Ռազմավարական դաշնակիցն ու անվտանգության երաշխավորը. Ըստ մասնագետների, Ռուսաստանի հանդեպ տրամադրությունը փոխվել է

Ռազմավարական դաշնակիցն ու անվտանգության երաշխավորը. Ըստ մասնագետների, Ռուսաստանի հանդեպ տրամադրությունը փոխվել է
Ռազմավարական դաշնակիցն ու անվտանգության երաշխավորը. Ըստ մասնագետների, Ռուսաստանի հանդեպ տրամադրությունը փոխվել է

Երբ պատմության մեջ առաջին անգամ,  «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի ժամանակ՝ Ռուսաստանի ներկայացուցչին Հայաստանը բաժին հանեց 12 առավելագույնից ընդամենը 2 միավոր, շատերը ոչ միայն երույթից չզարմացան, ավելին արդարացին համարեցին նման որոշումը:

Եթե մինչեւ ապրիլյան քառօրյա պատերազմը Ռուսաստանը Հայաստանի բազմաթիվ բնակիչների համար ռազմավարական դաշնակից էր՝ անվտանգության երաշխավորի իմիջով, ապա վերջին զարգացումները ամբողջովին փոխեցին իրավիճակը:

Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին, երբ հանրությունն ականատես եղավ նրան, որ Ռուսաստանի՝ Ադրբեջանին վաճառված զենքով զոհվեցին հայ զինվորներ, հասարակական տրամադրություները Հայաստանում կտրում փոփոխություն ապրեցին:

Այդ փոփոխության մասին խոսում է նաեւ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ նշելով, որ Հայաստանում ոչ հօգուտ Ռուսաստանի տրամադրություն է փոխվել:

«Փոփոխությունը նկատելի է, բայց թե որքանով է արմատական, դա հարցականի տակ է: Լուրջ ուսումնասիրություններ պետք է արվեն, հնարավոր է մակերեսային են այդ երևույթները: Խորքային պետք է իմանալ, թե որ շերտի վրա է դա ազդել, ինչ կարծիք են ունեցել, ինչու են ունեցել»,- «Մեդիալաբին» ասում է Ահարոնյանը:

Ահարոն Ադրբեկյանը կասկածում է, թե այս տրամադրությունները խորքային են:

«Եթե վաղը Ռուսաստանը մեզ զենք տվեց, տրամադրությունն ինչ կլինի՞, պարզ է, որ կփոխվի: Պետք է վերլուծություն արվի, որպեսզի կարողանանք իմանալ, թե այդ հակառուսական ձայների հետևում ինչ խաղեր են, ինչ են ներկայացնում, որպեսզի կարողանանք գնահատել: Ընդհանուր կարող ենք ասել, որ իրոք, վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ մի քիչ տատանվել է: Ընդ որում, վերաբերմունքի փոփոխությունը նկատելի է ոչ միայն շարքային քաղաքացիների, այլ նաև երկրի ռազմավարական հարցերով զբաղվողների մոտ»,- ասում է նա:

Միաժամանակ սոցիոլոգը նշում է, որ չպետք է մոռանալ՝ արտագնա աշխատանքի պատճառով Հայաստանի ընտանիքների մի մասը դրամական միջոցներ են ստանում Ռուսաստանից, հետևաբար նրանք դժվար կարողանան դեմարշ անել ՌԴ նկատմամբ:

Իսկ ընդհանրապես, նմանօրինակ իրավիճակներում չհայտնվելու համար սոցիոլոգը խորհուրդ է տալիս հասունանալ:

«Մենք պետք է հասունանանք, հասկանանք, որ քաղաքականությունն ու բարոյականությունը տարբեր հարթությունների մեջ են, ընկերական ու ախպերական հարաբերություններն ու քաղաքականությունը չի կարելի շփոթել: Մենք միշտ պետք է հստակեցնենք՝ ինչ է նշանակում ընտրել ռազմավարական գործընկեր: Ամենակարևորը, երբ որ նման պայմանագրեր են ստորագրում, պետք է բոլոր հնարավոր իրադարձությունները նախօրոք կանխատեսել»,- ասում է Ադիբեկյանը:

Հոգեբան Կարինե Նալչաջյանը նույնպես Ռուսաստանի հանդեպ հասարակական տրամադրությունների փոփոխություն է նկատում:  Նա նշում է, որ երկու շրջադարձային իրադարձություններ հանգեցրեցին այս վիճակին՝ մեկը նախորդ տարեսկզբին Գյումրիում ռուս զինծառայողի կողմից Ավետիսյանների ընտանիքի սպանությունն էր, իսկ մյուսը այս տարվա ապրիլի քառօրյա պատերազմը:

«Մարդիկ, չգիտես ինչու, սպասում էին, որ Ռուսաստանը պետք է գար, կանգներ մեր կողքին, կռվեր մեր թշնամու դեմ: Բայց այդպես չեղավ»,- «Մեդիալաբին» ասում է Նալչաջյանը:

