Եթե Տիգրանաշենը տալիս ենք Ադրբեջանին, ճանապարհ չենք ունենում դեպի Իրան, Սյունիք, Վայոց ձոր և Արցախ. Ռուբեն Գալիչյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է աշխարհագրագետ և քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալիչյանը

– «29.800 քառակուսի կիլոմետրի մեջ անկլավները նույնպես մտնում են, դրա մեջ մտնում է նաև Արծվաշենը: 86.600-ի մեջ այդ հաշվարկներով մտնում են նաև անկլավները»,- նման հայտարարություն արել է Նիկոլ Փաշինյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ։ 

Պարո՛ն Գալիչյան, մեր նախորդ զրույցի ժամանակ դուք ասացիք, որ «անկլավներն» անօրինական են։ Այդ համատեքստում խնդրում եմ ձեր դիտարկումը Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ հայտարարության վերաբերյալ։

– Իմ մեկնաբանությունն այն է, որ Ադրբեջանն «անկլավ» չի կարող պահանջել, քանի որ դա հակասում է իր Սահմանադրությանը։ Ադրբեջանի Սահմանադրությունն ասում է, որ Ադրբեջանը է 1918-20 թվականների մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդն է ու Խորհրդային Ադրբեջանը չի ընդունում։ Հետևաբար, «անկլավները», որ տրվել են 36-39 թվականներին, Ադրբեջանը չի կարող պահանջել, քանի որ դա հակասում է իր Սահմանադրությանը։ 

– Բայց եթե Հայաստանի Հանրապետության ղեկավարը հայտարարում է, որ «անկլավները»․․․

– Կներեք, բայց այդ ղեկավարից փորձեք հարցնել, ես չեմ կարող դրան պատասխանել։

– Չնայած ասում եք, որ Ադրբեջանի նման պահանջը հակասում է իր իսկ Մայր օրենքին, սակայն ստացվում է, որ Ադրբեջանը պահանջում է այդ «անկլավները»։

– Ադրբեջանը թող շատ բան պահանջի։ Ադրբեջանն ասում է նաև, որ Հայաստանը Արևմտյան Ադրբեջան է, հետո՞։

– Բայց ՀՀ գործող իշխանությունը, ի տարբերություն ձեզ, չի ասում, որ Ադրբեջանի պահանջը հակասահմանադրական է, որ «անկլավներ» պահանջելու իրավունք չունի։ Այս պարագայում ի՞նչ սպասել։

– Եթե գործող իշխանություններն այսպես են մտածում, այդ ժամանակ պետք է Ադրբեջանին հանձնվենք ամբողջությամբ։

– Իսկ Արծվաշենի վերադարձն ի՞նչ կարևորություն ունի Հայաստանի համար, պարո՛ն Գալիչյան։

– Արծվաշենը ստրատեգիական այնքան անկարևոր վայրում է գտնվում, որ դրա լինել-չլինելը մեզ համար այնքան էլ էական չէ։ Ավելի էականն այն է, որ եթե Տիգրանաշենը տալիս ենք Ադրբեջանին, այդ ժամանակ մենք ճանապարհ չենք ունենում դեպի Իրան, Սյունիք, Վայոց ձոր և Արցախ։ Ճանապարհը կփակվի, քանի որ «անկլավը» նստած է Հայաստանի մայրուղու վրա։

– Այսինքն՝ «անկլավների» հանձնումը Հայաստանի համար անվտանգային սպառնալի՞ք է դառնալու։

– Իհարկե, հնարավոր չէ նման բանի համաձայնել։ Այդ դեպքում Ադրբեջանին ենք հանձնելու Տիգրանաշենը, Բարխուդարլուն ու Աքսիպարան (Ներքին Ոսկեպար), այս երեքն են, որ տրվել են Ադրբեջանին անհայտ ու ոչ իրավական պատճառներով։

– Նիկոլ Փաշինյանը նշեց, որ «սա քաղաքական դիրքորոշում է, բայց հարցի իրավական մասը դեռ պետք է դիտարկել ու նայել։ Սահմանագծի հետ կապված հստակ ասում է, թե, օրինակ՝ ինչ տարբերակներ կան, անկլավների հետ կապված տարբերակները մի քանիսն են»։ Ադրբեջանը կկարողանա՞ իրավական մասով ապացուցել, որ այդ տարածքների հանձնումն իրեն օրինական է։

– Եթե «անկլավ» է պահանջում, պետք է փաստաթուղթ ներկայացնի, թե ե՛րբ է տրվել այդ «անկլավն» իրեն, ո՛ւմ որոշումով, նման փաստաթուղթ գոյություն չունի։

– Իսկ Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ հայտարարությունը կարո՞ղ է օգնել Ադրբեջանին, օրինակ՝ Ադրբեջանն ասի՝ դե, հայկական կողմն ինքն է ասում, որ այդ քառակուսի կիլոմետրերի մեջ մտնում են «անկլավներ», որոնք պետք է վերադարձվեն։

– Եթե հայկական կողմն ընդունում է՝ թող բացատրություն տա՝ ինչպե՞ս է տրվում այդ «անկլավը»։ Եթե այդ «անկլավը» տանք Ադրբեջանին, մենք մի մեծ ճանապարհ ունենք դրա դիմաց․ «անկլավը» շրջափակենք ու չթողնենք ոչինչ ոչ ներս մտնի ու ոչ դուրս գա, եթե այնտեղ էլ մարդ է ապրում՝ պետք է սովամահ լինի, քանի որ շրջապատված է Հայաստանով, ու մենք չենք թողնի ոչ ոք ներս մտնի այդտեղ, ինչպես այսօր Ադրբեջանն է անում Արցախի հետ։ Այդ «անկլավը» գտնվում է մեր տարածքում ու կարող ենք շրջափակել այն։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am