Եթե ինչ-որ մեկը Հայկ Մարությանին տեսանյութից հանել է, դա ամոթալի է. Տիգրան Ավինյան

Էրեբունի վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ Երևանի ավագանու ընտրությունների «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի արած հայտարարությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում Հայկ Մարությանը գրել էր, որ ՔՊ կուսակցության վարչության նախագահի տեղակալը համացանցում տարածել է իրենցից գողացած նախընտրական հոլովակը: Բացի այդ, Մարությանը նշել էր, որ կադրերից մեկում ԵՄ-ի ներկայացուցիչների հետ պայմանագրի ստորագրման արարողության ժամանակ ջնջել են իրեն, իր խոսքը փոխարինել են ուրիշի խոսքի հետ։ Նախկին քաղաքապետն իր խոսքերը հավաստիացնող լուսանկար էր հրապարակել։

Այս թեմայի հետ կապված պատասխանելով լրագրողի հարցին՝ Տիգրան Ավինյանը նշեց, որ եթե ինչ-որ մեկը Հայկ Մարությանին տեսանյութից հանել է, դա ամոթալի է:

«Կարծում եմ, որ Վահագն Ալեքսանյանը որևէ մեկին որևէ տեսանյութից չի հանել։ Անձամբ ամոթալի բան է, որևէ մեկնաբանություն չունեմ։ Մյուս կողմից՝ այն ինչ իրականացրել է կառավարությունը, այն ինչ իրականացրել է Երևանի ավագանին, այն ինչ նախաձեռնել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նաև (կներեք անհամեստության համար) վերագրել միայն մի հոգո՞ւ, երբ որ իրականացրել է մի ամբողջ քաղաքական թիմ։

Կառավարությունն է այդ վարկի պատասխանատուն, կառավարությունն է այսօր այդ վարկը մարում, նախաձեռնել է իմ գրասենյակը: Առհասարակ, որևէ խոշոր ծրագիր մեկ մարդը չի կարող անել, դա պետք է անի քաղաքական թիմը»,- ասաց Ավինյանը: