Սույն ակնարկը գրելուց առաջ ծանոթացել եմ ՀՀ գլխավոր երեսփոխան Սիմոնյանի նյութի թե՛ մոնտաժված, թե՛ ամբողջական տարբերակին։ Զուտ մեկ բանի համար՝ որպեսզի ազնիվ լինեմ գրչիս հանդեպ։
Այնքան ազնիվ, որքան ազնիվ է թիվ մեկ երեսփոխանն իր խոսքում։ Նախ փորձենք հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ։ Տարածվեց մի տեսանյութ, որում Ալեն Սիմոնյանը պնդում է․ «Ես համարում եմ, որ էդ գերիները էլ չկան, իմ համար չկան»։ Ի՞նչ կարող էր սա նշանակել։ Խոսքը տեսանյութի տարածման մասին է, ոչ թե Սիմոնյանի խոսքի։ Սիմոնյանի խոսքին դեռ կանդրադառնանք։
Ինչու՞ տարածվեց տեսանյութը
Առաջին միտքը, որ գալիս է միջին վիճակագրական մարդու մտքին, այն է, որ Ալեն Սիմոնյանն անկեղծացել է, ինչ-որ մեկը դա ձայնագրել է, հետո այն դարձել է հանրության սեփականություն։ Իսկ ինչպես հայտնի է՝ քաղաքականությունը նաև գաղտնիության արվեստ է։ Այս դեպքում տեղի է ունեցել վանդալիզմի ակտ։
Սակայն ունեմ իմ երկու տարբերակները։ Առաջին տարբերակում կարծում եմ, որ նյութը տարածվել է հենց իշխանական թիմից։ Սիմոնյանի հակառակորդների կողմից։ Էլ ի՛նչ իշխանություն, որ ներսում իրար չուտեն իշխանության համար։
Իսկ երկրորդ տարբերակով կարծում եմ, որ իշխանությունը գերիների հարցը ոտքին է քցել, ինչպես ասվում է արդի հայերենում, և դա պետք է ինչ-որ կերպ հրամցներ հանրությանը։ Այս տարբերակի օգտին է խոսում թեկուզ այն, որ կարճ տեսանյութից անմիջապես հետո տարածվում է երկար տեսանյութը, որում արտիստիկ տվյալներով օժտված թիվ մեկ երեսփոխանը նաև պուպուշ բաներ է ասում։
Եթե իմ այս ասած երրորդ տարբերակն է, ուրեմն մոռանում ենք Ալեն Սիմոնյանի հրաժարականի մասին։ Նա ասել է այն, ինչ կասեին իշխանության շատ ներկայացուցիչներ, բայց չէին համարձակվի։ Իսկ Փաշինյանին դեռ պետք է ամենասև գործերն անող մարդը։
Անկախ որևէ տարբերակից, Սիմոնյանը պետք է գնա։ Թեկուզ հենց նրա համար, որ գերիների վերադարձի շուրջ բանակցող երկրորդ-երրորդ դեմքն է, իսկ խորհրդարանական դիվանագիտության մակարդակում՝ առաջին։ Հենց այն բանի համար, որ Ալեն Սիմոնյանի համար մարդը արժեք չէ։ Քաղաքացին արժեք չէ։
Ո՞վ է մարդը
Այս վերջին մտքի շուրջ երկար-բարակ կարող ենք բանավիճել, թե որն է կարևոր՝ մա՞րդը, թե՞ հայրենիքը, պետությունը։ Այս բանավեճում անելիք չունեմ, քանի որ պետության հիմքում ընկած է մարդը, իսկ հայրենիքը սահմանում է այդ նույն մարդը։
Հեղափոխությունը Հայաստանում արվել էր նաև, որովհետև մարդը, քաղաքացին արժևորված չէին։ Արվել էր, որովհետև մարդն ուզում էր մարդավարի ապրել, արվել էր, որովհետև մարդու արժանապատվությունն էր վիրավորված։
Երբ ես ծաղրում եմ «Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ» արտահայտությունը, ունեմ դրա հիմքերը։ Բայց միայն ծաղրում եմ, քանի որ այլ բան անելն ավելի կոպիտ կլիներ, զի ինձ համար բացված են այդ մտքի բոլոր քստմնելի շերտերը։
