Նույնիսկ ԽՍՀՄ օրենքների համաձայն՝ «անկլավներ» Ադրբեջանին տալու ոչ մի փաստ գոյություն չունի, «անկլավները» ապօրինի են. Ռուբեն Գալիչյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է աշխարհագրագետ և քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալիչյանը

– Պարո՛ն Գալիչյան, Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ «Հայաստանի Հանրապետությունը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում է, որ Ադրբեջանը նույնը կանի՝ Հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետություն»։ Եթե Ադրբեջանը համաձայնի նրան, ինչ ասում է Նիկոլ Փաշինյանը, արդյունքում ի՞նչ ենք ունենալու, ու արդյոք Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը ենթադրո՞ւմ է Արցախի Հանրապետությունը ճանաչել Ադրբեջանի մաս։

– Չեմ կարծում, թե դա որևէ բան է ենթադրում այդ տեսանկյունից, քանի որ Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի տարածքի ներսում գտնվող երկրամասի խնդիր է, որտեղի ժողովուրդն ուզում է առանձնանալ, անկախանալ, դա արտաքին սահմանների հետ գործ չունի։ 

Եթե մենք ճանաչենք Ադրբեջանի արտաքին սահմանները, ապա Լեռնային Ղարաբաղն ընդհանրապես մտած է դրանց մեջ, այս պատճառով էլ եթե մենք ճանաչում ենք Ադրբեջանի սահմանները, հետևաբար գիտենք, որ Լեռնային Ղարաբաղը նրա ներսում է ու ներքին խնդիր ունի Ադրբեջանի հետ։ 

1991-ին Ալմա Աթայում ընդունեցին հենց այդ 29.800 քառակուսի կիլոմետր կոչվող տարածքը, հետևաբար սա փաստ է, որը տեղի է ունեցել ժամանակին։ Ընդունել են նաև խորհրդային օրերին՝ 1969-ին, 70 թվականներին, երկկողմ ստորագրելով այդ ռուսական շտաբի քարտեզները, որը նշում է հենց այն սահմանները, որոնք եղել են նաև 1991-ին։ 

Այնպես որ, սրանք փաստեր են, ու Ադրբեջանն էլ բազմիցս ասել է, թե իրենք խնդիր չունեն այս փաստը ճանաչելու հարցում, բայց եթե Ադրբեջանը ճանաչում է այդ սահմանները, ապա պետք է իր բոլոր ուժերը քաշի Հայաստանի ինքնիշխան տարածքից՝ Սև լիճ, Ճամբարակ, Ջերմուկ, Իշխանասար և այլն, բոլոր տարածքները պետք է վերադարձնի Հայաստանին, հետո մենք կարող ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, մինչ այդ հնարավոր չէ խոսել։ Երբ թշնամին քո հողում է, ի՞նչ խաղաղություն կարող է լինել։ 

– Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի հիշատակած ԽՍՀՄ կողմից հաստատված քարտեզները ենթադրում են, որ Ադրբեջանը պետք է դո՞ւրս գա Հայաստանի օկուպացրած բոլոր տարածքներից։

– Այո՛, անպայման։ 

– Արցախի մասով ճի՞շտ հասկացա, որ այդ քարտեզներով որպես արտաքին սահման․․․

– Արցախը դրանց մեջ չի մտնում որպես արտաքին սահման, Արցախինը Ադրբեջանի ներքին սահման է, էդ գիծը, որ Սյունիքի արևելքով անցնում է մեր սահմանը, դրա արևելյան կողմն Ադրբեջան է, Արցախն էլ ընկած է Ադրբեջանի տարածքի մեջ, ներսի՝ ներքին բաժանում է դա։ 

Դա նման է նրան, որ Ադրբեջանը պահանջ դնի, օրինակ՝ Երևանի հարցերը ինքը որոշի, բայց եթե Երևանի բնակչությունը որոշում է անկախանալ, դա իր ու Հայաստանի խնդիրն է, Ադրբեջանի հետ կապ չունի։ Ադրբեջանը ճանաչել է մեր արտաքին սահմանը, եթե ճանաչել է։ 

– Պարո՛ն Գալիչյան, որպեսզի տարակարծություններ չմնան, այսինքն՝ եթե ճանաչվում է այդ արտաքին սահմանը, Արցախը մնում է Ադրբեջանի ներսո՞ւմ։

– Ներսում է մնում, այո՛, ու արդեն առաջ է գալիս հարցը, որ այդ տարածքի ժողովուրդն ուզում է անկախանալ ու անկախացել է 1991 թվականին իր հանրաքվեով, բայց այդ անկախությանը ոչ ոք չի անդրադառնում։ 

– Եթե անդրադառնան այդ փաստին, ինչ-որ բան կփոխվի՞։

– Ես չգիտեմ, Ադրբեջանը կարող է պատճառաբանել, որ պարոն Քոչարյանը հետո չեղյալ համարեց այդ հանրաքվեն, բայց պարոն Քոչարյանն իրավունք չուներ չեղյալ համարելու ուրիշ երկրի հանրաքվեն, նա այդ ժամանակ Հայաստանի նախագահն էր։

– Վերոնշյալ քարտեզներով քննարկումից դո՞ւրս են մնում Ադրբեջանի կողմից այդքան շահարկվող «անկլավները», պարո՛ն Գալիչյան։

– «Անկլավները» ապօրինի են, այսինքն՝ նույնիսկ Խորհրդային Միության օրենքների համաձայն՝ «անկլավներ» Ադրբեջանին տալու ոչ մի փաստ գոյություն չունի։ Թող Ադրբեջանը փաստ բերի, որ դրանք իրենն են, այդ «անկլավները» մեր երկրի ներքին տարածքում են, եթե ուրիշը պահանջ է դնում՝ ասելով, որ դա իրենն է, ապա ինքը պետք է փաստեր ներկայացնի, որ դա իսկապես իրենցն է, ոչ թե մենք փաստ բերենք, որ մերն է։ Ադրբեջանն ավել-պակաս խոսում է՝ իրականությունից հեռու բաներ ասելով։

– Հաշվի առնելով հատկապես Ադրբեջանի վերջին երեք տարվա քաղաքականությունը՝ կարծում եք կհամաձայնի՞ այդ քարտեզներով ճանաչել ՀՀ սահմանները։

– Միայն այն դեպքում, եթե ճնշումներ գործադրվեն, Ռուսաստանը պետք է ճնշի Ադրբեջանին, բայց Ադրբեջանը դրանից ավելի չի անելու։ Շատ դժվար կլինի Ադրբեջանին համոզել՝ ընդունելու 91-ի սահմաններն ու իր զորքերը հետ քաշելու իր սահմանները։ 

Ինքը նոր քարտեզներ է գծել ու դրանցով է մեզ սահման ցույց տալիս, բայց դա իր սարքած կեղծ քարտեզներն են, իսկ իր կողմից ստորագրված, վավերացված քարտեզը լրիվ ուրիշ բան է ասում։ Ռուսաստանն է գծել այդ քարտեզը, ինքն էլ պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որ նա ճանաչի դրանք։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am