Մաքենիսում կկառուցվի խմելու ջրատարի արտաքին ցանց

Գեղարքունիքի մարզի Մաքենիս համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի խմելու ջրատարի արտաքին ցանց՝ շուրջ 1,5 կիլոմետր երկարությամբ: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 13 միլիոն դրամ, որի 70 տոկոսը կամ 9 միլիոն 100 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 3 միլիոն 900 հազար դրամը՝ Մաքենիսի համայնքապետարանը:

Մաքենիս համայնքի ղեկավար Ռադիկ Ավետիսյանի տեղեկացմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում: «Համայնքի խմելու ջրատարի արտաքին ցանցը կառուցվել է շուրջ 60 տարվա վաղեմությամբ: Այն արդեն քայքայված է եւ մեծ դժվարությամբ է ծառայում իր նպատակներին:

Այս ծրագրով կհիմնանորոգվի արտաքին ցանցի 1,5 կիլոմետրանոց հատվածը, իսկ ցանցն ամբողջովին նորացնելու համար մենք պետք է կառուցենք եւս երեք կիլոմետր երկարության ջրատար, որը կընդգրկենք արդեն եկող տարվա ծրագրում»,-ներկայացրեց հասմայնքի ղեկավարը: