«Երբ ոտքս դրեցի հայրենի հողի վրա ամեն ինչ անցավ». 53 օր գերության մեջ անցկացրած Պերճ Ավետիսյանը մասնակցում է ընտրություններին

36-ամյա Պերճ Ավետիսյանը, որը 2020-ի 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանում էր հայտնվել և դեկտեմբերի 14-ին 43 հայ ռազմագերիների հետ հայրենադարձվել, այժմ քաղաքական ակտիվ գործընթացների մեջ է: Գերության 53 օրերը նրա համար մղձավանջ են եղել, և այժմ դրանց մասին հիշում է որպես վատ երազ:

Պերճը Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակով մասնակցում է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

«Ես միշտ Հայ ազգային կոնգրեսի գաղափարների կրողն եմ եղել, մասնակցել եմ ՀԱԿ-ի գրեթե բոլոր քաղաքական ակցիաներին: Ընտրություններին իմ մասնակցելով՝ փորձում եմ ներուժս օգտագործել ի նպաստ մեր հայրենիքի»,- «Մեդիալաբին» ասում է Պերճ Ավետիսյանը:

Նա երկու մասնագիտություն ունի՝ սկզբում երաժշտական կրթություն է ստացել, զորակոչվել բանակ, որտեղից վերադառնալուց հետո սկսել է իրավաբանություն ուսումնասիրել: Այժմ, սակայն, ընկերություններից մեկում մենեջեր է: «Դե, կյանքը ստիպեց»,- ասում է նա:

Պատերազմի հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, երբ Հայաստանում ռազմական դրություն է հայտարարվել, Պերճը ծանուցագիր է ստացել, իսկ սեպտեմբերի 29-ին արդեն մեկնել է Արցախ: Նրա խոսքով՝ հենց առաջին օրը իրեն ընկերների հետ ուղարկել են թեժ կետեր:

«Մարտական գործողություններին Մատաղիսում եմ մասնակցել, հենց առաջին գծում: Այնտեղ եղել եմ հոկտեմբերի 2-ից մինչև 22-ը: Մենք եղել ենք 8 հոգով և գրեթե միշտ մարտի ենք բռնվել, բայց դա քիչ տևեց»,- ասում է նա: Պատերազմական գործողություններին իր մասնակցության մասին Պերճ Ավետիսյանը սակավախոս է:

Ասում է՝ 20 օր Մատաղիսի թեժ կետերում պայքարից հետո ինքը և 7 ընկերներն ընկել են ադրբեջանական զինված ուժերի շրջափակման, այնուհետև հայտնվել գերության մեջ:

«Կապ չկար մերոնց հետ, և մերոնք չկարողացան շրջափակումից մեզ հանել: Մեր բոլորիս ցավն էր, որ նրանք չկարողացան գալ մեր հետևից: Բայց ոչինչ, այդ դժվարությունները կանցնեն և կգնան»,- ասում է Պերճ Ավետիսյանը:

Գերեվարման մեջ նա մնացել է 53 օր, դեկտեմբերի 14-ին հայրենադարձվել է Հայաստան: Պերճ Ավետիսյանը գերեվարման ու Ադրբեջանում գերության պայմանների մասին չի ցանկանում խոսել՝ թեման և ցավոտ է, և չէր ուզի իր նկատմամբ խղճահարություն առաջացնել:

«Միշտ այլ պետությունների օրինակներ են բերում, չէ՞, թե նրանք ինչպես են վերաբերվում իրենց զինվորներին… ինչպես են, օրինակ՝ հանում շրջափակումներից և այլն՝ ներկայացնելով մեծ ոգևորությամբ: Ես կուզեմ, որ այդ բարոյական ձգտումը մեր բանակում ևս նկատվի»,- նշում է նա:

Ասում է՝ ամեն պահն այնտեղ տանջալից էր, հետևաբար, գերիների հարցի կամ նրանց՝ Ադրբեջանում երկու ամիս ավելի մնալու մասին ցանկացած նախընտրական շահարկում անընդունելի է:

«Այդպիսի բան լինել չի կարող: Եթե օր առաջ նրանց վերադարձնելու հնարավորություն կա, պետք է օգտագործել այդ հնարավորությունը: Գերությունը հենց միայն հոգեբանական առումով ծանր է: Հնարավոր է քեզ այնտեղ ծեծի չենթարկեն, բայց հոգեբանական առումով բավական մեծ ճնշում կա, որովհետև թշնամու հողում ես գտնվում»,- ասում է Ավետիսյանը:

 Հայրենադարձվելուց հետո Պերճի համար վերականգնողական շրջանը քիչ է տևել. «Երբ ոտքս դրեցի հայրենի հողի վրա, ամեն ինչ անցավ, վերադարձա կյանք»:

Պերճ Ավետիսյանի կարծիքով՝ գործող իշխանությունները վարել են հավակնոտ քաղաքականություն՝ հայտարարելով «Արցախը Հայաստան է և վերջ», ինչն էլ հրահրել է 2020-ի 44-օրյա պատերազմը:

«Դա անթույլատրելի էր: Անկախ ամեն ինչից, եթե գեթ մեկ հնարավորություն կա խուսափել պատերազմի ավերածություններից, ուրեմն այդ հնարավորությունը պետք է օգտագործել՝ անդառնալի հետևանքները կանխելու համար։ Իմ և մեր քաղաքական թիմի նպատակն է՝ ողջախոհության տարրեր բերել քաղաքականության մեջ: Ես շատ եմ հավատում, որ մեր ժողովուրդը այս արհավիրքից հետո կընտրի ողջախոհությունը»,- նշում է նա:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am