Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը և մասնագետները տեսահանդիպում են ունեցել Վրաստանի գործընկերների հետ

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը և ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները տեսահանդիպում են ունեցել Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գործընկերների հետ:

Երկու երկրների մասնագետները ներկայացրել են կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակը, վիճակագրական վերջին տվյալները, կիսվել լավագույն փորձով, ոլորտի նորություններով, խոսել COVID-19-ի կանխարգելիչ միջոցառումների, կատարված հետազոտությունների և բուժման գործընթացի վերաբերյալ:

Լենա Նանուշյանը ողջունել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում նման առցանց հանդիպումներ կազմակերպելու անհրաժեշտությունը` ընդգծելով երկու երկրների միջև համագործակցության կարևորությունը:

«Ուրախ եմ կրկին հանդիպելու. վերջին շրջանում բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել թե՛ ամբողջ աշխարհում և թե՛ մեր երկրներում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված: Վստահ եմ, որ մեր մասնագետների ձեռք բերած փորձը, համատեղ աշխատանքը հնարավորություն կտան հաղթահարելու համավարակը»,- ասել է Լենա Նանուշյանը: Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել` շարունակելու նմանատիպ հանդիպումները: