Արցախում նախատեսվում է նոր բնակավայրի կառուցում, որի համար կկիրառվի Մարտակերտի քարհանքից արդյունահանվելիք որմնաքարի զգալի մասը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի նախագահի խորհրդական, պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի անվան «Ապագա սերունդներ» հիմնադրամի կառավարիչ Սամվել Ոսկանյանը: Ծրագիրն իրականացնում է հիմնադրամը՝ Ռուսաստանի հայերի միության հետ համագործակցությամբ:
«Բնակավայրի տեղի, տների նախագծերի վերաբերյալ ակտիվորեն համագործակցում ենք պատկան մարմինների հետ: Ժամկետների առումով, դեռ վաղ է խոսել, քանի որ ամեն ինչ չէ, որ մեզնով է պայմանավորված, բայց աշխատանքները մեկնարկելու են քարհանքի գործարկումից շատ չանցած, հավանաբար գարնանը: Չնայած բավականին գործ արդեն իսկ արված է, սակայն մինչև վերջնական որոշումների կայացումը չէի ուզի ավելին խոսել այս մասին»,-մանրամասնեց Ոսկանյանը:
Անդրադառնալով Արցախի վերահսկողության տակ գտնվող տարածում գտնվող քարհանքերի շահագործման հարցին՝ հիմնադրամի կառավարիչը տեղեկացրեց, որ ներկայում նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում Մարտակերտի կրաքարի հանքավայրում, որտեղ շուտով կմեկնարկեն որմնաքարի (կուբիկի) արդյունահանման աշխատանքները:
«Քանի որ մինչև պատերազմն Արցախում որմնաքար արտադրող երկու կազմակերպություններին ընդերքօգտագործման իրավունքով պատկանող՝ Տիգրանակերտի և Վարանդայի գործող հանքավայրերը մնացել են թշնամու կողմից օկուպացված տարածքներում, այս հանքավայրի գործարկումը կենսական ենք համարում մեր պետության համար: Ներկա փուլում Մարտակերտի հանքավայրում ավարտին են հասցվում ենթակառուցվածքների՝ մուտքային ճանապարհների և էլեկտրականության անցկացումը, ինչպես նաև սահմանված կարգով ձևակերպվում են անհրաժեշտ փաստաթղթերը: Արդեն իսկ ձեռք ենք բերել քարի արդյունահանման համար անհրաժեշտ ժամանակակից սարքավորում և տեխնիկա: Այս հարցում մեր կազմակերպության հիմնադրի` պրոֆեսոր Գաբրիելյանցի նախաձեռնությամբ, մեզ հետ համագործակցում է Ռուսաստանի հայերի միությունը»,-ասաց Ոսկանյանը՝ կարևորելով նաև այդ աշխատանքներում պատկան պետական գերատեսչությունների կողմից ցուցաբերվող զգալի օժանդակությունը:
Արցախի զգալի թվով քարի հանքավայրեր մնացել են օկուպացված տարածքներում, որոնցից ամենանշանակալիները՝ Վարանդայի և Տիգրանակերտի կրաքարի, ինչպես նաև Հադրութի Գաբրոդիաբազի, Վազգենաշենի սպիտակ մարմարացված կրաքարի, Արևսարի մարմարի հանքավայրերն են:
Մանրամասները՝ այստեղ