Բարձրագույն դատական խորհրդի անդամության թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը հայտնեց, որ փիլիսոփայորեն է վերաբերվում իր թեկնածության քվեարկությանը Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների չմասնակցելու որոշմանը:
«Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին Ջհանգիրյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
«Վերաբերվում եմ փիլիսոփայորեն: Ես երկու ընդդիմադիր խմբակցությունների, անկախ պատգամավորների հետ հանդիպել եմ, հանդիպումներն ու քննարկումներն անցել են շատ ջերմ, բարեկամական մթնոլորտում»,- ասաց Ջհանգիրյանը:
ԲԴԽ անդամի պաշտոնում Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունն առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը: «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հայտնել են, որ չեն մասնակցելու քվեարկությանը: