Վարդան Սրմաքեշ․ Գյումրիում խոստացված 10 մլն դոլար ներդրումային ծրագրի հետքերով. fip.am

Դեռևս 2015 թվականին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գյումրի կատարած այցի ընթացքում տեղեկացրել էր, որ Շիրակի մարզի տնտեսական զարգացման նպատակով շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշը հատկացնելու է 10 մլն դոլար։ 

«Նա (Սրմաքեշը- խմբ․), ևս մեկ անգամ դրսևորելով իր հայրենասիրությունը, առաջարկել է 10 մլն դոլար ներդնել՝ Գյումրիում մի կառույց ստեղծելու համար, որը կֆինանսավորի բոլոր այն տնտեսական ծրագրերը, որոնք կներկայացնի Շիրակի մարզի բնակչությունը։ Դա կնպաստի Շիրակի մարզի տնտեսական ակտիվացմանն  ու աշխատատեղերի ստեղծմանը: Առաջարկվել է նաև, որ ևս 20 տոկոսի ներդրում ունենա ՀՀ կառավարությունը: Այսպիսով, ևս 2 մլն դոլարի մասնակցություն կունենա ՀՀ կառավարությունը»,- հայտարարել էր Աբրահամյանը՝ հավելելով, որ ընդհանուր 12 մլն դոլար ներդրումով կփորձեն ֆինանսավորել այն ծրագրերը, որոնք կառաջարկվեն Շիրակի մարզի գործարար աշխարհի կողմից։ 

Իր հերթին, Վարդան Սրմաքեշը հայտարարել էր, որ առաջնային ֆինանսավորում կստանան մարզի համար կարևոր ծրագրերը. «Դա նախ գյուղատնտեսությունն է, որն անչափ կարևոր է մարզի համար, ապա նաև թեթև արտադրությունը: Երևանից հետո ներդրում իրականցրել եմ Արցախում, հիմա արդեն Շիրակում․ սա նորմալ գործընթաց է»։ 

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե ինչպիսի՞ արդյունք ունեցավ խոստացված ներդրումային ծրագիրը և որքանո՞վ նպաստեց Շիրակի մարզի տնտեսական ակտիվությանն ու զարգացմանը։

Ներդրումային ծրագրի ճակատագիրը

Շիրակի մարզպետարանից, մեր հարցմանն ի պատասխան, հայտնեցին, որ մարզում խոստացված ներդրումային ծրագիրը կյանքի չի կոչվել։ 

Մարզպետարանից, սակայն, նշում են, որ նույն 2015 թվականի հոկտեմբերին գործարարի կողմից հիմնվել էր «Սասստեքս» կարի ֆաբրիկան, որը նախատեսում էր սկզբնական շրջանում 300, ապա մինչև 1000 մարդու ապահովել աշխատանքով։ Այդ նպատակով 2016 թ․ փետրվարին կառավարության որոշմամբ նախկին մարզային հիվանդանոցի շենքն ու հարակից տարածքները 1 մլն դրամի դիմաց հանձնվել էին «Սասստեքս» ընկերությանը՝ պարտավորեցնելով մեկ տարվա ընթացքում կատարել մոտ 2․3 մլն դոլարի ներդրում։ 

2018 թ․ վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ բացված ֆաբրիկան այդ պահին ուներ ընդամենը 150 աշխատող։ Հետագայում՝ 2019 թ․ մայիսին, «Սասստեքսը» հայտնվեց մամուլի ու հանրության ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ աշխատողները բարձրաձայնեցին, որ ֆաբրիկայի ղեկավարության կողմից «շահագործվում են, կիսատ են վճարում ու անմարդկային աշխատանքային պայմաններում են աշխատում»։

Մարզպետարանից հայտնեցին նաև, որ այս պահին ֆաբրիկայում աշխատանքներ չեն իրականացվում։ Այն փակ է եղել նաև ձմռանը։

Նոր խոստումներ

2019 թ. օգոստոսին Վարդան Սրմաքեշի ստեղծած հիմնադրամի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի միջև ստորագրվել է հուշագիր՝ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի համար նոր ծննդատան մասնաշենք կառուցելու վերաբերյալ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել նաև Արսեն Թորոսյանը։

Ինչպես հայտնում են Շիրակի մարզպետարանից, հիմնադրամի կողմից մարզում նման ծրագիր չի իրականացվել։

Ո՞վ է Վարդան Սրմաքեշը

Շվեյցարահայ գործարար և բարերար Վարդան Սրմաքեշը «Ֆրանկ Մյուլլեր» ապրանքանիշի սեփականատերն է։ Հանդիսանում է «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի սեփականատերը, Հայաստանում բազմաթիվ ծրագրեր ու նախագծեր իրականացնելու պատրաստակամություն է հայտնել, որոնց մի մասը, ինչպես տեսնում ենք, չի իրականացվել, որոշներն էլ ընթացքի մեջ են, ինչպես, օրինակ, «Հին Երևան» ծրագիրը։ 2018 թվականին Սրմաքեշը գործընկերոջ հետ հայտնել էր «Կառուցիր Հայաստան» նախաձեռնության մեկնարկի մասին, որի «առաքելությունն էր հայրենիքի ճանապարհը բռնած հային զինել անհրաժեշտ տեղեկատվությամբ», սակայն ինչպես տեղեկանում ենք «Կառուցիր Հայաստանի» ֆեյսբուքյան պաշտոնական էջից, 2018-ից հետո նախաձեռնությունը գործունեություն չի իրականացրել։ 2019-ին Մարալիկում հիմնել է բամբակամանվածքային գործարան և այլն։ 

fip.am

Սևադա Ղազարյան