Երևանում Արցախի անկախությունը ճանաչելու կոչով ավտոերթ է կազմակերպվել

Երևանի «Հրազդան» մարզադաշտի մոտից անցկացվել է «Ճանաչել Արցախը» կոչով ավտոերթ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  Արցախի անկախության ճանաչման կոչով երթը շարունակվել է դեպի Իսակովի պողոտա, Գարեգին Նժդեհի հրապարակ, Արշակունյաց, Խանջյան փողոցներով, այնուհետև դեպի Ազատության պողոտա, Կոմիտասի, Բաղրամյան, Սայաթ֊ Նովայի պողոտաներ, Աբովյան, Թումանյան փողոցներ, Մաշտոցի պողոտա, Երևանի քաղաքապետարանի տարածքից դեպի հրապարակ:

«Ավտոերթի նպատակն է դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան Արցախի դեմ: Գլխավոր ուղերձը, որ հղում ենք աշխարհի երկրներին, Արցախի ճանաչումն է»,- ասաց ակցիայի կազմակերպիչներից մեկը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման փաստեր:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։

Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում բովանդակային բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,-նշվել է հայտարարության մեջ։