Հոգեբանի խոսքով՝ չպետք է ծայրահեղությունների մեջ ընկնել, քաղաքական գործընթացները սառը դատողություն պահանջող հարցեր են, որոնք ամենից քիչ են սիրում զգացմունքայնություն:

«Զգացմունքայնությունը և քաղաքականությունը, ռազմական ոլորտը, դիվանգիտությունը դրանք պետք է տարանջատված լինեն: Ուզում եմ ինձ ճիշտ հասկանաք, ես հոգեբան եմ, հույզերն ու զգացմունքները երբեք ավելորդ չեմ համարում, ավելին, չկա միտք, որը պարուրված չլինի հույզերով ու զգացմունքայնությամբ, բայց նման լուրջ ու միջպետական հարաբերություններում զգացմունքներով առաջնորդվելը՝ մենք իրար կամ սիրում ենք, կամ չենք սիրում, ակնկալում ես, որ ինչ-որ մեկը խելակորույս վրա է հասնելու ու քո կողքին է կանգնելու, սխալ է: Ոչ Արևմուտքն է այդպիսին լինելու, ոչ Ռուսաստանը»,- ասում է Նալչաջյանը:

Նրա խոսքով՝ եթե կշեռքի նժարին ենք դնում ու վերլուծում իրավիճակը, տեսնում ենք, որ Ռուսաստանի և Հայաստանի շահերի համընկնումը շատ ավելի աչքի զարնող է, քան Արևմուտքի հետ մեր հարաբերությունները: Բայց սա չի նշանակում, որ մենք պետք է սիրահարվենք Ռուսաստանին, իսկ հետո սիրահարվածի նման հիասթափություններ ունենանք:

«Մենք պետք է հասկանանք, որ այդ երկիրն էլ իր շահերից ելնելով է գործում: Իրար նվիրվում են ծնողերն ու զավակները, իրար շատ սիրող մարդիկ, կինը և տղամարդը, մարդը կարող է իր հայրենիքին նվիրված լինի, բայց դաշնակցի հետ պետք է լոյալ ու ազնիվ հարաբերություններ ունենալ»,- ասում է Նալչաջյանը:

Հոգեբանի խոսքով՝ չի բացառվում, որ նաև գրագետ ու ճիշտ քարոզչության հետևանք է հասարակության տրամադրությունների փոփոխությունը:

«Ճիշտ քարոզչություն տանելու համար պետք է ճշմարտության հատիկ լինի դրանում, օդից ոչինչ անել հնարավոր չէ: Մենք շատ լուրջ ու իրական դժգոհություն ունենք Ռուսաստանից, թեկուզ հենց զենքի վաճառքի հետ կապված: Ես դա արադարացի դժգոհություն եմ համարում: Իսկապես վատ է, որ դաշնակիցն այդպիսի բան է անում: Այս ֆոնին այն քարոզիչները, որոնց հանձնարարություն է տրված հակառուսական տրամադրություններն ուժեղացնել, իրենք միանգամից բռնում են այդ իրականությունից, ուռճացնում են, միակողմանի ներկայացնում, մարդիկ էլ մտածում են՝ ճիշտ է, այս ինչ դաշնակից է, բա դաշնակիցը թշնամուն զենք կտա՞: Իրականություն կա դրա մեջ, բայց մենք պետք է հասկանանք, որ մեր միակ դաշանակիցը մենք ենք»,- ասաց Կարինե Նալչաջյանը:

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հասարակության վերաբերմունքի փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ մարդիկ ուղղակի հասկացան, թե ինչ է տեղի ունեցել:

«Նախկինում կար կույր հավատ, և պրոպագանդան ուղղակի սպանել էր Հայաստանի հասարակության առողջ բանակությունը: Մենք մեր բարեկամների հետ հարաբերություններում ճիշտ ախտորոշում կատարելու առումով ադեկվատությունը կորցրել էինք: Իրականում դրանք վաղուց արդեն խաթարված էին, իրականում վաղուց պետք է նկատեինք, որ նրանք մեր անվտանգության խնդիրներով զգայուն չեն, որ ճիշտ հակառակը, մեր անվտանգության հաշվին Ռուսաստանը պատրաստ է նույնիսկ սակարկել մեր թշնամու հետ»,- «Մեդիալաբին» ասում է Սաֆարյանը:

Ըստ վերլուծաբանի՝ մենք այս խնդիրն արհամարհում էինք, ներկայացնում էինք այնպես, որ Ռուսաստանը մեծ տերություն է, իր հարաբերությունները չի կառուցի Հայաստանի անվտանգության խնդիրների հաշվին: Բայց ճիշտ հակառակում համոզվեցինք, որ այդ երկիրը հենց մեր անվտանգության խնդիրների հաշվին է կառուցում իր հարաբերություններն Ադրբեջանի հետ:

«Հասարակությունը սա հասկացավ: Եվ, բնականաբար, այժմ որևէ պարտավորություն չունենք, և որևէ սիմպատիա չի կարող վայելել ռուսական գործոնը»,- ասում է Սաֆարյանը:

Էմմա Մանուկյան

© MediaLab.am