևս ՊՆ-ն հղում էր արել, արգելում է հրապարակել տեղեկություններ «անձնակազմի համալրման և կադրային հարցերի վերաբերյալ»։
Կառավարությունը «պետական գաղտնիք» է հրապարակել
Կառավարական «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը», որը ղեկավարվում է վարչապետի աշխատակազմին կից «Հանրային կապերի և տեղեկատվության» ՊՈԱԿ-ի կողմից, պատերազմի ողջ ընթացքում և դրանից հետո հրապարակում էր զոհված զինծառայողների անունները և զինվորական կոչումները։ Կենտրոնի ֆեյսբուքյան էջում վերջին անգամ զինծառայողների տվյալները ներկայացնող հրապարակում կատարվել է նախորդ տարվա դեկտեմբերի 25-ին։ Մինչ այդ՝ պատերազմից ի վեր, հանրայնացվել է շուրջ 2000 զինծառայողի տվյալ։ Հետևաբար՝ Պաշտպանության նախարարության տրամաբանության համաձայն, վարչապետի աշխատակազմի ՊՈԱԿ-ը շարունակաբար հրապարակել է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Նույն տվյալները պատերազմի ընթացքում հրապարակել է նաև Արցախի Պաշտպանության բանակը։
Սրանից զատ, Պաշտպանության նախարարությունը պարբերաբար հրապարակում է սահմանին զոհված զինծառայողների տվյալները, ինչպես հրապարակվել են պատերազմից առաջ՝ 2020 թվականին հուլիսյան բախումների ընթացքում զոհված զինծառայողների տվյալները։
2016 թվականին ՊՆ-ն առանց գաղտնիք համարելու հրապարակել էր նաև Քառօրյա պատերազմի զոհերի անձնական տվյալները։ Ստացվում է, որ ՊՆ-ն հղում է անում 2016-ից առաջ ընդունված որոշումների, որոնք առնվազն մինչև այս տարվա հունվար չեն վերաբերել զոհված զինծառայողներին, կամ էլ պաշտպանական գերատեսչությունը շրջանցել է այս կարգավորումը։
Այս հարցերի պատասխանները ստանալու համար ուղարկված հարցումը, ինչպես արդեն նշեցինք, որևէ բովանդակային պատասխան չի ստացել։
Հատկանշական է նաև այն, որ նախորդ տարվա պատերազմի հետ մասշտաբներով համեմատելի Արցախյան առաջին պատերազմի պարագայում զոհված զինծառայողների անձնական տվյալները հրապարակվել են և գրեթե ամբողջական են։ Հրապարակվել է շուրջ 5900 անուն։ Իսկ ըստ վերջին տվյալների (2021 թ. նոյեմբեր)՝ Առողջապահության նախարարությունը մահվան վկայական տվել է վերջին պատերազմում զոհված 3396 զինծառայողների համար։
Անունները, այնուամենայնիվ, հրապարակվում են
Ի հակառակ Պաշտպանության նախարարության պնդման, թե զոհված զինծառայողների անունները հրապարակման ենթակա չեն, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը պարբերաբար թարմացնում է այն զինծառայողների անունները, որոնց ընտանիքները հիմնադրամից ֆինանսական աջակցություն են ստանում։
Այս կերպ, որոշ ժամանակ անց հիմնադրամի կայքում կհրապարակվեն Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում զոհված, անհետ կորած և հաշմանդամություն ձեռք բերած բոլոր զինծառայողների տվյալները՝ այնպես, ինչպես «Փաստերի ստուգման հարթակը» խնդրել էր Պաշտպանության նախարարությունից։
Այսպիսով, գաղտնի պահելով զոհված զինծառայողների տվյալները՝ Պաշտպանության նախարարությունը հակասում է թե՛ իր, թե՛ կառավարության գործողություններին։