Ծանր խաչ Թուրքիայի համար. տեխնիկական խնդի՞ր, թե՞ մարտահրավեր

Ծանր խաչ Թուրքիայի համար. տեխնիկական խնդի՞ր, թե՞ մարտահրավեր
Ծանր խաչ Թուրքիայի համար. տեխնիկական խնդի՞ր, թե՞ մարտահրավեր

Մինչ տուրիստական գործակալությունները շարունակում են գայթակղիչ առաջարկներ ներկայացնել` դեպի Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին մատուցվելիք պատարագը, թուրքական կողմի հայտարարությունը առանց խաչի արարողության մասին շատերին մոլորության մեջ է գցել` չեղյալ հայտարարելով ամրագրումներն ու այցելությունը Արևմտյան Հայաստանի Վանի նահանգ:
Թեև նախապես հայտարարվել էր, որ պատարագի օրը եկեղեցու գմբեթին խաչ կտեղադրվի, սակայն սեպտեմբերի 3-ին թուրքական Dogan գործակալության հաղորդագրության համաձայն` Վանի նահանգապետ Մյունիր Քարաօղլուն Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե տեխնիկական պատճառներով չեն կարող եկեղեցու գմբեթին տեղադրել 200 կիլոգրամ կշռող խաչը, քանի որ այն «շատ ծանր» է:
Թուրքական կողմի հայտարարությունն է´լ ավելի է թեժացրել Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցու շուրջ խոսակցություններն ու պարսավելի դարձրել Թուրքիայի վարած քաղաքականությունը, իսկ եկեղեցում մատուցվելիք պատարագը որակվել է թատերական ներկայացում` հանդուրժողականություն ցույց տալու նպատակով:

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի կարծիքով` թուրքերն աշխարհին դեմոկրատ դիմակի ներքո ներկայանալով` շարունակում են գործել երիտթուրքերի տրամաբանությամբ, իսկ անխաչ եկեղեցում պատարագ մատուցելը նա որակում է որպես թուրքերի կողմից հայերին նետված մարտահրավեր: Նա ասում է, որ երկու ամիս շարունակ թուրքական քարոզչամեքենան լրատվամիջոցներով բարձրաձայնում էր այն միտքը, որ որպես «հանդուրժող» պետություն` լրջագույնս պատրաստվում է Սուրբ Խաչի պատարագին:

«Անգամ նոր նավեր, նոր կառամատույցներ են կառուցվում, բոլոր հարմարությունները ստեղծվում են հայ ուխտավորների համար, որպեսզի նրանք խնդիր չունենան, և այս ամենի համատեքստում ներկայացնել, որ խաչ չտեղադրելը կապված է տեխնիկական խնդիրների հետ, կարծում եմ, բավական անլուրջ է,- ասում է Մելքոնյանը: – Ստացվում է` Թուրքիայի հսկայական պետությունը չի կարողանում բարձրացնել ընդամենը 200 կգ կշռող խաչը»:

«Ծանր խաչի» պատճառաբանությունն օրեր առաջ ստիպեց նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին վերանայել իր ներկայացուցիչների մասնակցությունը սրբազան պատարագին, մինչդեռ որոշ ժամանակ առաջ մասնակցելու որոշում էր ընդունվել Պոլսո Հայոց Պատրիարքարանի խնդրանքով: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին վստահեցրել էին, որ պատարագից մեկ շաբաթ առաջ եկեղեցու գմբեթին մնայուն կերպով պիտի զետեղվեր օծված խաչ, որը տարիներ առաջ Մայր Աթոռն ուղարկել էր Պոլսո Հայոց պատրիարքությանը, պատրիարքարանն էլ վերջերս նվիրել էր Սուրբ Խաչին:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տարակուսանքով և ափսոսանքով տեղեկացավ, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչի տեղադրումը Թուրքիո իշխանությունների կողմից անհիմն պատճառաբանությամբ հետաձգվում է»,- ասված է սեպտեմբերի 5-ին Մայր Աթոռի տարածած հայտարարության մեջ` շեշտելով, թե նկատի առնելով խաչի տեղադրման վերաբերյալ կատարված հավաստիացումների դրժումը` առկախվում է Էջմիածնի ներկայացուցիչների մասնակցությունը պատարագի արարողությանը:

