Տիկնիկային թատրոնը հյուրընկալել է իրենց բնակավայրերից ժամանակավորապես հեռու գտնվող երեխաներին

Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կրթամշակութային հաստատությունները պարբերաբար կազմակերպում են բովանդակային տարբեր ծրագրեր իրենց բնակավայրերից ժամանակավորապես հեռու գտնվող երեխաների ժամանցն ապահովելու համար:

Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը նույնպես հյուրընկալել է Արցախից Հայաստան եկած փոքրիկների, որոնք թատրոնում դիտել են Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթի բեմադրությունը:

Ներկայացումը երեխաների հետ դիտել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

«Այսօր դուք եք մեր հյուրը, մյուս անգամ էլ մենք կհյուրընկալվենք ձեզ, որովհետև մենք միշտ միասին ենք: Մենք ձեզ շատ ենք սիրում և չենք պատկերացնում մեր կյանքն առանց ձեզ՝ հրաշալի, սիրուն, խելացի բալիկներ»,- երեխաներին ջերմորեն դիմել է թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը և հավելել՝ խաղաղության հաստատումից անմիջապես հետո Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնն առաջինը կայցելի նրանց՝ նոր ներկայացմամբ:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից ահաբեկչական խմբավորումների վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման փաստեր: