«Սա պատերազմ է չերևացող թշնամու՝ կորոնավիրուսի դեմ, եւ ինչ-որ խումբ մարդիկ կոնկրետ այդ թշնամու կողմն են անցել». Հայկ Գեւորգյան

Լուսանկարը՝ Հետք-ի

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը

– Պարո՛ն Գևորգյան, որքանո՞վ է հավանական, որ Կառավարությունն առաջիկայում դարձյալ կարող է խիստ սահմանափակումներ սահմանել, և ի՞նչ հետևանքներ կլինեն տնտեսությունում։

– Կարանտինը ցանկացած դեպքում էլ ավելի մեծ վնասներ կհասցնի տնտեսությանը։ Բայց եթե առողջապահական նկատառումներից ելնելով նման անհրաժեշտություն առաջանա, ապա դա պետք է արվի։ Այսինքն՝ առաջնային է առողջությունը, ոչ թե տնտեսությունը, եթե դա դնում ենք նժարների վրա։

Բայց ես հույս ունեմ, որ գիտակցելով դա՝ հանրությունը խստորեն կպահպանի առողջապահական ցուցումները, որոնք շատ պարզ են։ Եվ կարելի է հասնել նրան, որ տնտեսության աշխատանքին զուգահեռ նվազագույնի հասցվի առողջապահական ռիսկը։

– Իսկ քննարկվո՞ւմ է նման հարց Կառավարությունում, որ առաջիկայում սահմանափակումները դարձյալ խստացվեն։

– Դա արդեն որոշում են թվերով։ Կառավարությունը պետք է վիճակագրությունը հստակ ուսումնասիրի։ Եվ եթե հասկանան, որ կարանտինը կարող է այս բռնկումը կանխել, ես չէի ուզենա այդ ճանապարհով գնային, բայց այլ տարբերակ չկա, այդ կարանտինը պետք է միանշանակ մտցվի։

– Կառավարության անդամները օրը մի քանի անգամ հորդորում են հետևել անվտանգության պահպանման պարզ կանոններին։ Ինչո՞ւ մարդիկ դրանք խստությամբ չեն պահպանում։

– Շատ վատ են պահպանում այդ կանոնները։ Ինքնապաշտպանական ռեֆլեքսը մեզ մոտ չի աշխատում։ Եվ ես դրանում ամենաշատը մեղադրում եմ այս թեմայի շուրջ տարբեր պնդումներ ու հեքիաթներ տարածողներին։ Դա ապատեղեկատվություն էլ չէ, գուցե քրեական հետևանքներ պետք է լինեն՝ միտումնավոր կեղծ տեղեկություններ տարածելու համար։

Տարբեր կեղծ տեղեկություններ են շրջանառվում այսօր՝ չիպավորում, որ նման հարուցիչ չկա ընդհանրապես։ Իմ կարծիքով՝ կարելի է արդեն մտածել այդ տեղեկություններ տարածելը քրեականացնելու մասին, որովհետև դա մոլորության մեջ է գցում հանրությանը։

– «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները կարո՞ղ են նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ առաջիկայում։

– Ես ունեմ այն կարծիքը, որ առնվազն այդ հարցը պետք է քննարկել, որովհետև այն, ինչ կատարվում է, աբսուրդ է։ Այդ ստերն ու ֆեյք նյուզը նաև քաղաքական նկատառումներով է տարածվում։

– Դա ազդեցություն ունենո՞ւմ է մարդկանց ենթագիտակցության վրա։

– Միանշանակ այո։ Մենք շատ ենք ասում, որ սա պատերազմ է չերևացող թշնամու դեմ, ինչպիսին կորոնավիրուսն է։ Եվ ինչ-որ խումբ մարդիկ կոնկրետ այդ թշնամու կողմն են անցել։

Նրանք քաղաքական ստերին գումարել են նաև տեղեկությունները, թե «նոր իշխանություններն անօրինական բիզնեսների մեջ են մտել, և կորոնավիրուս չկա, չիպավորում են»։ Ակնհայտ է, որ մեկ թիմ է աշխատում՝ կոնկրետ պետության դեմ ու հասարակության անվտանգությանը սպառնալիք է ստեղծում։

– Եթե անդրադառնանք տնտեսության խնդիրներին, գաղտնիք չէ, որ շատ տնտեսավարողներ ու նաև շարքային մարդիկ հայտնվել են ֆինանսական լուրջ խնդիրների առջև։ Կառավարությունը դարձյալ աջակցության ծրագրեր կիրականացնի՞, որովհետև այս ամենի վերջը կարծես չի երևում։

– Ես կարծում եմ՝ Կառավարության հնարավորությունները չպետք է գերագնահատել։ Եթե մենք գոնե մեծ մասամբ պահպանենք այն ցուցումները, որոնք տրված են, և նվազագույնի հասցնենք կարանտին մտցնելու անհրաժեշտությունը, կարծում եմ՝ Կառավարությունը կկարողանա այդ ճանապարհով գնալ։ Չէ՞ որ այդ աջակցությունը ֆինանսավորում է տնտեսությունը։

Աջակցությունը ֆինանսավորելն էլ է դժվարանում, մենք պետք է պարտքեր վերցնենք, մեր սերունդների հաշվին այդ ամենը կլինի։ Հետևաբար, շատ լավ կլինի, եթե հասարակության գիտակցությունն այնուամենայնիվ բարձրանա։

Այս տարվա համար Կառավարությունը 2 տոկոս տնտեսական անկում է կանխատեսում։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ հնարավո՞ր է՝ անկումն ավելի մեծ լինի։

– Այո՛։ Եթե նորից անհրաժեշտություն առաջացավ կարանտին սահմանել ու կանգեցնել տնտեսությունը, բնականաբար, դա բացասաբար է ազդելու տնտեսության ցուցանիշների սպասումների վրա, որոնք, իմ կարծիքով՝ այնքան էլ վատ չեն այս պահին։

Եթե կարանտին չմտցվի, տնտեսությունն անվտանգության կանոնները պահպանելով՝ շարունակի աշխատել, մենք շատ արագ դուրս կգանք այս իրավիճակից։ Բայց եթե կարիք լինի վարակը կանխելու համար կարանտին մտցնելու, ուրեմն պետք է մտցնել, և այստեղ տնտեսությունը մի քիչ երկրորդական է արդեն։

Ռոզա Հովհաննիսյան

Medialab.am