Մինչ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն արդեն իսկ մերժել էր պատարագին մասնակցելու հրավերը` մեկ անգամ ևս շեշտելով, որ Արևմտյան Հայաստանի ու Կիլիկիայի տարածքում գտնվող ավելի քան երկու հազար հայկական վանքերն ու եկեղեցիները Թուրքիայի կողմից կա´մ քանդված են, կա´մ մզկիթի վերածված, կա´մ ախոռ դարձած:

«Այդ բազմաթիվ եկեղեցիներից մեկը զբոսաշրջիկներ հրապուրող, ըստ ձևի` եկեղեցու, բայց ըստ էության` թանգարանի վերածելով, Թուրքիան չի կարող խաբել հայ ժողովրդին»,- ասված էր Մեծի Տանն Կիլիկիո հաղորդագրության մեջ:

1915 թվականից մինչ օրս Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ չի մատուցվել, և շատերի համար աղոթքից ու խնկից զրկված սրբավայրում պատարագին մասնակցելը իսկական տոնից վերածվել է մեծ հիասթափության:

Անխաչ եկեղեցում պատարագին մասնակցելու հեռանկարը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունը 50-ամյա Եվգենյա Մելիքյանին իսկական մոլորության մեջ են գցել:

«Իմ երազանքն էր, ինձ թվում էր, եթե չգնամ` կմեռնեմ, բայց հիմա ամեն ինչ փոխվել է: Մեկ տարվա հավաքածս փողով եմ գնել այս տոմսը ու հիմա շատ եմ ափսոսում»,- «Մեդիալաբին» ասում է Մելիքյանը, որը մեկ ամիս առաջ հոգացել է Աղթամարի Սուրբ Խաչ այցելելու իր ճանապարհորդությունը:

Ռեժիսոր Ներսես Հայկազյանը շատ է զայրանում` լսելով սեպտեմբերի 19-ը բոյկոտելու կոչերը: «95 տարի էդ եկեղեցին որբ երեխու պես սպասել ա, որ հիմա մենք ասենք` ինչ ա գլխիդ գլխարկ չկա` քեզ չե՞նք ճանաչում»:

Նա ասում է, որ պետությունը կամ անկախ հովանավորները պետք է գումար հատկացնեին աղքատ, հավատացյալ խավին, ուսանողությանը. «Այնքան հայ պետք է գնար, որ տեղ չմնար կղզում, շրջակայքում, հյուրանոցներում: Պիտի վրաններով գնայինք: Պատարագի ժամանակ եկեղեցուց դուրս հազարներով չոքեինք ու աղոթեինք: Սա էլ ի պատասխան թուրքական շոուի, որ տեսներ ամբողջ աշխարհը, թե ինչքա~ն ենք սպասել էս օրվան»: Ներսեսը չի մասնակցելու սրբազան պատարագին`աշխատանքի ծանրաբեռնվածության պատճառով:

«Ի՞նչ պատարագ առանց եկեղեցու գմբեթի խաչի ու, ընդհանրապես, ի՞նչ եկեղեցի առանց խաչի… Խե~ղճ Սուրբ Խաչ, խե~ղճ: Տեսնես` թուրքերը գիտե՞ն, թե թարգմանաբար ի´նչ է նշանակում «Սուրբ Խաչ»,- «Մեդիալաբին» ասում է արվեստագետ Սիրանուշ Ներսիսյանը և հարցնում, թե արդյոք որևէ մուսուլման կգնա՞ր աղոթելու թանգարան դարձած ու առանց մինարեթի մզկիթում, և ինքն էլ պատասխանում`ո´չ:

Արփի Մաղաքյան

© Medialab.am