Ինչի՞ համար է իշխանությունը
Հույն-պարսկական պատերազմներից մեկի ժամանակ, երբ պարսիկները մոտեցել էին Աթենքին, հույների առաջնորդը հրահանգեց աթենացիներին տեղափոխել Սալամին կղզի։ Զարմացածներին նա պատասխանեց, որ հայրենիքը քաղաքացին է։ Մի բան, որը հասկացել էին 2500 տարի առաջ Հին Հունաստանում, բայց չեն հասկացել 21-րդ դարի լուսավոր Հայաստանում, է՜հ, ներեցեք՝ «ապագա ունեցող Հայաստանում»։ Ալեն Սիմոնյանը հարցադրումներ է անում, թե ինչի համար է զինվորը։ Հետո միայն իրեն ու յուր առաջնորդին բնորոշ տրամախոսությամբ հանգում կուռ եզրակացության։
Այդ դեպքում հարց է առաջանում։ Ինչի՞ համար է հեղափոխությամբ եկած իշխանությունը։ Որ սիրամարգի փքվածությամբ, բայց ոչ գեղեցկությամբ պաշտպանության նախկին նախարարը գրգռի քեզ մի քանի անգամ գերազանցող թշնամո՞ւն։
Որ պատերազմի անպատրաստ երկիրը տանես պատերազմի, շուրջ 4000 լուսավոր մարդ զոհես, որ երկիրը սարքես առանց սահմանի բառդակխանա (ով երբ ուզի մտնի), որ պատերազմի ժամանակ ում խելքին ինչ փչի՝ անի, իսկ «առաջնորդն» էլ ֆիդայապետություն խաղա, որ տասնյակ հազարավոր ճակատագրեր խեղես։
Որ Հայաստան պետությունը սարքես օբյե՞կտ։ Որ ուսուցչի գիտելիքը կասկածի տակ դնես, երկու կոպեկ աշխատավարձ ավելացնելու համար բոլոր քավարաններով անցկացնես, պետության հույսին մնացած հիվանդի փողը տարվա կեսին կտրես, բայց փոխարենն ավելացնես երեսփոխանների բուֆետի փողը ու մտածես օրվա հակահերոսի նոր BMW-ի մասին։
Երբ այս ամենը մարսում ես, ապա կարող ես շատ անկեղծ լինել ու գերիներին մեղադրել դասալքության համար։ Ես չեմ կարող որևէ մեկին մեղադրել դասալիք լինելու կամ վախենալու համար։ Վախը մարդկային առաջնային բնազդն է, մոր կուրծքը ծծելուն զուգահեռ։
Վախը կենսական է։ Չի կարող մեղադրել նաև Ալեն Սիմոնյանը, որովհետև ինչպես ես, այնպես էլ նա, զենք չենք վերցրել ու մեկնել առաջնագիծ։ Չնայած նրա առաջնորդը նաև իրենց էր հորդորել ջոկատներ կազմել։ Բայց, ի տարբերություն նրա, ես որոշ հարցերում դեռ ունեմ բարոյականություն։
Ընդհանրապես, պատերազմի ժամանակ վախենալն ամոթ չէ, հրետանու կարկուտից վախենալն ամոթ չէ, ԱԹՍ-ների հարվածների տակ չերևացող թշնամուց վախենալն ամոթ չէ։ Չստացվի, որ արդարացնում եմ դասալքությունը։ Բնավ ո՛չ։ Պարզապես մենք չենք այն մարդիկ, որ ինչ-որ բանում պետք է մեղադրենք գերի ընկածներին կամ նրանց գնահատականներ տանք։
Ալեն Սիմոնյանը պետք է գնա։ Եթե այս իշխանությունն ունի արժանապատվության վերջին նշույլը, ապա նա այլևս չպետք է ներկայացնի ո՛չ Հայաստանը, ո՛չ այն քաղաքացիներին, որոնք քվեարկել են իշխանության օգտին։
Վահրամ Թոքմաջյան
MediaLab.am