«ՀԱՊԿ-ի պատասխանում մի շատ դրական բան կա՝ Հայաստանն արդեն ազատ է իր քայլերի մեջ». Ստեփան Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը

-Պարո՜ն Գրիգորյան, Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ամիսներ անց ՀԱՊԿ-ը պատասխանել է Հայաստանի դիմումին: Կառույցի գլխավոր քարտուղար Զասը հայտարարել է, որ Հայաստանի հարավում սահմանային իրավիճակի սրումը չի մտնում ՀԱՊԿ-ի կանոնադրության դրույթների տակ, քանի որ այնտեղ զոհեր չկան, կրակոցներ չկան, միայն սահմանային միջադեպ է, որը պետք է լուծել խաղաղ ճանապարհով: Ինչպե՞ս եք սա գնահատում, և ինչու՞ ամիսներ անց նոր արձագանքեցին, սպասում էին ընտրությունների ավարտի՞ն:
 

-Ես չեմ կարող դիվանագիտական լեզվով բացատրել, թե դա ինչ է նշանակում, բայց ժողովրդի լեզվով կարող եմ ասել, որ մեզ պարզապես ձեռ առան:

Պարզ է, որ սա միջսահմանային միջադեպ չէ, սա հարձակում է Հայաստանի տարածքի վրա, երկու ուղղությամբ 2-3 կմ խորացել են մեր տարածք: Սա Հայաստանի տարածքային ամբողջականության խախտում է, ինչը ուղղակիորեն մտնում է ՀԱՊԿ-ի լիազորությունների, պարտավորությունների մեջ:

Ու այդ պատասխանից միայն մեկ եզրակացություն կարող ես անել, որ մեզ այդ կազմակերպությունում ձեռ են առնում: Ես հիմա չեմ կարող բացատրություններ տալ քաղաքագիտական կամ դիվանագիտական տերմիններով, ուղղակի հերթական անգամ ձեռ են առնում, ու մենք լռում ենք:
 

Զասը նշում է, որ այս հարցը քննարկել են և այն ժամանակ Հայաստանի ԱԳ նախարարի հետ, և պաշտպանության նախարարի հետ, որից հետո այս հայտարարությունն են տարածել: Հայաստանը հիմա պե՞տք է այս կառույցից ձեռքերը լվանա՝ հաշվի առնելով, որ ՀԱՊԿ-ը հրաժարվում է իր բոլոր պարտավորություններից:
 

Ես չեմ համարում, որ մենք պետք է ՀԱՊԿ-ից դուրս գանք, ինչ-որ քայլեր անենք: Ոչ մի բան չպետք է անենք, դա չգործող կառույց է, և պետք է հանգիստ թողնել այդ կառույցը:

Բայց մի շատ դրական բան կա այստեղ. Հայաստանն ի պաշտոնե հանձնառու չէ իր գործունեության մեջ, իր անվտանգությունն ապահովելու համար հիմա Հայաստանն ազատ է:
 
Նախկինում խնդիրներ կարող էին լինել, ասենք՝ մենք վաղը դիմում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ կամ Ֆրանսիային՝ ռազմական աջակցություն ստանալու համար:

Այս քայլերը ճիշտ են, բայց եթե մինչև ՀԱՊԿ-ի այս հայտարարությունը մենք այդպիսի բան անեինք, մեզ կարող էին ասել՝ չհասկացանք, դուք ՀԱՊԿ-ի անդամ եք, դուք պարտավորություն ունեք ՀԱՊԿ-ի անդամ երկրներին տեղյակ պահելու, կարող էին մեզ մուննաթով ինչ-որ բաներ ասել, իսկ այս հայտարարությունից հետո ի պաշտոնե Հայաստանը միջազգային նորմերի համաձայն ազատ է գործելու այնպես, ինչպես ճիշտ է համարում:
 
Օրինակ՝ նույն Ռուսաստանը կարող էր մեզ ասել՝ չհասկացանք, ինչո՞ւ մեզ չեք դիմում, ինչո՞ւ ՀԱՊԿ-ին չեք դիմում, և նա ճիշտ կլիներ, որովհետև ՀԱՊԿ-ի կանոնադրությամբ մենք էլ ունենք պարտավորություններ՝ տեղյակ պահել, հարցը բարձրացնել, պահանջել, որ իրար օգնենք: Այս վերջին պատասխանից հետո մենք ազատ ենք, ու դա շատ դրական է:

Մեզ պետք չէ ՀԱՊԿ-ից դուրս գալ, բայց մենք իրավաբանորեն ազատ ենք մեր գործողությունների մեջ: Մենք իրավաբանորեն, միջազգայնորեն ազատ ենք դիմելու և՛ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբին, և՛ առանձին երկրների՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային, որպեսզի մեզ աջակցեն մեր անվտանգությունն ապահովելու հարցում:

Այսինքն՝ որևէ կաշկանդող բան այլևս մեր առջև չկա՞:

-Այո՛: Տեսեք, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից չորսը տեղի ունեցածը Հայաստանի տարածքային ամբողջականության խախտում են համարել: Այդ մասին բաց հայտարարեցին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները և Չինաստանը: Բոլորը դա որակեցին որպես հարձակում մեր տարածքային ամբողջականության դեմ: Այդ գնահատականները շատ հստակ էին, որ Ադրբեջանի զորքերը հատել են Հայաստանի սահմանը:

Դրան, ըստ էության, պատասխանեց ՀԱՊԿ-ը, որ, ո՛չ, չեն հատել, և ստացվում է այնպես, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից չորսը համարում են, որ դա Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված սադրանք է կամ հարձակում է, բացառությամբ այն անվտանգության համակարգի, որում դու ես գտնվում:

Այս լուրը համընկավ մեկ այլ լուրի հետ, ըստ որի՝ ԵՄ-ն Հայաստանին 1,5 մլրդ եվրոյի գումար է հատկացնում հինգ ծրագիր իրականացնելու նպատակով: Այս ամենը հաշվի առնելով՝ Հայաստանը պե՞տք է վերանայի իր արտաքին քաղաքականությունը, առնվազն դիվերսիֆիկացնի այն։

Ժողովուրդը կամ պետությունը, որը չի հասկանում, թե ով է իր բարեկամը և ով իր բարեկամը չէ, ապագա չունի: Սա վերաբերում է ցանկացած պետության և ցանկացած ժողովրդի:

Մանե Հարությունյան

MediaLab.am