Երևանի Արաբկիր վարչական շրջանից ընդդիմության երթի մասնակիցները մի պահ կանգ առան Հայաստանի Ազգային ժողովի մոտ։
«Երեք տարի առաջ Ազգային ժողովի դարպասները բացել էին ու ասում էին՝ այլևս Հայաստանում փակ դրապասներ չեն լինելու։ Հիմա նայեք այս դարպասներին, վերջին ամիսների ընթացքում երկու-երեք անգամ ամրացրել են։ Սա է այս իշխանության դիմագիծը․ բոլոր բաց դռները փակել են ու շարունակում են ճաղերի հետևից նայել հասարակությանը», -հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով, խորհրդարանի մեծամասնության պատգամավորները չեն գիտակցում ստեղծված իրավիճակի լրջությունը։ «Մեկ անգամ ևս հորդորում ենք՝ խելքի եկեք, կանգնեք ժողովրդի կողքը և մի դարձեք այդ դավաճանի հենարանը», -հայտարարեց նա։
Այս հայտարարությունից հետո երթի մանսակիցները շարժվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ։ Երթի ընթացքում Բաղրամյան պողոտան ամբողջությամբ փակ է երթևեկության համար։