«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Լիդյա Մանթաշյանի պաշտպան Տաթևիկ Սողոյանը
– Տիկի՛ն Սողոյան, «Սրբազան պայքարի» գործով անցնող միակ կին մեղադրյալ Լիդյա Մանթաշյանն արդեն հինգ ամիս է, ինչ կալանքի տակ է, երեկ էլ դատարանը երկարաձգեց նրա կալանքը երեք ամսով՝ որպես խափանման միջոց: Ի՞նչ հիմքերով ու ի՞նչ պայմաններում է կալանքի տակ պահվում Լիդյա Մանթաշյանը:
– Լիդյան պահվում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում՝ ընդհանուր կալանավորների համար նախատեսված խցում՝ առանց տեսակցությունների հնարավորության, բացառությամբ մերձավոր ազգականների և պաշտպանների: Հինգ ամսվա ընթացքում նա բացի իր քույրիկից, ինձանից ու պարոն Գենջյանից ուրիշ ոչ ոքի չի տեսել: Փաստացի չունի տեխնիկական որևէ հասանելիություն, միայն հեռուստացույց է կարողանում նայել, այն էլ՝ հերթով, ամեն մեկն ըստ իր նախասիրությունների, շատ կցկտուր պատկերացում ունի երկրում կատարվողի վերաբերյալ: Մեղադրանքն ավելի քան ծիծաղելի ու զարհուրհելի է՝ ահաբեկչության նախապատրաստության մեղադրանք, որի շինծու լինելու, կեղծված ապացույցներով հանրությանը հրամցնելու վերաբերյալ երկրորդ կարծիք չի կարող լինել:
Այդ ամենը փաստաթղթավորված ու ներկայացված է միջազգային բոլոր կառույցներին: Շատ էժան ու պրոպագանդիստական քայլով նոր տերմինով որակեցին այս «գործը», որպեսզի այս մարդկանց վարկաբեկեն, բայց Լիդյայի պարագայում պատկերն էլ ավելի զարհուրելի է, որովհետև եթե, օրինակ, այդ միֆը, որ հյուսել են ահաբեկչություն նախապատրաստելու վերաբերյալ ու այստեղից- այնտեղից կցկտուր ու հորինած գաղտնալսումներով, այդ ամենի մեջ որևէ տեղ Լիդյայի անունը նույնիսկ չի էլ հիշատակվում:
Եթե համեմատում ենք գործով անցնող այլ մարդկանց հետ, որոնց կալանքը փոխվել է, այդ մարդկանց անունը, եթե այսպես կոչված ապացուցողական բազայում հանդիպում է, օրինակ՝ 70-80 անգամ, ապա Լիդյայի անունը հանդիպում է երևի 2-3 տեղ: Մեկը՝ երբ Մովսես Շարբաթյանի հետ գաղտնալսում կա, որում գունավոր ծուխ են փորձարկում. Լիդյան ասում է՝ արի տեսնենք, թե այդ ծուխը քանի՞ վայրկյան կպահի, ու այդ նոթատետրի գրառումներն են, որոնք վերաբերել են անցած տարի տեղի ունեցած, ավարտված խաղաղ հավաքներին, և այդ տխրահռչակ ու ծաղրի արժանացած ժողովրդական անցման պլանն է, որ Լիդյան համացանցից տպել է:
Այս երեք «անփոխարինելի ապացույցն» է, որ դրված է Լիդյայի մեղադրանքի հիմքում: Երեկ պարզ դարձավ, որ կալանքի հիմքում այս երեք հիմքից մնացել է մեկը՝ թե ինքը կարող է խոչընդոտել վարույթի քննությունը, բայց մարդ էլ չկա, որ Լիդյայի դեմ ցուցմունք է տվել, ինչի՛ն պետք է խոչընդոտի ինքը: Ո՛չ հոդաբաշխ բացատրություն կամ հիմնավորում է տրվել կալանքին, ո՛չ՝ անհոդաբաշխ:
Դատախազները կանգնեցին ասացին՝ այն նույն հիմքերը, որոնք հաստատված էինք համարել, հիմա էլ ենք համարում, որ կան, բայց ի՛նչ հիմք են հաստատել, ես պատասխանատու ձևով ասում եմ, որ բնության մեջ գոյություն չունի: Սա ոչ թե քաղբանտարկյալի, այլ՝ խղճի բանտարկյալի ամենադասական օրինակն է:
– Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ է կոնկրետ Լիդյայի նկատմամբ նման վերաբերմունք դրսևորում դատարանը:
– Անկեղծ, մենք էլ ենք դժվարանում հասկանալ, թե ինչո՞ւ հենց Լիդյան. նա իր ելույթում երեկ էլ ակնարկեց, որ դա կարող է պայմանավորված լինել պաշտոնյաներից մեկի հետ կապված այն բացահայտումով, որը շատ մեծ աղմուկ է բարձրացրել, ու որը ցավեցրել է որոշակի պաշտոնյաների, ու այդ բացահայտման համար Լիդյայից վրեժ են լուծում:
Սա մեկ պատճառ կարող է լինել, բայց ես մտածում եմ նաև, որ այս կերպ նաև փորձում են լրացուցիչ Բագրատ Սրբազանին ու այնտեղ գտնվող մյուս բոլորին ցավեցնել, որովհետև քանիցս այդ դատական նիստերի դահլիճում հնչել է տղամարդկանց կողմից, որ իրենց համար ամոթ է, որ իրենք ազատության մեջ լինեն, իսկ Լիդյան՝ կալանավորված, միջնորդել են, որ իրենց կալանավորեն, Լիդյային ազատ արձակեն: Սրանով սա յուրահատուկ ծաղր է քաղաքական գործունեություն իրականացնող մարդկանց հանդեպ ու ահաբեկում է կանանց, որ կանայք վախից ակտիվություն չդրսևորեն: Ցույց են տալիս, որ իրենց համար չկան կարմիր գծեր այս հարթությունում ևս:
– Տիկի՛ն Սողոյան, Բագրատ Սրբազանի հետ ի՞նչ կապ կա, որ ասում եք՝ գուցե Սրբազանին ցավեցնելու համար են Լիդյայի հետ նման ձևով վարվում:
– Լիդյան ծնունդով Դիլիջանից է ու շուրջ տասնհինգ տարի ճանաչում է Սրբազանին: Վերջին տարիներին աշխատում էր Տավուշի թեմում ու Սրբազանի ամենահավատարիմ մարդկանցից մեկն էր, որ այս պայքարի մեջ ներգրավված է եղել ու միշտ էլ՝ նույնիսկ իր խցում մեզ հետ հանդիպումների ժամանակ էլ Սրբազանն ասել է, որ իր անհանգստությունը, իր միակ ցավոտ ու թույլ տեղը Լիդյան է: Հնարավոր է, որ հենց այդ թույլ տեղին հարվածելու համար էլ այդ խոշտանգումը տեղի է ունենում:
– Իսկ ի՞նչ բացահայտման մասին ասացիք՝ ինչ-որ պաշտոնյայի հետ կապված:
– Պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հետ կապված միջադեպը՝ կապված «Չեմ վստահում» ակցիայի հետ:
– Ի՞նչ եք պատրաստվում անել:
– Բնականաբար մարդու իրավունքների կոպիտ խախտման ու ոտնահարման դեպք է, ու այս ամեն ինչը փաստագրվում, ներկայացվում է բոլոր իրավասու մարմիններին, եթե մինչ այս, ես էլի եմ ասել այս մասին, չեմ փորձել Լիդյային առանձնացնել, որքան էլ նա իմ վստահորդն է եղել, բայց ես համարել եմ, որ Լիդյային առանձնացնելը կնշանակի, որ ընդունում ենք, որ մեղավոր են, բայց քանի որ Լիդյան կին է, եկեք առանձնացնենք: Ես ի սկզբանե եմ հրաժարվել այս մոտեցումից, որովհետև վստահ եմ, որ այս գործում մեղավոր մարդ չկա: Բայց այն խտրականությունը, որ երեկ տեսանք Լիդյայի նկատմամբ, արդեն հնարավորություն է տալիս խոսելու նաև այդ խտրական ու ցինիկ վերաբերմունքի մասին:
– Ի՞նչ ակնկալիքներ ունեք գործի ընթացքի մասով:
– Հույս միշտ կա, բայց ես արդեն հրաժարվում եմ որևէ բան ասել, անելու ենք ամեն ինչ, բնականաբար, Վերաքննիչ դատարան ենք դիմելու, ամենը, ինչ իրավական դաշտում է, մենք չենք հրաժարվում իրականացնել, նույնիսկ նրա առաջին կալանքը հիմա քննվում է Վճռաբեկ դատարանում, կսպասենք տեսնենք, թե ինչ է լինում, բայց մենք հասկանում ենք, որ թերևս Լիդյա Մանթաշյանը Նոր տարին դիմավորելու է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում՝ իր ընտանիքից, իր մորից հեռու:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















